Իմ քիթը հակահեղափոխակա՞ն է, իրենք էլ հեղափոխակա՞ն

Իմ քիթը հակահեղափոխակա՞ն է, իրենք էլ հեղափոխակա՞ն

Երեկ ԱԺ ընտրություններին մասնակցող 2 քաղաքական ուժից՝ «Բարգավաճ Հայաստան»-ից ու «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համար Լուսինե Հարոյանից լուրջ մեղադրանքներ ու գրեթե սենսացիոն հայտարարություններ հնչեցին «Լուսավոր Հայաստանի» դեմ ու հասցեին։ Տիկին Լուսինե Հարոյանը, մասնավորապես, եթերներից մեկով հայտարարեց, որ հեղափոխության օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն փողոցում էր, Էդմոն Մարուքյանն իրենց թույլ չի տվել միանալ հեղափոխական շարժմանը։ Ավելին՝ ասելով, որ կա երրորդ ուղի, փաստացի, իրենց դրդել է գնալ և բանակցել Սերժ Սարգսյանի հետ։

ԲՀԿ-ի ծանր հրետանիներից մեկն էլ՝ Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտարարում էր, որ հեղափոխության օրերին Մարուքյանը պադվալներից դուրս չէր գալիս՝ հանդիպելով հանրապետականների հետ։ Գորգիսյանի մասով էլ, ում անվանեց լուսավորյալ մանրադրամ, ասվեց, որ նա Փաշինյանի շարժման առաջին օրից սվաղվել է հայաստանյան եթերներին ու լրատվամիջոցներին եւ անարգանքի սյունին էր գամում Նիկոլին։ Առանց հիշատակության չմնաց նաև Գորգիսյանի քիթը, երբ նա թաշկինակով այն փակեց այն պահին, երբ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը խորհրդարանում վառել էին ազատության ջահը։ Այս ամենի հանրագումարում՝ Ուրիխանյանը եզրակացրել էր, որ սույն երիտասարդը թաշկինակով փակել էր իր լուսավոր քիթը, որովհետեւ հեղափոխության շնչից ալերգիա ունի։

«Հրապարակը»-ը այս ամենի մասին խոսել է Գևորգ Գորգիսյանի հետ։

-Պարոն Գորգիսյան, 
-Լուսինե Հարոյանն էլ ասաց, որ ԼՀԿ-ից իրենց ասվել է, որ այլընտրանքային ճանապարհը Սերժ Սարգսյանի հետ բանակցելն է
։

-Այլընտրանքային ճանապարհը արյուն չթափելու ճանապարհն էր։ Սկսենք այդտեղից, և այդ․․․ Լուսինե Հարոյան, «Կենտրոն» հեռուստաալիք, մնացածը ընդամենը մի բան են՝ Գագիկ Ծառուկյանի փաստացի պատվերը մեր դեմ, որովհետև այդպես էլ չկորաղացան մարսել այս հեռուստաբանավեճը։ Եվ հիմա բոլորը կատարում են մեր դեմ նույն քաղաքական պատվերը՝ Ծառուկյանին պատկանող տարբեր կայքերով ու «Կենտրոնով», իրենց հպատակ տարբեր քաղաքական մանր-մունր գործիչներով։ Դա մեզ շեղելու հերթական փորձերն են, բայց մենք ունենք մեր օրակարգը, որով շարժվելու ենք առաջ։

-Իսկ ԱԱԿ-ից այս տիկինն ի՞նչ կապ ու առնչություն է ունեցել ԼՀԿ-ի հետ, որ Մարուքյանն էլ նրանց ասեր՝ բանակցե՛ք կամ մի բանակցե՛ք։ Ձեր հետ ինչ-որ ճանապարհ անցե՞լ է։

-Բացարձակ, Լուսինե Հարոյանին ես առաջին անգամ տեսել եմ դեբատների ժամանակ, ես նրան որևէ կերպ չեմ ճանաչում, և մենք որևէ կերպ նրա հետ առնչություն չենք ունեցել։

