Նորաձեւության դեֆիլե` բռնաճնշումների զոհերի հուշահամալիրում
«Երեւանի նորաձեւության շաբաթ» ամենամյա միջոցառմանը Երեւանի քաղաքապետարանի կողմից արված 42 միլիոն դրամ հատկացումը շաբաթներ առաջ մեծ աղմուկ հանեց ու նույն արագությամբ էլ մոռացվեց։
Երկրորդ մեծ աղմուկը հաջորդեց արդեն միջոցառման պաշտոնական բացմանը, ավելի ճիշտ` երբ հրապարակվեցին միջոցառումից լուսանկարներ ու տեսանյութեր՝ պաշտոնական մեկնարկից եւ «ավթըփարթիից»: Դրանք՝ երկուսն էլ տեղի էին ունեցել Կասկադի վերեւում գտնվող ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրի տարածքում, որի կենտրոնում «Բոլոր նրանց հոգիներին արեւավառ» չարենցյան խոսքերով հուշակոթողն է կանգնած։
Հուշահամալիրի տարածքում նորաձեւության դեֆիլեի կադրերը մեծ զայրույթ առաջացրին օգտատերերի շրջանում․ մարդիկ սկսեցին զուգահեռներ անցկացնել ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշահամալիրի եւ Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրների միջեւ՝ ընդգծելով, որ դրանք բոլորն էլ նույն խորհուրդն ու նշանակությունն ունեն։ Եվ չի կարելի անմեղ զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը դարձնել նորաձեւության պոդիում՝ ողողված դիսկոտեկային լույսերով եւ երաժշտությամբ։
Շատերն էլ զարմացան, թե քաղաքապետարանում չկա՞ր գեթ մի իրազեկ մարդ, որ տեղեկացներ, թե սա ինչ տարածք է, եւ թույլ չտար կազմակերպիչներին նման միջոցառում անցկացնել այդտեղ։ Մինչդեռ քաղաքապետարանը ոչ միայն այս միջոցառման գլխավոր հովանավորն ու աջակիցն է, այլեւ հենց քաղաքապետի ներկայությամբ էլ տրվել էր միջոցառման մեկնարկը։
Հատկանշական է, որ կազմակերպիչները չէին էլ թաքցրել իրենց մտադրությունները եւ դեռ մեկ շաբաթ առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էին դրա մասին՝ հիմնավորելով դա այսպես․ «Այս տարի մրցույթը կանցկացվի պատմական մեծ նշանակություն ունեցող խորհրդային ժամանակաշրջանի բռնադատվածների հուշահամալիրում: «Ժողովրդավարություն եւ խոսքի ազատություն» խորագրով միջոցառումը նպատակ ունի երիտասարդ, նորարար եւ ստեղծարար մտքի ազատության նոր շունչ հաղորդել տարածքին»,- ասել էր Հայաստանի նորաձեւության եւ հագուստի պալատի համահիմնադիր, ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը։
Մեր այն հարցադրումը, թե տեղի ընտրության եւ թույլտվության հարցում որն է եղել քաղաքապետարանի դիրքորոշումը, մնաց անպատասխան։
Կարծիքներ