Յոթ ամսվա ընթացքում քառասուն տոկոսով նվազել է ատենախոսություն պաշտպանողների թիվը

Յոթ ամսվա ընթացքում քառասուն տոկոսով նվազել է ատենախոսություն պաշտպանողների թիվը

Դեռեւս երկու-երեք ամիս առաջ, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեցինք, թե ինչ մեխանիզմներ են մշակում գրագողությունը կանխելու համար, մեզ հետ զրույցում ասաց բառացիորեն հետեւյալը․

«Պետք է լինեն օրենսդրական փոփոխություններ, վերահսկողություն, թափանցիկության ապահովում, տեխնիկական լուծումներ են պետք, որ գրագողությունը թաքցնել հնարավոր չլինի։ Պաշտպանությունը շատերն ընկալում են միայն ատենախոսության պաշտպանության օրը տեղի ունեցող պրոցեսը, բայց այն իրենից ներկայացնում է տարիների քրտնաջան աշխատանք։ Եթե մարդն իր պլանում նշում է, որ պետք է գնա Ռուսաստանի ազգային գրադարան, նյութեր օգտագործի, ապա նախօրոք հնարավոր է վերահսկել՝ մեկնե՞լ է Հայաստանից դուրս, թե՞ ոչ, արե՞լ է, թե՞ ոչ, իսկ միայն ատենախոսության պաշտպանության օրն այդ ամենը հսկել հնարավոր չէ»։

ԲՈԿ նախագահից հետաքրքրվեցինք, թե ամիսներ անց օրենսդրական ի՞նչ մեխանիզմներ են մշակել այս ընթացքում։

-Մշակել ենք կանոնադրություն, նախ պետք է այն ներկայացնենք  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ քննարկման, ապա՝ կառավարություն, հաստատվելուց հետո կզբաղվենք դրանով։ Այդ ամեն ինչը պատրաստ է, պետք է փորձարկման շրջան անցնի, դրանից հետո տեղեկատվությունը կդնենք կայքում։

-Անցած ամիսների ընթացքում գրագողության քանի՞ դեպք եք հայտնաբերել պաշտպանված դոկտորական եւ թեկնածուական ատենախոսություններում, ո՞ր ոլորտներից են դրանք։ 

-Պաշտպանողների թիվը բավականին նվազել է։ Նրանք, ովքեր գրագողությամբ են զբաղվել, գիտական նյութի բացակայություն կար ատենախոսություններում, չեն պաշտպանում, բարելավում են ատենախոսությունը։ Այս պահի դրությամբ նոր գրագողություններ առանձնապես չկան։ 

-Որքանո՞վ է նվազել ատենախոսություն պաշտպանողների թիվը, եւ ո՞ր ժամանակահատվածի մասին է խոսքը։

-Մոտ 40 տոկոսով նվազել է անցած յոթ ամսվա ընթացքում նախորդ յոթ ամիսների համեմատ։ 

-Ո՞րն է նվազման պատճառը՝ մարդիկ հասկացե՞լ են, որ նախկինի պես գրագողությամբ ատենախոսություն պաշտպանելը դյուրին չի լինելու։

-Հստակ չեմ կարող ասել, սոցիոլոգիական վերլուծություն չենք կատարել։ Հակված ենք մտածել, որ կա քաղաքական կամք, հետեւում են, դրա համար նվազել է այդ թիվը։ Իսկ բուհերի ռեկտորները, խորհուրդների նախագահները որքանով են այդ ամենը վերահսկում՝ ժամանակը ցույց կտա։ 

-Վերջին շրջանում հայտնաբերե՞լ եք գրագողության զավեշտալի դեպքեր։

-Դեռ՝ ոչ։ Մի կասկածելի դեպք կա, երկու շաբաթից կպարզվի՝ զավեշտալի՞ է, թե՞ ոչ։ Դեռ այն ուսումնասիրում ենք ամբողջական ծավալով։

-Նկատի ունե՞ք Երեւանի պետական մանկավարժական համալսարանում պաշտպանած ատենախոսությունը, որի մասին ահազանգել էր  հոգեբան Սամվել Խուդոյանը։

-Ո՛չ, ո՛ չ։ Այնտեղ զավեշտ չէր, ողբերգություն էր։ Այն ներկայացվել է փորձագետին, որպեսզի ուսումնասիրվի, դեռ պատասխան չկա։ 

-Դուք շատ եք լինում արտերկրում։ Այլ երկրների Ձեր գործընկերների հետ հանդիպումների ժամանակ փորձի ի՞նչ փոխանակում է լինում, ի՞նչը կցանկանայիք կիրառել մեր երկրում լավագույն օրինակներից։

-Ասեմ, որ ես չեմ գնացել գործուղումների՝ որպես ԲՈԿ-ի նախագահ։ Իմ բացակայությունը երկրից պայմանավորված է նրանով, որ դպրոցականներին տարել եմ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի։ Իսկ արտերկրի իմ գործընկերներից հետաքրքրվում եմ, թե ասպիրանտուրան իրենց մոտ ինչպես է գործում, վերահսկման ռեժիմները ինչպես են լինում։ ԲՈԿ-ը շատ երկրներում գոյություն չունի։ Զարգացած երկրներում ինքնավարությունը հանձնված է բուհերին։ Մեր երկրում այդ գործառույթը բուհերը դեռ պատրաստ չեն վերցնել։  Բայց եթե զարգացած երկրներում բուհի ռեկտորին ասես, որ գրագողությունը ատենախոսության մեջ բացահայտվում է, եւ ռեկտորը, դեկանը պաշտպանում են այդ հայցորդին, ինքը դա չի ընկալի։ Երբ մեր երկրում էլ ռեկտորի, պրոռեկտորի, դեկանի համար անընդունելի կլինի գիտական նորույթի բացակայությունը ատենախոսության մեջ, այն ժամանակ էլ կլինեն փոփոխություններ։