Ադրբեջանն առժամանակ «խելոք կմնա» Ուկրաինայի պատճառով
Ռուս-ուկրաինական սահմանին շարունակվում է անհանգիստ իրավիճակը: Ուկրաինայի նախագահի՝ իր երկրի սահմանների մոտ ռուսական մեծաթիվ զորքի կուտակման կապակցությամբ իր և նաև արևմտյան երկրների մտահոգությունը բարձրաձայնելուն ու հայտարարությանը, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանի հետ ցանկացած տեսակի առճակատման, հետևեց Լուկաշենկոյի պատասխանը, որ իր երկիրը պատրաստ է տեղակայել ռուսական միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ն ամերիկյան միջուկային զենքը Գերմանիայից տեղափոխի Արևելյան Եվրոպա։
Պատասխանելով Արևելյան Եվրոպա ամերիկյան ատոմային ռումբերի հնարավոր տեղափոխման մասին հարցին, եթե Գերմանիայի նոր կառավարությունն այլևս չցանկանա դրանք տեղակայել, Լուկաշենկոն ասել է, որ այդ դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կառաջարկի վերադարձնել Բելառուս միջուկային զենքերը, որ դուրս են բերվել երկրից 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ Արևելա-կենտրոնական Եվրոպայում ստեղծված սահմանային լարված իրավիճակը հաղորդակից անոթի էֆեկտով առնչվում է Հարավային Կովկասի հետ և փոխազդում։ Եվ ոչ միայն այդտեղ, այլև, առհասարակ, հետխորհրդային տարածքում։
Ասաց․ «Եվ այստեղ ինձ թույլ եմ տալիս սուբյեկտիվ մի ենթադրություն, որ Պուտինի կողմից դրսևորված այս կոնստրուկտիվությունը՝ Սոչիի հանդիպման ժամանակ, և նաև այդ խանդի տեսարանները բեմականացնելուց ձեռնպահ մնալը պայմանավորված է Ուկրաինայի սահմանին առկա մեծ անորոշությամբ։ Եվ դա նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով է ասվում և դա նաև ունի Ռուսաստանում որոշակի ներքաղաքական ազդեցություններ, ապա Պուտինը որոշում է ընդունել առժամանակ կառավարելի հունի մեջ պահել իրավիճակը Հարավային Կովկասում և այստեղ թույլ չտալ ինչ-որ անկառավարելի գործընթացներ։ Եվ, այս առումով, նաև Ալիևի հետ են հասել փոխհամաձայնության, որ իրեն պետք է խելոք պահի»։
-Բայց դրանում վատ բան կա՞, պարոն Մեհրաբյան։
- Իհարկե, շատ լավ է, որ Ալիևը խելոք պահի, ուղղակի խնդիրը հետևյալն է՝ որքա՞ն դա կտևի։ Որովհետև այնպես չէ, որ Ալիևն իրեն միշտ խելոք է պահելու։ Ալիևն առժամանակ, այո, խելոք կպահի։ Եվ ոնց որ թե այդ համաձայնությունը կա։ Բայց ինչքան կտևի՝ բարդ է ասել, կանխատեսումների դաշտից է, և, հետևապես, Հայաստանը ստանում է հնարավորություն՝ շունչ քաշելու։ Վերակառուցելու իր պաշտպանական և անվտանգային համակարգերը, զբաղվելու իր ներքին խնդիրներով, նաև` դիվերսիֆիկացնելու իր բոլոր քաղաքականությունները, որպեսզի x պահին, երբ Ալիևն իրեն խելոք չպահի, Հայաստանն այդ մարտահրավերին դիմակայի շատ ավելի ուժեղացած, քան այսօր է։
-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով՝ խանդի տեսարաններ։
