Ինչպես է աշխատում հեղինակային իրավունքի ժամացույցը

Ինչպես է աշխատում հեղինակային իրավունքի ժամացույցը

   Ստեղծագործությունը գրվում է մեկ անգամ, օգտագործվում՝ բազմակի, իսկ 70 տարի անց դառնում հանրության սեփականությունը: Հեղինակը բացառիկ անձնական ու գույքային իրավունք ունի՝ մինչեւ կյանքի վերջ տնօրինելու իր ստեղծած մտավոր արտադրանքը, իսկ hետագա 70 տարում հեղինակի՝ իրավահաջորդ համարվող ժառանգներն օրենքով կարող են արգելել կամ թույլատրել ստեղծագործության հրատարակումը, թարգմանությունը, տարածումը:

    Խորհրդային տարիներին «հեղինակային իրավունք» բառակապակցությունը հայտնի դարձավ 1973-ից հետո, երբ երկիրն անդամագրվեց Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը: Մինչ այդ, արվեստագետների մահից 25 տարի անց էր ստեղծագործությունը համարվում պետության սեփականությունն ու օգտագործվում անհատույց:

    Մեզանում, հատկապես հրատարակչական ոլորտում, հեղինակային իրավունքի հարցերն ակտուալ են դարձել վերջերս, եւ սա բացատրվում է հրատարակչական գործի կայացմամբ: Իսկ 90-ական թվականներին մարդիկ ուղղակի երջանիկ էին, որ իրենց գրքերը տպագրվում են:

Փնթի, անգրագետ, նենգ

   «Անտարես» հրատարակչությունը բոլորից շատ է տպագրում ժամանակակից հայ հեղինակներին, ուստի մշտապես ժառանգի փնտրտուքի մեջ են: Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ հաճախ դժվարանում են գտնել ժառանգներին, քանի որ պատահում է՝ անուն-ազգանուն են փոխել, այլ երկիր տեղափոխվել, տեսադաշտից անհետացել: Օրենքը միշտ ժառանգների կողմն է, նրանք կարող են լինել աչառու, բծախնդիր, քմահաճ, բայց իրավաբանորեն ճիշտ են: Մարտիրոսյանը հեղինակային իրավունքի դաշտը մեզանում համարում է փնթի, անգրագետ ու նենգ, 100 բալանոց սանդղակով՝ 9-10 միավոր. «Մեզանից ամեն օր գողանում են: Ամենատարածված տարբերակը՝ գիրքը սկանավորում են ու տեղադրում ինտերնետում։ Գնում ես քննչական մարմին, արդարացնում են՝ ի՞նչ կարող ենք անել, ձրի են տարածել: Հայաստանը վաղուց միացած է հեղինակային իրավունքի Բեռնի կոնվենցիային, միայն թե մեխանիզմներ չկան, ոստիկանական, քննչական մարմինները հետեւողական չեն: Հնչեղ գործերից մեկն ասեմ՝ «Բուկինիստ» գրախանութում ոչ լեգալ գիրք էր վաճառվում՝ Մարկեսի «Նահապետի աշունը», «Հարյուր տարվա մենությունը»: Այնինչ Մարկեսի հեղինակային իրավունքը մեզ է պատկանում, 6 հազար դոլար ենք վճարել: Քրեական գործը հարուցվեց, սակայն գնացինք հաշտեցման, քանի որ մեր ամենամեծ գործընկերն է: Իսկ մեր գրողներից մեկն ասել էր՝ ի՞նչ եք ընկել Մարկեսի հետեւից, այստեղից այնտեղ ո՞նց են իմանալու: Էս մտածողությունն է»:

    Մարտիրոսյանը բազմիցս դիմել է արվեստագետների ժառանգներին՝ նրանց գործերը հրատարակելու համար․ «Ռուզան Տոնոյանը 10 տարի մեզ մերժել է, մի քանի օր առաջ համաձայնել է գերմաներեն հրատարակել Վանո Սիրադեղյանի պատմվածքների ժողովածուն, սակայն հայերենը կրկին մերժել է: Լեւոն Խեչոյանի երկու գիրք ենք հրատարակել, բայց ժառանգներն իրենց քաղաքականությունն ունեն: Բարի ժառանգներ են Խաչիկ Դաշտենցի դուստրը՝ Անահիտ Դաշտենց- Թուրաբյանը, իր ոչ միայն անվճար, այլեւ աջակցելու պատրաստակամությամբ, Գագիկ Հախվերդյանն էլ արտոնել է անվճար հրատարակել Լեւոն Հախվերդյանի եւ Սոնա Այունցի գրքերն ու թարգմանությունները»:

