Ես ողնաշարը չեմ տեսնում, որի վրա երկիրը անփորձանք կհասնի հանգրվանի․ Արսեն Քարամյան

Ես ողնաշարը չեմ տեսնում, որի վրա երկիրը անփորձանք կհասնի հանգրվանի․ Արսեն Քարամյան

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արսեն Քարամյանը ընդունում է ընտրությունների արդյունքը, սական վստահեցնում է, որ որպես անհատ, հասարակության անդամ, որպես այս երկրում ապրող մարդ չի հավատում, որ ամեն ինչ լավ է լինելու։

«Անկեղծ ուզում եմ հավատալ, որ այո՝ մեծամասնությունն այսօր ճիշտ որոշում է կայացրել: Քավ լիցի, ես հեռու եմ այն մտքից, որ նախորդ շրջանում ամեն ինչ տեղին է եղել, լավ է եղել։ Ոչ, բնականաբար, մենք ունեցել ենք պրոբլեմներ, բայց մենք ունեցել ենք առավելություններ, որոնք ներկայում ես որևէ կերպ չեմ կարողանում նույնիսկ մանրադիտակով գտնել»։ Նախկին փոխնախարարին մի քանի հարց տվեցինք։

- Օրինակ, ի՞նչ առավելություններ ունեք։

Ես այն ողնաշարը չեմ տեսնում, որի վրա երկիրը շարունակելու է այս մարտահրավերների միջով անփորձանք խուսանավելով հասնել հանգրվանի։ Իսկ որքան էլ ատենք, չսիրենք ՀՀԿ-ին, կամ առանձին երևույթների, հանուն արդարության պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ն այնուամենայնիվ մեր պետականության այդ ողնաշարը տարիներ շարունակ կարողացել է ապահովել։ Էլի եմ ուզում ասել, ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ի վերջո այդ լավը, նոր թիմի հաջողումը նաև իմ հաջողումն է որպես հասարակության անդամի։

-Դուք միշտ երիտասարդների կողքին եք եղել, և այս հեղափոխությունը երիտասարդներն են արել։ Չե՞ք գտնում, որ Ձեր իմացած երիտասարդությունը նոր ճաշակ ունի։

-Մեր հասարակության մեջ գլոբալ փոփոխություններ են գեներացվել դա ակնհայտ է, մարդու ընկալումն է փոխվել։ Այո, ժամանակ առ ժամանակ, տեղի են ունենալու այսպիսի փոփոխություններ, որոնք բերելու են հանրային կյանքում վերադասավորումների, այդ թվում նաև քաղաքական։ Ես որպես որոշակի փորձառություն ունեցող մարդ, երիտասարդության դիրքորոշումները դիտարկում եմ այդ փոփոխությունների ուղեծրում, իսկ երիտասարդները փոփոխությունների նկատմամբ շատ ավելի ընկալունակ են։

- Այս պահի դրությամբ 5 տոկոս էլ չի հավաքել հանրապետականը։ Դուք ռեալ եք համարում այս թիվը։Կեղծիքներ չեն եղել, չէ՞։

-Ես չեմ հետևել մանրակրկթությամբ և որևէ բան չեմ կարող պնդել, բայց ցավ եմ ապրում, որ աննշան թվաբանական տարբերությամբ ՀՀԿ-ն մաս չկազմեց նորընտիր խորհրդարանին։ եթե նայենք մեր ցուցակի առաջինից 6-7 համարներին, կամ տասնյակին, այնտեղ կան պատկառելի փորձառությամբ և ինստիտուցիոնալ կարողություններով մարդիկ, որոնք կարող էին օգտակար լինել մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը։

- Բայց ինչո՞ւ չտվեցին ձեր կարծիքով։

- Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի։ Այսօր ես դա էի մտածում, որ ամենևին էլ չեմ տխրում այն հանգամանքի համար, որ այսպես է ստացվել։ Գուցե, սա հնարավորություն է տալու և ՀՀԿ-ին, և ՀՀԿ-ից դուրս, որ որոշակի վերարժեվորումներ տեղի ունենան։ Չի կարող տասնյակ տարիներ պատասխանատվություն ստանձնած ուժը անթերի լինի մինչև վերջ։ Սա լավ հանգրվան է ինքնամփոփվելու, որոշ ժամանակ, հաշվառվելու, որոշ բաներ նորովի ուրվագծելու ու հասարակությանն էլ երկար ժամանակի մեջ՝ 2, 3, 5 տարիների, հնարավորություն տալու, որ համեմատություն կատարի ներկայի և նախկինի միջև։ Սա երկուստեք հնարավորություն էր վերաիմաստավորելու։

- Դուք համոզվա՞ծ եք, որ կեղծիք չի եղել։ Արդեն կարծիքներ կան, որ ձայները այդ 0,3 տոկոսով թվերը փոխել են։

Ես որևէ բան չեմ կարող ասել այդ մասին։ Ես քվեարկել, դուրս եմ եկել, առանձնակի ինչ որ վատ բաներ չեմ տեսել։ Ճիշտ այնպիսի ընտրություն է եղել, ինչ որ նախորդ՝ 2017 թվականի ընտրություններին։ Ոչ դրական, ոչ բացասական բան չեմ նկատել; էյֆորիկ վիճակի քվեարկությունները զգայական են։ Բայց ինձ համար ընդունելի է՝ մեծամասնությունը որոշում է կայացրել։