ԲՀԿ-ն երբեք Ռոբերտ Քոչարյանի հետ չի համագործակցել

ԲՀԿ-ն երբեք Ռոբերտ Քոչարյանի հետ չի համագործակցել


Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մտադիր է համախմբել իշխանության դեմ պայքարող ուժերին։ ԲՀԿ-ն իշխանության դեմ պայքարող ո՞ւժ է, եւ եթե նման կոնսոլիդացիա լինի, իրենք կմիանա՞ն Քոչարյանին։

«ԲՀԿ-ն ոչ թե իշխանության դեմ պայքարող ուժ է, ԲՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է այսօր եւ ընդդիմադիր խմբակցություն է Ազգային ժողովում։ Ես չգիտեմ՝ պարոն Քոչարյանն ինչ միավորման, ինչ ուժերի մասին է խոսում, էսօր մենք իրականացնում ենք մեր խորհրդարանական առաքելությունը, մենք էսօր ինքնաբավ ուժ ենք, մենք որեւէ մեկի հետ կյանքում ո՛չ բացառում ենք համագործակցությունը, ո՛չ էլ բացառում ենք համագործակցության խզումը։ Բայց քանի որ չգիտեմ՝ դա ինչ ուժի մասին է խոսքը, ինչ պայքարի, էսօր մենք բավարարվում ենք, նորից եմ կրկնում, որպես ինքնաբավ, լիարժեք ներուժ ունեցող քաղաքական ուժ՝ մեր սահմանադրական առաքելությունն իրականացնելով»,- ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

- Ցանկացած ընդդիմություն, ասում են, ձգտում է իշխանության։ Դուք է՞լ եք հիմա ձգտում իշխանության։

- Մենք էլ, ինչպես ցանկացած ընդդիմություն, այո, «Բարգավաճ Հայաստանը» նույնպես եւ ցանկացած քաղաքական ուժ, եթե չի ձգտում իշխանության, նա քաղաքականության մեջ անելիք չունի։ Բայց իշխանության ձգտողը չի նշանակում, որ պատեհ-անպատեհ առիթներով շարժես հավակնություններ՝ առանց հաշվարկելու օբյեկտիվ հնարավորությունները։ Էսօր նոր են ավարտվել համապետական ընտրությունները, ԲՀԿ-ն՝ որպես քանակով երկրորդ քաղաքական ուժ, որպես ընդդիմադիր ուժ, տեղ է զբաղեցնում Ազգային ժողովում, մենք մեր գործառույթներն իրականացնում ենք պատշաճ՝ ՀՀ Սահմանադրության եւ մյուս օրենքներին համապատասխան, ապագայում ինչպես կլինի, ինչ պրոցեսներ կլինեն, էսօր որեւէ մեկը գուշակությամբ չպետք է զբաղվի։

- Նախկինում շատ էր խոսվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը, եւ ԲՀԿ-ն երկար տարիներ համագործակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ձեզ պարբերաբար կապում էին նրա հետ․․․

- ԲՀԿ-ն երբեք Ռոբերտ Քոչարյանի հետ չի համագործակցել։ ԲՀԿ-ն եղել է ե՛ւ իշխանական ուժ, ե՛ւ ընդդիմադիր։ Թե՛ որպես իշխանություն, թե՛ որպես ընդդիմադիր ուժ՝ իրականացրել է իր գործառույթներն ու ֆունկցիաները։ Կոնկրետ անձանց հետ մենք չենք համագործակցել, մենք համագործակցել ենք հանուն բարգավաճ Հայաստանի։