Սեւակ, Մաթեւոսյան, Սիրադեղյան

   Գրահրատարակչական ակտիվության այս պայմաններում զարմանալի է, որ Վանո Սիրադեղյանը դարձել է ասես մատենագիտական ունիկում: Սիրադեղյանի կնոջ՝ Ռուզան Տոնոյանի կարծիքով, հեղինակն է որոշում՝ հեղինակային հրատարակությո՞ւն լինի, թե՞ դիմի այլ հրատարակչի: Հերբերտ Մաուրերը տարբեր տարիների Սիրադեղյանի պատմվածքներն է թարգմանել գերմաներեն, այս տարի գերմանացի հրատարակիչ է տպագրում գիրքը: Իսկ «Նաիրի» հրատարակչությունն առաջիկայում լույս կընծայի Վանո Սիրադեղյանի գործերի հայերեն սպասված ժողովածուն՝ նոր ձեւավորմամբ:
 
    Պարույր Սեւակի ժառանգներից Արմեն Ղազարյանի որդին՝ գրականագետ Սեւակ Ղազարյանը տեղեկացրեց, որ առաջներում հեղինակային իրավունքի խախտումներ հաճախ էին լինում, սակայն վերջին տարիներին Սեւակի ընտանիքն ուշադիր հետեւում է, որ սեւակյան հրապարակումների մասով խախտումներ չլինեն: Նա հիշատակեց հեղինակային իրավունքի խախտման մեկ դեպք, երբ տարիներ առաջ անգլերեն թարգմանված գիրք հայտնվեց, հրատարակիչն ուզում էր տանել ԱՄՆ, ընտանիքը հասավ նրան, որ վրան նշվի՝ վաճառքի ենթակա չէ՝ տարածումը կանխելու նպատակով:

     «Սեւակը հրատարակելու խնդիր չունի: Միջնեկ որդին՝ Արմեն Ղազարյանը, լինելով գրականության մարդ, զբաղվում է Սեւակի հրատարակություններով, անտիպներով: 2011-ից սկսած՝ չի եղել տարի, որ 2-3 գիրք չլինի: Այս տարի, բանաստեղծի 95-ամյակին ընդառաջ, սեւակյան 3 գիրք կլինի ընթերցողի սեղանին՝ «Մարդը ափի մեջ»՝ լրացված, եւ Սիրերգության ու հայրեներգության հատորներ»,- ասում է Ղազարյանն ու հավելում, որ վերջին տարիներին բոլոր գրքերը տպագրում են «Մագաղաթ» հրատարակչությունում:

    Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը, իբրեւ ժառանգ, տարիներով առնչվել է այդ խնդիրներին. «Թե՛ միջազգային կոնվենցիան, թե՛ դրան միացած Հայաստանի օրենսդրութրունը չեն համապատասխանում այդ իրավունքի ո՛չ տառին, ո՛չ բովանդակությանը: Հեղինակային իրավունքների մասնագետ չունենք: Պետության կողմից արտոնված «Հայհեղինակ» կազմակերպությունը, ոստիկանության 6-րդ վարչությունը հավուր պատշաճի չեն ապահովում անհրաժեշտ իրավաբանական աջակցությունը, չեն ձեւավորում գրագետ միջավայր: Կայքերում՝ հայ եւ օտարալեզու, Մաթեւոսյանի ստեղծագործությունները շրջանառվում են անպատիժ։ Բոլորս էլ բավարար չափով գրագետ չենք, որպեսզի միջազգային օրենքներով առաջնորդվենք: 2018-ին Հրանտ Մաթեւոսյանի երկհատոր անտիպները հրատարակեցինք «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամով: Պլաններ ունենք նաեւ գրպանի գրքեր, աուդիոգրքեր հրատարակել»:

Շահավետ պայմաններ՝ պահանջված հեղինակներին

    «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը նկատում է՝ լավ համագործակցություն են ձեւավորել թարգմանիչների հետ: «Զանգակի» լավագույն գրքերից մեկի՝ Հարփեր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» հրատարակության ժամանակ հեղինակը դեռեւս կենդանի էր, սակայն դատերի մեջ էր գործակալի հետ: Հեղինակային իրավունքը գնել են խորհրդանշական գումարով, քանի որ շահագրգիռ են թարգմանություն արտոնել մի հավելյալ լեզվով:

