Դատավոր Ռուբեն Ներսիսյանի որոշմամբ՝ Թեհմինա Վարդանյանի հաշիվների վրա արգելանք է դրվել

Դատավոր Ռուբեն Ներսիսյանի որոշմամբ՝ Թեհմինա Վարդանյանի հաշիվների վրա արգելանք է դրվել

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի եւ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի ջուրը շարունակում է մի առվով չհոսել։ Ավագանու անդամին դատի է տվել Սարգսյանը՝ զրպարտության համար։ Բանն այն է, որ դատական հայցի առիթ է հանդիսացել ավագանու վերջին նիստին քաղաքապետին ուղղված Վարդանյանի հարցադրումը տվյալ պոլիկլինիկայում առկա խնդիրների վերաբերյալ, որի ընթացքում կարծիք է հայտնել, որ Սամվել Սարգսյանն «աննախադեպ կոռուպցիոներ» է և շարունակում է ղեկավարել համայնքապատկան պոլիկլինիկան։

Մենք տեղեկացանք, որ Սարգսյանի միջնորդությամբ դատարանն արգելանք է դրել ավագանու անդամի գույքի վրա՝ 3 մլն դրամի չափով, ինչի հետևանքով բոլոր բանկային հաշիվները սառեցվել են, և խնդիրներ են առաջացել ֆինանսական պարտավորությունների կատարման հարցում։ Նման որոշում է կայացրել դատավոր Ռուբեն Ներսիսյանը։ Թեհմինա Վարդանյանն այդ քայլը գնահատում է որպես ճնշում կատարելու փորձ ավագանու անդամի գործունեության նկատմամբ, իսկ դատարանի որոշումը՝ այդչափ մեծ արգելանք սահմանելու վերաբերյալ, համարում է չհիմնավորված և վիճարկելի։ Նշենք, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տարիներ շարունակ պոլիկլինիկայի բուժաշխատողների աշխատավարձերից կատարվել են պահումներ՝ 10 000-20 000 ՀՀ դրամի սահմաններում: Բացի այդ, պարզվել է նաև, որ մտացածին անձանց անուններով կատարվել են «մամոգրաֆիա» հետազոտության համար վճարումներ՝ 10 000 դրամի չափով, այն դեպքում, երբ նշված սարքն ընդհանրապես չի աշխատել, չի շահագործվել: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։