- Շատ լավ հարց է։ Նոյեմբերի 9-ին ընդառաջ, այո, ՌԴ-ն շատ է ցանկանում, որ առնվազն Zoom-ով եռակողմ հանդիպում լինի, և ակնհայտ էր, որ Երևանը չէր ուզում ամսի 9-ին հանդիպել։ Ամսի 9-ին Հայաստանում 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտի մեկամյա տարելիցն էր, սգո միջոցառումներ էին պլանավորված, գնալ-հանդիպելը մեր երկրի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր։ Բայց ռուսները դա համարեցին (նոյեմբերի 9-ին չմեկնելը) մարտահրավեր։ Մանավանդ, երբ Բրյուսելում հանդիպելու մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց, Ռուսաստանը բոլոր շներին արձակեց Հայաստանի վրա։ Որ, ահա, Հայաստանը սենց, նենց, Փաշինյանն էս արե՜ց, էն, մեզ մերժեց, բայց Բրյուսելին չմերժեց և այլն, և այլն։ Ես ասում եմ այն, ինչ գրում էր ռուսական մամուլը Կրեմլի ազդեցության ներքո։ Եվ ռուսական փորձագիտական համայնքը նույնպես ձեռնպահ չէր մնում։ Ընդհուպ մինչև մոսկովյան «Կարնեգի» կենտրոնում նման բովանդակությամբ հրապարակում եղավ։ Բայց արի ու տես, որ երբ ձեռք բերվեց Սոչիի հանդիպման պայմանավորվածությունը, և մենք տեսանք այն, ինչ տեսանք, իսկ դրան նախորդել էր Պուտինի և Մակրոնի խոսակցությունը, Պուտինի և Շառլ Միշելի, և բուն Սոչիում Պուտինը բաց տեքստով ողջունեց Ալիևի և Փաշինյանի մտադրությունը՝ ևս մեկ անգամ հանդիպելու Բրյուսելում։ Այսինքն՝ Ռուսաստանը սկսեց հարցին նայել ռացիոնալության տեսակետից և ոչ թե այնպես, ինչպես նայում է։ Առանց խանդի և առանց բանի։
-Ես, իհարկե, հասկանում եմ Ռուսաստանի «ոխերիմ բարեկամության» մասին Ձեր տեսակետը, բայց արդյոք չի՞ ստացվում մի իրավիճակ, երբ մենք, փաստորեն, ՌԴ-ի հետ բնական դաշնակիցներ ենք դառնում` հաշվի առնելով, որ Ուկրաինայի կողմում էլ Թուրքիան է։
- Աշխարհը սև-սպիտակ չէ։Ի վերջո, Թուրքիան Ուկրաինայի կողմը չէ, Թուրքիան իր կողմն է։ Այնպես, ինչպես «Ռուսաստանն է իր կողմում», և ամեն մեկը տանում է իր խաղը։
-Այնուամենայնիվ, ռուս-ուկրաինական սահմանին պատերազմ կանխատեսու՞մ եք։
-Ոչ, որովհետևՊուտինին կարելի է շատ ու շատ բնորոշումներ տալ, բայց մի բնորոշում հաստատապես տալ հնարավոր չէ։ Դա այն է, որ նա ինքնասպան է։ Նա ինքնասպան չէ։
-Այնուամենայնիվ, այդ լարված իրավիճակն Ալիևին կստիպի՞ առժամանակ «խելոք մնալ»։
-Ենթադրում եմ` այո։ Որքան կտևի այդ ժամանակը, չեմ կարող ասել, կարող է` կարճ, կարող է՝ միջնաժամկետ, կարող է` շատ ավելի երկար։ Բայց մի բանի մասին կուզեի խոսել։ Սա, այնուամենայնիվ, Հաաստանի դիվանագիտության համար լավ հնարավորություն է՝ իրավիճակն օգտագործել Ալիևին հնարավորինս շատ պարտավորությունների տակ դնելու համար։ Որպեսզի հենց նա դադարի «խելոքանալ», ապա ցանկացած ուժային ոտնձգության գինը մենք կարողանանք դարձնել Ադրբեջանի համար անմատչելի։ Եվ այս իմաստով այդ Սոչիի հանդիպումը, հետո՝ Մհեր Գրիգորյանի մակարդակով այդ եռակողմ հանդիպումը, ԵԱՀԿ-ի շրջանակներում այդ մինի սերիալը, հա՞, և նաև Բրյուսելի հանդիպումը, ապա դրա համար որոշակի հնարավորություններ են բացվում հայկական դիվանագիտության համար, որը, կարծում եմ, հայկական դիվանագիտությունը պետք է մաքսիամալ ՕՕԳ-ով օգտագործի։ Որովհետև դա են պահանջում մեր շահերը։
Կարծիքներ