Երկու ճանապարհ

Երկու ճանապարհ

Բարեփոխումներ անելու երկու ճանապարհ կա՝ բարեփոխումների ծրագրի եւ բարեփոխիչների միջոցով։ Եթե հստակ, ճշգրիտ, առաջադիմությանը միտված ծրագիր ունես, ապա դրա իրականացումը շատ մեծ ջանքեր չի պահանջում՝ ընդամենը աշխատանքի ճիշտ կազմակերպում եւ ճշգրիտ հրահանգավորում է ենթադրում։

Պարզ ասած՝ քիչ թե շատ գրագետ ու հրահանգները պարտաճանաչ կատարող աշխատակազմը կկարողանա իրականացնել բարեփոխումների ծրագիրը։ Նրանց արդեն շատ բան չի մնում մտածելու՝ ընդամենը իրականացնել ուրիշների մտածածը, ինչը չինովնիկական մեծ բանակի հիմնական գործը պետք է լինի։ Բայց եթե դու չունես հստակ ոլորտային ծրագրեր, թե ինչպես կարգավորես ու առաջ տանես, ասենք, մշակույթի, սպորտի, գյուղատնտեսության, էկոնոմիկայի եւ մյուս ոլորտները, ստիպված ես գտնել բարեփոխիչ նախարարներ, որոնք ե՛ւ ծրագրեր կկազմեն, ե՛ւ կղեկավարեն աշխատանքային պրոցեսը։

Մեր նոր իշխանությունները, ցավոք, գնացին երկրորդ ճանապարհով՝ համապարփակ բարեփոխման ծրագրի բացակայության պայմաններում փորձելով գտնել մարդկանց, ովքեր գլուխ են հանում առանձին վերցրած ոլորտներից եւ կարող են նախ համակարգը բարեփոխելու կոնցեպցիա մշակել, ապա իրականացնել կոնցեպցիան։ Բայց սա էլ հեշտ ճանապարհ չէ, քանզի մեզանում բարեփոխիչների, կրեատիվ միտք ունեցող, համակարգը ճանաչող, աշխատանքային փորձով ղեկավարների հսկայական դեֆիցիտ կա։ Մանավանդ՝ եթե առաջնորդվում ես հեղափոխությանը մատուցած ծառայությունների, իշխող վարչակազմին նվիրվածության, վստահելիության չափանիշներով։ Արդյունքում բոլոր համակարգերը հայտնվել են, թեկուզ ազնիվ, բայց գործից գլուխ չհանող եւ զարգացման տեսլական չունեցող անձանց կառավարման ներքո։ Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որ նրանք յուրացնեն ոլորտի խնդիրները եւ ծրագիր մշակեն, անհայտ է։