-Ուրիխանյանն էլ ասաց, որ բոլորին հայտնի է, թե ով է ձեր ոսկե հովանավորը։

-Մեր միակ հովանավորը մեր կուսակցության անդամներն են՝ իրենց անդամավճարներով։

-Ասում էր՝ պադվալներ, հանրապետականներ։

-Դա ո՞վ էր ասում՝ Ուրիխանյա՞նը, որի կուսակցության մի մասը կողմ քվեարկեց Սերժ Սարգսյանին, որպեսզի երրորդ պաշտոնավարման ժամկետ ունենա։ Էդ Ուրիխանյա՞նն է։ Որ ժամանակին եղել է կոալիցիայի մաս, Մարտի 1-ից հետո եղել է կոալիցիայի մաս, հիմա իրեն իրավունք է վերապահում որևէ մեկին ասի, որ դուք կամ ունեք հանրապետականի հե՞տ․․․Թող այդ մարդիկ, նախ թող իրենց ամբողջ ճանապարհը նայեն, իրենց սարքած կուսակցությունները, հետո նոր բարոյական իրավունք ունենան որևէ մեկին քննադատելու։

-Ուրիխանյանն էլ ասում էր, որ Դուք այն Գորգիսանն եք, որը Ձեր լուսավոր քիթը փակում էիք թաշկինակով․․․

-Լավ էի անում։Ծուխը ինձ տհաճ էր, ունեմ շնչառական խնդիրներ, քիթս փակել եմ։

-Ախտորոշեց, որ Դուք ալերգիա ունեք հեղափոխության շնչից։

-Միգուցե ինքը՞ ալերգիա ունի հեղափոխության շնչից, որովհետև իրենց ֆրակցիան, երբ հեղափոխություն էր փողոցում, կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանին։ Մենք միակն էինք, որ ԱԺ-ում Սերժ Սարգսյանին դեմ ինչ-որ բան ենք արել։ Իրենց ֆրակցիան կամ բացարձակ լուռ էր, քարի պես, կամ կողմ է քվեարկել Սարգսյանին։ Չմոռանանք նաև հոկտեմբերի 2-ը, երբ ՀՀԿ-ի ու Դաշնակցության հետ համատեղ փորձում էին ինչ-որ դավեր նյութել։ Ու հիմա իրենց ըտենց դառել են հեղափոխակա՞ն, իմ քիթն էլ հակահեղափոխակա՞ն։

-Եվ ինչու՞ է, ըստ Ձեզ այս ամենը կատարվում ոչ թե նախընտրական շրջանում, այլ հետընտրական։ Այսինքն՝ Ձեր խոսքով՝ պատճառը այդ դեբա՞տն էր, որի ժամանակ Ծառուկյանը Մարուքյանին ասաց՝ ես քո կլասիկ ցավը տանեմ։

-Ոչ միայն, այլև մեր քաղաքական օրակարգը։ Ինձ տարբեր լրագրողներ հարցրել են՝ բա ասում էիք, որ քաղաքականության մեջ օլիգարխներ չլինե՞ն․․ բա Ծառուկյանի ցուցակում կան նստած մարդիկ, հանցագործներ։ Այսինքն՝ հասարակությունը դեռ այս հարցի պատասխաններն է ուզում։ Եվ առաջին հերթին կառավարությունը պետք է սրա պատասխանը տա, որովհետև պարոն Փաշինյանն ասելով, որ պարոն Ծառուկյանը ոչ թե օլիգարխ է, այլ գործարար, փաստացի  ճանապարհ հարթեց քրեաօլիգարխիկ համակարգի համար՝ դեպի ԱԺ։ Եվ սրա պատասխանը դեռ պետք է տրվի։ Մենք, իհարկե, պատասխանում ենք քաղաքացիների հարցերին, բայց կառավարությունն է դրա հասցեատերը։

Անուշ Դաշտենց