Լինելով հումորով ժողովուրդ՝ 4 երգիծաբանից ավելի չունեցանք

Լինելով հումորով ժողովուրդ՝ 4 երգիծաբանից ավելի չունեցանք

Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպված «Կը նայիմ հայելիին, կը մեռնիմ խնդալեն» միջոցառման ընթացքում ներկայացվեցին 4 արեւմտահայ երգիծաբանների՝ Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի, Լեռ Կամսարի, Նշան Պեշիկթաշլյանի գործերը՝ Աիդա Ասատուրյանի ընթերցմամբ, ինչպես նաեւ Արզօի եւ Դիզոյի ծաղրանկարները։

Բանաստեղծ, գրականագետ Արթուր Անդրանիկյանն ասում է, որ մտահղացումն իրենն է՝ արեւմտահայ երգիծաբանությունը զուգահեռ դիտարկել ժամանակակից հայ ծաղրանկարիչների աչքերով․ «Այդ հեղինակներն այնպիսի թեմաներ են շոշափել, որոնք համաժամանակային են՝ կապված քաղաքականության, կնոջ, հայի թերությունների, առօրյա եւ այլ թեմաների հետ»։ Նա նկատում է, որ հումորով ժողովուրդ լինելով հանդերձ՝ մեր գրականության պատմության մեջ 4 երգիծաբանից ավելի չունենք։

«Օրինակ, Նշան Պեշիկթաշլյանը վերջին 10 տարին է միայն հայ արեւելահայ իրականության մեջ «ներդրված», ես եմ խմբագրել իր ժողովածուն»,-ասում է Անդրանիկյանն ու նկատում, որ այդ ազգային մեծագույն արժեքները շատ դեպքերում անծանոթ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ «Վերնագիր ենք կարդում, վախենում ենք, օրինակ, Կարո Փոլադյանը վեպ ունի՝ «Կհրաժարիմ հայութենէ»։ Վերնագիրը լսում ենք, սահմռկում ենք, ասում ենք՝ ո՞նց կլինի․․․։ Հիմա նման միջոցառումները կնպաստեն, որ արեւմտահայերեն լեզուն եւ արեւմտահայ գրողները մի տեսակ վերականգնվեն, հանրահռչակվեն, որոնք դժվարին պայմաններում ստեղծագործել են»։

Խոսելով հայ երգիծաբանների սակավության մասին՝ նույնը կարելի է ասել նաեւ հայ երգիծանկարիչների մասին․ «Նրանք նույնպես շատ քիչ են, այսօր ներկայացված այս 2 տղաները՝ Արզօն եւ Դիզոն մեծ գործ են անում, իրենք տաղանդավոր մարդիկ են եւ զարկ են տալիս երգիծանկարչությանը, որը շատ անշնորհակալ գործ է, քանի որ արտ-բիզնես չէ»։