Լաստանավի թեման «փոզմիշ» եղավ․ փոխնախարարը ժամանակից շուտ էր ոգևորվել

Լաստանավի թեման «փոզմիշ» եղավ․ փոխնախարարը ժամանակից շուտ էր ոգևորվել

Տրանսպորտի նախկին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, որն այժմ պատգամավոր է, անցյալ տարի մի հավակնոտ հայտարարություն էր արել, թե Հայաստանը մտադիր է լաստանավ ձեռք բերել։ Այս հայտարարությունն ի սկզբանե անիրատեսական էր թվում, ընդամենը մանկական երազանք, ու դա այսօր իր բերանով հաստատեց տրանսպրտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ փաստացի հասկացնելով, որ ծրագիրը «փոզմիշ» է լինում, լաստանավի հույս չունենանք և որ նախկին փոխնախարարը, ըստ էության, շտապել էր ոգևորություն արտահայտել նման բարի ցանկությունների հարցում։

«Ուրեմն լաստանավային փոխադրումների առումով մենք ունենք հավաստիացումներ Հարավկովկասյան երկաթուղիներից, որ համապատասխան ծավալի առկայության դեպքում իրենք կարող են ապահովել փոխադրումներ։ Եվ այս պահին ընդհատումն այն պատճառով է, որ բավարար չափով ծավալի բեռներ չկան, որպեսզի հանրավոր լինի վարձակալել լաստանավն ու ունենալ տնտեսական էֆեկտ»,-ասաց նախարարը՝ ասելով, որ այս պահին կասեցված է այդ գործընթացը։

Նա հաստատեց, որ նմանատիպ քննարկումներ եղել են՝ սեփական լաստանավ ունենալ, բայց պետությունը հիմա նպատակահարմար չի համարում պետական լաստանավ ունենալ Սև ծովում։ «Հիմա այդ քննարկումները դեռ շարունակվում են՝ հասկանալու, թե արդյոք ներդրողներ կգտնվե՞ն, որոնք կուզենան լաստանավ ունենալ և տրամադրել բեռնափոխադրումների համար, թե՞ ոչ, որքան դա կարժենա, ինչ տնտեսական էֆեկտ կունենա և Հայաստանը կունենա այդտեղ մասնակցություն, թե՞ ոչ։ Այս պահին նորություն չկա այդ առումով»,- ասաց նա։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե փաստորեն շտապել էր նախկին փոխնախարարը, երբ հայտարարել էր լաստանավի մասին ու ոգևորություն էր առաջացրել, Հակոբ Արշակյանը մեր հարցին պատասխանելու փոխարեն որոշեց հեգնել․ «Սիրում եք գնահատականներ տալ»։

Նկատեցինք, որ իր ասածից է ստացվում, որ շտապել էր, հակառակ դեպքում ինչո՞ւ է նման հայտարարություն արել, եթե հաշվարկներ չունեին ու չպետք է կարողանային իրագործել։ 

«Փոխախարարը հայտարարել է, որ քննարկուններ են ընթանում»,- մի կերպ «գլուխն ազատող» պատասխան տվեց տրանսպորտի նախարարը։