Նենգափոխում` «ծռական» ձեռագրով

Նենգափոխում` «ծռական» ձեռագրով

Համացանցում տեսահոլովակ է տարածվել, որտեղ արցախցիներին հարց է ուղղվում` ինչպե՞ս են վերաբերվում Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, որ նրանք, ովքեր Արցախը համարում են Հայաստանի մարզ, սահմանը հատելու իրավունք չպետք է ունենան:

Պատասխանները, բնականաբար, հիմնականում բացասական են: Հարցման կազմակերպիչներին հենց դա էլ պետք է եղել` քարոզչական ֆոն ստեղծել, որ արցախցիները քննադատում են Վիտալի Բալասանյանի մոտեցումը, Արցախը համարում են Հայաստանի մարզ: Տվյալ դեպքում, սակայն, գործ ունենք դասական նենգափոխման հետ, որովհետեւ Վիտալի Բալասանյանի հայտարարության առաջին մասը, որտեղ նա խոսում է կոնկրետ անձանց մասին, որ չեն հարգում Հայաստանի եւ Արցախի սահմանադրությունը եւ օրենքները, դուրս է թողնվում համատեքստից: Խնդիրն այն չէ, որ մեր ժողովուրդը վաղուց Արցախը ճանաչում է Հայաստանի մաս:

Այդ մասին Վիտալի Բալասանյանի տեսակետը հետեւյալն է` մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական պետություն` Հայաստանի եւ Արցախի հանրապետություն: Այդ որոշումը կայացրել է հայ ժողովուրդը` ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից: Առայսօր այդ գիծն իրեն արդարացրել է, քանի որ կարգավորման հայեցակարգում տեղ է գտել Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Միայն այդ իրավունքի միջազգային ճանաչումն է, որ օրինական ճանապարհ է բացում Հայաստանի եւ Արցախի իրավական միավորման համար: Այլ տարբերակ գոյություն չունի: Եվ այս իրավիճակում խաղալ մարդկանց զգացմունքների հետ, նրանց ճակատային հարց ուղղել` ճանաչո՞ւմ եք Արցախը որպես Հայաստանի մարզ, չափազանց վտանգավոր քարոզչություն է:

Այն պարզ պատճառով, որ զգացմունքայնությունը պարզապես ի չարն է գործադրվում: Հարցման ենթարկվողը տվյալ պահին մանրամասների մեջ չի խորանում, նրանցից շատերն ասում են, որ քաղաքական խնդիրներում դատելու իրավասություն իրենց չեն վերապահում, խոսում են որպես հայ մարդ, ում համար միասնական հայրենիքի գաղափարը թանկ է: Ահա, այստեղ էլ բացահայտվում է «ծռական» նենգափոխումը` մարդկանց ազգային զգացմունքները դարձնել քաղաքական մանիպուլյացիաների առարկա, տպավորություն ստեղծել, թե արցախցիները բոլորով կողմ են անկախ պետության կարգավիճակի լուծարմանը եւ որպես մարզ Հայաստանի կազմում ընդգրկվելուն: «Ծռերը», այսպիսով, պարզապես չարաշահում են մարդկանց ազնվությունը: Թե ինչ նպատակ են նրանք հետապնդում, ուժի որ կենտրոնի պատվերով է սկսվել այդ ամենը` կարելի է բազմաթիվ ենթադրություններ անել: Ակնհայտ է մի բան` «ծռերը» նպատակադրվել են իրավիճակ սրել: Նրանք, ըստ երեւույթին, գործում են առաջին հերթին Հայաստանի նոր իշխանությունների դեմ:

Վիտալի Բալասանյանի ոչ քաղաքական, հուզական հայտարարությունը նրանք օգտագործում են Հայաստան-Արցախ քաղաքական դիմակայություն սադրելու նպատակով: Դա, ըստ էության, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որովհետեւ Հայաստանի իշխանությունը, ով էլ որ նրա ղեկին լինի, տվյալ իրավիճակում չի կարող հռչակագրել Արցախի միավորումը: Միջազգային ընկալումը կլինի խիստ բացասական: Ղրիմից հետո Ռուսաստանի մեկուսացումն ասվածի ցայտուն օրինակն է: Ո՞ւմ շահերից է բխում Հայաստանը միջազգայնորեն մեկուսացված եւ պատժամիջոցների ենթարկված տեսնելու հեռանկարը: Միայն` Ադրբեջանի, որն այդ դեպքում ուղղակի ռազմական ուժի դիմելու հնարավորություն կստանա: Ո՞ւմ շահն են առաջ մղում «ծռերը»` եզրակացությունը ծնվում է ինքնին: Այս դեպքում հասարակական համախմբվածությամբ պետք է մերժվեն «ծռերի» արցախյան արկածախնդրությունները: Եթե չենք ուզում վտանգի ենթարկել մեր միասնական հայրենիքը: