Պահանջում են Արամ Սիմոնյանի հեռացումը

Պահանջում են Արամ Սիմոնյանի հեռացումը
Արամ Սիմոնյան

Ուսանողական քաղաքացիական ճակատը հանդիպում է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի հետ, քննարկել են մի շարք հարցեր։

Իրենց տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Ուսանողական-քաղաքացիական ճակատի ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին այն բոլոր պահանջները և հարակից հարցեր, որոնք ՈւՔՃ անդամներին մտահոգում են։ Ինչպես դիմում-բաց նամակում տեղեկացրել էինք՝ առաջնային ենք համարում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հեռացումը, որը կարող է անել հոգաբարձուների խորհուրդը՝ անվստահություն հայտնելով Ա.Սիմոնյանին, որի վերաբերյալ պարոն Մուրադյանը հստակ պատասխան չտվեց, բայց միևնույն ժամանակ վստահեցրեց, որ փաստերի առկայության դեպքում նա պատրաստ է հոգաբարձուների խորհրդի նիստում ներառել այդ հարցը և այս պահին խորհուրդը դիտարկում է իրականացնում ԵՊՀ-ում ՊՎԾ-ի կողմից իրականացված ուսումնասիրությայան արդյունքները։

Ուսանողական-քաղաքացիական ճակատը իր հերթին ընգծեց, որ ներկա ռեկտորի կառավարման տարիներին Մայր բուհը վերածվել է հանրապետական կուսակցության համար գործիքի՝ ուսանողներին կառավարելու նպատակով, իսկ ՀԽ նախագահը վստահեցրեց, որ այլևս թույլ չի տա, որ բուհը ծառայի որևէ իշխանության կամ կուսակցության։ ՈւՔՃ-ն բարձրաձայնեց նաև ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը. Պարոն Մուրադյանն ասաց, որ համալսարանում կան նման էլի կառույցներ, որոնք ձևական բնույթ են կրում և այդ հարցով կզբաղվեն։ Մեր կողմից պահանջ դրվեց նաև ուսանողական խորհրդի նոր ընտրություններ անցկացնելու մասով և գործող ոչ լեգալ ՈւԽ-ին գույքից զրկելու հարցով, որին նույնպես կցկտուր պատասխան տրվեց պարոն Մուրադյանի կողմից, նա միայն ասաց, որ ԿԳՆ-ն ուսանողական խորհուրդների ընտրության նոր կարգ է մշակում և կլինեն ՈւԽ նոր ընտրություններ։ Ուսանողական-քաղաքացիական ճակատի ներկայացուցիչները կարևորելով կրթության որակը, իրենց մտահոգությունը հայտնեցին ՀԽ նախագահին, որ ուսանողներին չի տրվում վարձավճարներին համապատասխան որակյալ կրթություն։

Պարոն Մուրադյանը նշեց, որ համալսարանում բացակայում է պրակտիկան, որ կրթության արդյունավետության համար չափազանց կարևոր է։ Ինչպես նաև մեր այն հարցին, որ ուսանող֊ԵՊՀ ղեկավարություն կապը թույլ է, պարոն Մուրադյանը ասաց, որ այդտեղ թույլ օղակը դեկանատն է, և առաջնային է ուժեղացնել դեկան֊ուսանող հարաբերությունները։ Այնուամենայնիվ Ուսանողական-քաղաքացիական ճակատը հոգաբարձուների խորհրդի նախագահից և այդ ղեկավար մարմնից սպասում էր ավելին, քանի որ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ խորհուրդը դեռ նոր է ուսումնասիրում ՊՎԾ զեկույցները, որոնք վկայում են այն մասին, որ ռեկտորը տարիներ շարունակ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ մսխել է ահռելի գումարներ, իսկ մի շարք այլ կառույցներ ԵՊՀ-ն վերածել են հանրապետական կուսակցության գործիքի։ ՈւՔՃ-ն հայտարարում է, որ եթե մոտ ապագայում չլինեն փոփոխություններ ԵՊՀ-ում, ապա ստիպված կլինենք պարտադրել այդ փոփոխությունները»։