ՀՀԿ-ն ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ․ Ուշացած որոշում

ՀՀԿ-ն ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը՝ սխալ․ Ուշացած որոշում

Երեկ Սահմանադրական դատարանը ուշագրավ որոշում է ընդունել, ըստ այդմ՝  2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հիշեցնենք՝ Ազգայի ժողովը․ մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունները հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ անցկացրեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որտեղ ամրագրված դրույթի համաձայն` եթե ԱԺ լիագումար նիստի ժամանակ պատգամավորները բացակայել են` իրենց կամքից անկախ, եւ դրա հետեւանքով քվորում չի եղել, ապա նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ կընդմիջվի:

Եվ այս պարագայում նիստը նորից կշարունակվի միայն այդ խոչընդոտների վերացման պարագայում: Այս փոփոխությամբ խորհրդարանականները փորձում էին վիժեցնել վարչապետ Փաշինյանի սցենարը, որը պատրաստվում էր ԱԺ-ն շրջափակելու ճանապարհով ճնշում գործադրել խորհրդարանի վրա, որպեսզի իր հրաժարականից հետո կազմակերպված 2 ընտրությանն էլ խորհրդարանական գործընկերները չմասնակցեին եւ չգնային արտահերթ խորհրդարանական ընտրության։

Սակայն այս փոփոխություններին կողմնակից պատգամավորներին եւ քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ անվանեց եւ մարդկանց կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ խաղաղ ցույցի: Նա նույն գիշեր հայտարարեց կառավարությունում մյուս երկու կուսակցությունների՝ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներին, այդ թվում՝ մարզպետներին, պաշտոնանկ անելու մասին: Իսկ հանրային ճնշման ներքո էլ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ թե 21 օրվա ընթացքում ստորագրեց նախագիծը, այլ այն վիճարկեց ՍԴ-ում, որն էլ երեկ քննարկել է հարցը ու որոշել, որ Փաշինյանի բարձրացրած աղմուկն անտեղի էր՝ նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը։ Եւ Արմեն Սարգսյանը ստիպված կլինի վավերացնել այն։ Բայց օրինագիծն արդեն կորցրել է իր իմաստը՝ իրավիճակի փոփոխության պատճառով։ Թեեւ մեծ աշխարհ է՝ ով գիտի։