Կեցցե ամենակարող Մարգարիտան

Կեցցե ամենակարող Մարգարիտան

Նոր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի այլեւս նախկին խորհրդական Տիգրան Պասկեւիչյանը երեկ ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հայտարարելով իր հրաժարականի մասին․ «Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ Հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել Քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության։ Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն եւ դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը։ Չես գնում փոփոխությունների՝ ուրեմն չես ուզում աշխատել։ Եթե չես աշխատում, հազար պատճառաբանություն կարող ես բերել՝ մարդուժ չկա, թարմ գաղափարներ չկան, փող չկա եւ այլն։ Ոչինչ, որ հանրային տարածքում սանիտարական մաքրություն անցկացնելու շանսն ես բաց թողնում՝ մսխելով թավշյայի բովանդակությունն ու արժեքները»։

Մարդկանց այն հատվածը, որը ճանաչում է թե՛ Արա Շիրինյանին, թե՛ Տիգրան Պասկեւիչյանին, արդեն իսկ Պասկեւիչյանի հրաժարականը գնահատել է որպես «Մարգարիտ Գրիգորյանի հաղթանակ»։ «Տիգրան Պասկեւիչյանը տաղանդավոր մարդ է, նրա մանկության երազանքը, հաստատ, Արա Շիրինյանի խորհրդական դառնալը չի եղել։ Տիգրանն այնտեղ էր գնացել փտած Հանրայինը նոր ժամանակներին ներդաշնակ դարձնելու մտահոգությամբ ու ցանկությամբ։ Տիգրանն ինձ համար մնաց նույն Տիգրանը։

Ցավում եմ, որ Արա Շիրինյանի մասին նույնը չեմ կարող ասել։ Կեցցե ամենակարող Մարգարիտան՝ իր անձեռնմխելի «թիմով», եւ, առհասարակ՝ նախկին հանցագործների կամակատար բոլոր մարքրիտները։ Ուռա՛»,- գրել է Լիզա Ճաղարյանը։ Գրության տակ բազում մեկնաբանություններ՝ «հեղափոխությունը Հ1 էլ չմտավ» ոգով։
Տիգրան Պասկեւիչյանի տրամադրությունների մասին քիչ թե շատ ենթադրություններ կարող էի անել՝ դատելով այն պատասխաններից, որ նա տվեց մի քանի օր առաջ Հանրայինի ազատ հարթակի մասին մեր հարցազրույցում։

Նաեւ «օդում կախված լուրերից», թե Արա Շիրինյանի 25 տարվա ընկեր, նրա հետ նույն գաղափական (որոշ տարբերություններով) արժեքները կիսող Տիգրան Պասկեւիչյանը միամտաբար կարծել է, թե Ռուբեն Ջաղինյանի կողմից գործադիր տնօրեն նշանակված Մարգարիտ Գրիգորյանը, ով ժամանակին հրաժարվում էր էժանագին օծանելիք օգտագործող Հ1-ի աշխատակցուհիների հետ վերելակ մտնել, եւ ում անունը մշտապես չհերքվող սկանդալային պատմությունների կողքին է, տեղ չունի նոր Հայաստանի Հանրայինում։ Բայց, ինչպես ասում են, այստեղ խոփը դեմ է առել ակոսին… Եվ սա Մարգարիտ Գրիգորյանի դեպքում արդեն օրինաչափություն է դառնում։ Հեղափոխական թիմից բոլոր նրանք, ովքեր տիկին Գրիգորյանի հետ 1 ամսից ավելի աշխատում են, դառնում են նրա ամենաջերմեռանդ պաշտպանները։ Եվ սա Գրիգորյանի դեպքում արդեն լակմուսի թուղթ է։ Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը պատգամավոր դառնալու պատճառով թողած «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թեւոսյանը, օրինակ, հեռանալիս համատեղ աշխատանքի համար անվանական շնորհակալություն էր հայտնել միայն գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանին՝ «համատեղ ծանր ճանապարհ անցնելու համար»։

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Շիրինյանը՝ ինքը, մոտ մեկ ամիս առաջ կարճ եւ կոնկրետ ասաց՝ Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը, այո, շարունակելու է պաշտոնավարել։ Համացանցում հատորների հասնող քրեաիրավական բնույթի տեղեկությունների ու ակնարկների վերաբերյալ էլ Արա Շիրինյանն ասաց․ «Չեմ կարծում, որ նախկինում հնչած բոլոր մեղադրանքներն ունեին լուրջ հիմքեր»։

ՀՌԱՀ խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահի հայտարարված մրցույթի ժամանակ պատասխանելով հարցին, թե ընտրվելու դեպքում ինչպես կվարվեն Մարգարիտ Գրիգորյանի հետ, ասաց, թե պետք է ստուգի փաստերը։ Իրականում «օդում կախված լուրերն» ասում են, որ Մարգարիտ Գրիգորյանը միանգամից երեք հզոր հովանավոր ունի, որոնցից երկուսը փոխվարչապետերն են, մյուսը՝ վարչապետի տիկինը․ Աննա Հակոբյան, Տիգրան Ավինյան եւ Մհեր Գրիգորյան։ Ազդեցիկ եռյակ է։
Արա Շիրինյանը երեկ, թերեւս, ենթադրում էր, թե ինչ հարցով «Հրապարակի» լրագրողը կարող է իրեն զանգահարել, եւ կա՛մ անջատում էր, կա՛մ զանգերին չէր պատասխանում։ Շատ կարճ  զրուցեցինք նաեւ Հանրայինի լուրերի պատասխանատու Պետրոս Ղազարյանի հետ։ Նա ասաց, որ չի խոսել ոչ մեկի հետ՝ ի՞նչ իմանա։ Հանդիպե՞լ է Մարգարիտ Գրիգորյանի կամ Արա Շիրինյանի կողմից «սառը անտարբերության», այն, ինչի մասին գրել է Տիգրան Պասկեւիչյանը։ Պետրոս Ղազարյանն ի պատասխան ասաց․ «Ես ոչ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ, տնօրենից շատ գոհ եմ․․․ Արա Շիրինյանից՝ նույնպես․․․ Սառը անտարբերությո՞ւն, չէ, չեմ հանդիպել»։

Մեզ հետ զրույցում Տիգրան Պասկեւիչյանն էլ չցանկացավ գրառմանը որեւէ բան ավելացնել՝ ասելով, որ դրանում ամեն ինչ ասված է։ Բայց, ըստ էության, չհերքեց, որ պատճառը Մարգարիտ Գրիգորյանն է։ Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության վերաթարմացմանը միտված ազատ հարթակը, որի միջոցով շուրջ 500 հեռուստանախագծերի առաջարկ էր ուղարկվել, Տիգրան Պասկեւիչյանի գաղափարն էր։ Հարցին, թե ինչ է լինելու դրանց հետ, Տիգրանն ասաց, որ իր համար պարզ չէ, դիմենք Շիրինյանին։ Տիգրան Պասկեւիչյանից բացի, ազատման դիմում է գրել Շիրինյանի եւ Պասկեւիչյանի ընկեր Սաթենիկ Ֆարամազյանը, ով Շիրինյանի օգնականն էր։ Նա Տիգրանի հետ վերադառնում է «Վերսուս» ստուդիա, ուր Շիրինյանը նույնպես, մինչեւ ՀՌԸ նախագահ ընտրվելը, աշխատում էր որպես ռեժիսոր։