Պարգևատրողը Փաշինյա՞նն է

Պարգևատրողը Փաշինյա՞նն է
Նիկոլ Փաշինյան

Վաղվանից բոլոր այն պաշտոնյաները, որ իրենք իրենց ու իրենց աշխատակազմերին պարգեւատրել են սրտի ուզածի չափով, պետք է սկսեն այդ գումարները վերադարձնել: Ոչ մի բացատրություն չի ընդունվում: Ժողովուրդը, որ այս հեղափոխության տերն է ու փոփոխությունների իրականացնողը, պահանջում է, որ նրանք հրաժարական տան եւ ս․․․ լինեն իրենց զբաղեցրած պաշտոններից:
Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել 2019 թվականին շարունակել ՀՀ քաղաքացիների` մինչեւ 1993 թվականը խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման ծրագիրը: Փոխհատուցման են ենթակա մինչեւ 1934թ. դեկտեմբերի 1-ը ծնված քաղաքացիների ունեցած ավանդները:

Այս ծրագրով, որ ընդամենը աչքակապություն է, մարդկանց վերադարձվում են չնչին գումարներ` որպես տարիների իրենց աշխատանքով խնայված միջոցների փոխհատուցում: Այդ գումարները գրոշներ են այն անաշխատ եկամուտների համեմատությամբ, որ այսօր պարգեւատրումների, խրախուսանքների եւ հավելավճարների տեսքով յուրացնում են օրվա բարձրաստիճան պաշտոնյաները: Պետք է կանգնեցնել այս խայտառակությունը եւ վերադարձնել գումարները, որովհետեւ ոչ ոք չի կարող իրեն հատկացված պետական շքեղ օֆիսում նստած՝ 6 ամսվա ընթացքում ավելի մեծ պարգեւատրություն ստանալ, քան իրենց ողջ կյանքը սովետական գործարաններում, ֆաբրիկաներում, շինարարական հրապարակներում անցկացրած քաղաքացիները:

Եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմին չստիպի վերադարձնել այդ գումարները, ապա ինքն էլ մեղսակից կդառնա այդ բացահայտ թալանին եւ ընչաքաղցների խրախճանքին: Սա արդեն սովորական խաշ ուտելու մեղադրանք չէ, պարոն Փաշինյան, ոչ էլ այս ելույթն է Ձեզ եւ նախկիններին նույնացնելու փորձ: Դուք այլ ելք չունեք պարզապես, քան ժողովրդի կողքին կանգնելն ու Ձեր իսկ թիմակիցներին դատի տալը: Դուք շարունակ խոսում եք նախկինների տարած գումարները վերադարձնելուց, բաց այսօր նախարարություններ եք փակում, որ մի տեղից գումար հետ գցեք, պետությունից գումարներ են տանում ձերոնք` թուխս գողացող աղվեսի պես, ցորեն գողացող մկան պես… Բարի եղեք, պարոն վարչապետ, եւ գումարեք այդ թվերը: Հավատացնում եմ, պետությունից նման չափերի գողություն թույլ տալու դեպքում մեզ նման աղքատ երկրի ոչ մի վարչապետ չէր մնա իր աթոռին եւ հրաժարական կտար: Եվ կամ խոստովանեք, որ այս թիմը Ձեզ պարտադրվել է, եւ ցանկանում եք վաղվանից ազատվել բոլորից: Բանն այն է, որ ժողովուրդը Ձեզ է ընտրել եւ ոչ այս թիմին: Հետեւաբար, թիրախում էլ Դուք եք եւ ոչ այս «թիմը»:

Կլսե՞ք խորհուրդս՝ լավ, չե՞ք լսի` Ձեր գործն է, թողեք, որ մարսեն տարածը: Կստացվի, որ Դուք եք նրանց պարգեւատրել` թավշյա հեղափոխության օրերին քայլելու համար: