Եթե ոչ այսօր, ապա վաղը կարող են պատասխանատվության ենթարկվել

Եթե ոչ այսօր, ապա վաղը կարող են պատասխանատվության ենթարկվել

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրինք՝ «Սպայկայի» եւ մյուս խոշոր տնտեսվարողների դեմ ստուգումներն ու քրեական գործերն արդյոք չե՞ն վախեցնում ներդրողներին, որ իրենք էլ վաղը կարող են ենթարկվել տեռորի, եթե ներդրում անեն Հայաստանում ու հանկարծ մի տեղ վարչապետի դուրը չգան։

«Ես կարծում եմ, որ Դուք Ձեր հարցի պատասխանը գիտեք, եւ դա որեւէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես տեռոր եւ որեւէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես վարչապետի կամ կառավարության մեկ այլ անդամի կողմից առնվազն․․․ իրենք էդտեղ անելիք չունեն, էդտեղ կա իրավապահ կառույցների եւ տվյալ կազմակերպության միջեւ եղած հարցի պարզաբանման անհրաժեշտություն»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

- Բայց այդ իրավապահները նախորդ իշխանության օրոք չէին անում նման բաներ, այդ իրավապահները հիմա նոր իշխանության իրավապահներն են, եւ դա, ըստ էության, դիտարկվում է որպես այս իշխանության քայլ։

- Տեսեք, ես չեմ ցանկանում որեւէ կերպ գնահատական տալ այն հարցին, թե իրավապահներն ինչպես են գործել, ինչպես են գործում։ Իրավապահները, եթե մի բան իրենց հայտնի է դարձել, եւ օրենքն ասում է, որ էդ դեպքում պետք է գործողություններ կատարեն, ապա պետք է կատարեն։ Ես՝ ինքս, ունեցել եմ Ձեր հարցի առնչությամբ փոքր աշխատանքային քննարկում պարոն Անանյանի հետ, էն հիմքերը, որոնք, բնականաբար, նախաքննության կամ քննության էնպիսի փուլերում են, որոնք գաղտնիության որոշակի աստիճան են պահանջում, բայց նրանք, որոնք կարելի է քննարկել մեր գործընկերային հարաբերություններում, պահանջում են պարզաբանում մինչեւ վերջ։ 

- Որպես բիզնեսի ոլորտի հետ առնչություն ունեցող եւ այդ ոլորտը տեսականորեն կառավարող մարդ՝ Ձեր կարծիքն ասեք․ այս լարված մթնոլորտը կարո՞ղ է դրական ազդել ներդրումային եւ գործարար միջավայրի վրա։

- Ես մեկ անգամ առիթ ունեցել եմ այդպիսի հարցի մասին խոսելու համար, ես վստահ եմ հետեւյալում․ ամենակարեւոր բանն այն է, որ արդյունքում կայացվեն արդար որոշումներ, եւ եթե բիզնեսը վստահ է, որ կայացվում են արդար որոշումներ, օրենքի տառին համապատասխան, ապա դա չի կարող երկարաժամկետ առումով որեւէ ազդեցություն թողնել բիզնես միջավայրի վրա վատ տեսանկյունից։ Լավ տեսանկյունից կարող է թողնել, որովհետեւ տնտեսվարողները կարող են վստահ լինել, որ եթե գործում են օրենքի տառին համապատասխան, ո՛չ այսօր, ո՛չ վաղը չեն կարող ունենալ խնդիրներ, եւ պետք է գիտենան, որ չեն կարող խախտել օրենքը, որովհետեւ, եթե ոչ այսօր, ապա վաղը դրա համար կարող են պատասխանատվության ենթարկվել։

- Հրապարակում եղավ, որ «Սպայկայի» տեղը փորձում է զբաղեցնել «Բեսթ Ֆուդ» ընկերությունը։

- Ես էլ Ձեզ պես միայն լրատվամիջոցներից եմ տեղեկացել էդ մասին։ Կարծում եմ՝ էդտեղ պետք չէ ասել, որ մեկը մեկի փոխարեն։ Նման տեղը երբեք դատարկ չի մնում, բայց այլ իմաստով եմ դա ասում, այն առումով, որ կազմակերպությունն ինքն է որոշում, թե ինչ չափով շարունակի իր գործունեությունը։ «Սպայկան» հրապարակային տեղեկատվություն տարածեց, որ կարող է ամբողջ ծավալով չկարողանան ծրագրերն իրականացնել, որոշակի ֆինանսական դժվարությունների պատճառով, իրենք հենց ազդակ են հաղորդում շուկային, որ էդտեղ կան հնարավորություններ։ Իսկ որտեղ կան նոր հնարավորություններ, էդտեղ կհայտնվեն նոր գործիչներ։

- Գուցե հատուկ միտո՞ւմ կար ՊԵԿ-ի գործողությունների մեջ, որ «Սպայկայի» տեղը դատարկ մնա, եւ այլ ընկերություններ գան զբաղեցնեն։

- Ես չեմ կարծում, անկեղծ՝ չեմ կարծում, որովհետեւ Դուք գիտեք, որ էս հարցերը սկսել են քննարկվել արդեն մոտավորապես մեկ տարի։ Այսինքն՝ սրանք գործընթացներ են, որոնք ունեցել են որոշակի ընթացք եւ հասել են մի կետի, որտեղ պետք է որոշակի որոշումներ կայացնեն։ 

- Ըստ Ձեզ՝ տնտեսական հանցագործությունները պե՞տք է քրեորեն պատժելի լինեն, պե՞տք է խոշոր ներդրողին նստեցնել, երբ նա պատրաստվում է նոր ներդրումներ անել, աշխատատեղեր բացել, այն դեպքում, երբ նա համաձայն է վնասը հատուցել։

- Գուցե իմ պատասխանն իրավական տեսանկյունից մասնագիտական ձեւակերպումներ չունենա, բայց գիտեք, որ անգամ հարկային իրավունքում նման դեպքերում, եթե իրավախախտումների հետեւանքը վերացված է, այսինքն՝ հարկերը վճարված են, քրեական հետապնդումը, պատասխանատվությունը դադարեցվում է։ Կարծեմ՝ հիմա «Սպայկայի» տնօրենի դեպքում կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրված է ժամանակավոր հատվածում, դա չի նշանակում, որ դա վերջնական որոշում է։

- Բայց չի բացառվում, որ տվյալ տնտեսվարողին ի վերջո դատապարտեն ազատազրկման ու մի քանի տարի նստեցնեն։ Այդ դեպքում, երբ ընկերությունը կորցնի իր ղեկավարին, փակվի, դրա արդյունքում նաեւ հարկեր չի վճարի բյուջե։ Դա լա՞վ է, երբ մի խոշոր ընկերության ողնաշար կոտրվում է, եւ մի խոշոր հարկ վճարող խաղից դուրս է գալիս։

- Միշտ էդ մտավախությունը կա, եւ դա մտահոգություն է հասարակության համար՝ ընդհանուր առմամբ։ Դրա համար էլ հասարակությունը հասարակական վտանգի չափը գնահատելու արդյունքում կայացնում է իրավական կարգավորումների վերաբերյալ որոշումներ, Ազգային ժողովն ընդունում է օրենքներ։ Եթե ՀՀ օրենքները նման դեպքերում նախատեսել են, որ պետք է գնանք էդ ճանապարհով, ուրեմն պետք է օրենքը պահպանենք կամ օրենքը փոխենք։

- Կարո՞ղ է ինքներդ նախաձեռնեք նման փոփոխություն՝ որպես կառավարության անդամ։

- Գիտե՞ք, կառավարությունում միշտ կան կողմեր, որոնք ապաքրեականացման եւ ավելի ազատական մոտեցումների կողմնակիցն են, այդ թվում՝ նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը։ Մենք տարբեր ժամանակներում տարբեր նախաձեռնությամբ հենց էդ տեսակետն ենք զարգացնում։ Մյուս կողմերը, բնականաբար, իրավունք ունեն ունենալ իրենց տեսակետները, եւ էդտեղ են ձեւավորվում միջին կշռված որոշումները։

- Դուք Ձեզ կոմֆորտ վիճակո՞ւմ եք զգում այս միջավայրում եւ այս մթնոլորտում աշխատելով։

- Այո, որովհետեւ ես իմ պարտականությունները կատարում եմ իմ՝ օրենքով սահմանված պատասխանատվության շրջանակներում։

- Ավելի կոմֆորտ, քան նախո՞րդ կառավարության օրոք։

- Եկեք էդպիսի գնահատականներ չանենք, ես նախորդ կառավարությունում նույն պաշտոնը չեմ զբաղեցրել։