    Հայ հեղինակներից հրատարակել են Համո Սահյանի 2 ժողովածու, պայմանագիր ունեն որդու՝ Նաիրի Սահյանի հետ: Պատրաստվում են Զորայր Խալափյան հրատարակել, սակայն ժառանգի հարցում բարդ կացության առաջ են, եղբորորդու հետ են բանակցում, մինչեւ գտնեն ճիշտ ճանապարհը: Ինչ վերաբերում է հեղինակային իրավունքի պայմաններին, ապա հրատարակչության մոտեցումը սա է՝ սկսնակ հեղինակներին այլ պայմաններ են առաջարկում, պահանջարկված հեղինակներին՝ ավելի շահավետ:

Լեռ Կամսարի դեպքում բարոյական իրավունքներն են գործում
    
    Լեռ Կամսարի թոռնուհի Վանուհի Թովմասյանը տարիներ շարունակ հրատարակում էր նրա անտիպները, սակայն չէր համարվում օրինական ժառանգ: Կամսարն իրավազուրկ հեղինակ է եղել, նրա ստեղծագործության մեծագույն մասն անտիպ, գզրոցային գրականություն է: Հեղինակային իրավունքի ժամացույցն այս դեպքում սկսում է գործել ոչ թե հեղինակի մահից 70 տարի, այլ հրատարակման պահից, ինչպես Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» վեպի դեպքում:

    Թովմասյանը նշում է՝ ինքը համահեղինակ է համարվում, եւ սա սահմանված է հեղինակային իրավունքի նորմով. «Լեռ Կամսարի անտիպ ժառանգությունն օրինական կարգով անցել է ինձ, ձեռագրերը ես եմ փրկել, մեր տանն են պահվել, եւ համարվում եմ օրինական օգտագործող: 3 գիրք եմ տպել պետպատվերով, «Կարմիր օրերը», օրինակ, ստվար գիրք է, ստացել եմ 100 հազար դրամ: Հիմա ո՞նց հասկանանք, դա ի՞մ աշխատանքի փողն էր, սրբագրիչի՞, խմբագրի՞, կազմողի՞, թե՞ ում: Վերջին՝ «Ծերուկների մանկապարտեզը» գրքի ողջ աշխատանքը ես եմ արել, տղաս ֆինանսավորել է տպագրությունը, վաճառվել է մեկ օրինակ: Ոչ մի բան չի արվում, եթե հեղինակը տեր չունի, իսկ մամուլում անվճար են տպագրում՝ հոնորար չկա»:

Ժառանգությունը չի անցնում մեխանիկորեն
    
    «Հայհեղինակ» ՀԿ նախագահ Սուսաննա Ներսիսյանի խոսքով, ստեղծագործության հեղինակի կամ թարգմանչի զավակ լինելն ամենեւին չի նշանակում լինել հեղինակային իրավունքի ժառանգորդ: Ըստ օրենքի՝ առաջնահերթ ժառանգներ են երեխաները, կինը եւ ծնողները, սակայն ժառանգությունը չի անցնում մեխանիկորեն: Հենց գրանցված ժառանգներն էլ համարվում են գույքային իրավունքի իրավատեր: «Հայհեղինակ»-ում պաշտպանում են 1500 եւ ավելի հեղինակի ամրագրված հեղինակային իրավու նքներ, սակայն փաստաբանական գրասենյակ չեն: Խախտումների դեպքում ժառանգները դիմում են օրինապահ մարմիններին:

     Մեր հարցմանն ի պատասխան, ոստիկանության 6-րդ վարչությունը գրավոր աղյուսակ էր տրամադրել, որում նախորդ 14 տարվա ընթացքում՝ 2005-2018թթ․, ոստիկանություն դիմած ահազանգերն են ֆիքսված: Իսկ թե ինչ ընթացք են ստացել, ինչպես են լուծվել այս հարցերը, տեղեկություն չունեն, ուղարկել են նախաքննական մարմիններին:

    Հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման ահազանգերը տարվա կտրվածքով հիմնականում մատների վրա հաշվվող թիվ են, երբեմն էլ՝ զրո: 2012 եւ 2013 թթ․՝ առավելագույնը 20-ական, 2010թ․՝ 15, 2015թ․՝ 10, 2017թ․՝ 6, 2018թ․՝ 4 դիմում։ Ամենայն հավանականությամբ, թվերը դաշտի իրական պատկերը չեն: Հեղինակային իրավունքի հարցերը Հայաստանում նոր ձեւավորվող մշակույթի մաս են, եւ այստեղ հարցերը շատ են, համակողմանի ներկայացման ու լուծման կարոտ:

Հեղինակ՝ լրագրող Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