Սահմանադրությունից բարձր ի՞նչ իրավապայմանագրային փաստաթուղթ

Սահմանադրությունից բարձր ի՞նչ իրավապայմանագրային փաստաթուղթ

«Արցախցիները մինչև հիմա իրենց ձեռքում չունեն որևէ փաստաթուղթ, որն իրավական առումով հաստատում է, որ հայկական երկու պետությունները որպես մեկ Հայաստան են հանդես գալիս, այդքան ասում ենք՝ Արցախը Հայաստան է, և վերջ, և սա պիտի ունենա իրավապայմանագրային արտահայտություն…»,- ասում է Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը` ողջունելով Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրելու ՀՅԴ նախաձեռնությունը:

Այսպիսով նա, չգիտես ինչու, մոռացության է տալիս Հայաստանի սահմանադրությունը, որի նախաբանում հստակ ամրագրված է, որ ընդունվում է Անկախության հռչակագրի հիման վրա, իսկ վերջինս էլ հիմնվում է Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին 1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա:

Ուրեմն սահմանադրական մակարդակով մենք ունենք մի հիմնարար փաստաթուղթ, որով հայկական երկու պետությունները, եթե օգտագործենք տիկին Ալավերդյանի ձեւակերպումը, հանդես են գալիս որպես մեկ Հայաստան: Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ, նրա նորմերը գործում են ուղղակիորեն: Եւ հենց այդ հիման վրա է, որ Հայաստանն ստանձնել է Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորություն եւ միջազգային հանրությանը ներկայանում է ըստ այդմ: Այլեւս ոչ մի կասկած չկա, որ Ադրբեջանի հետ շփման գծում Հայկական զինված ուժերն են խաղաղապահ առաքելություն իրականացնում` կանխելով հակառակորդի ոտնձգություններն Արցախի հայության նկատմամբ: Միջազգայնորեն գրեթե լիովին լեգիտիմացված այս իրողությունը բավարար չէ՞, հարկ է ինչ-որ պայմանագի”ր ստորագրել:

Իսկ եթե այն հակասում է Հայաստանի սահմանադրությա՞նը: Ինչպես կարո՞ղ է երկիրը ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրել սահմանադրությամբ իր մաս հանդիսացող կազմավորման հետ: Ու՞մ համար չէ հասկանալի, որ իրավիճակի այս կամ այն փոփոխության դեպքում Հայաստանն առաջնորդվելու է սահմանադրությամբ եւ ոչ թե Արցախի անկախությունն է ճանաչելու, այլ հռչակագրելու է միասնական հայկական պետություն: Ինչպես որ սահմանված է սահմանադրությամբ: Որն, ի դեպ, ընդունվել է այն իշխանությունների նախաձեռնությամբ, որոնց մասին ակնհայտ չարությամբ է արտահայտվում Լարիսա Ալավերդյանը:

Ներքաղաքական որեւէ նպատակի հասնելու համար կարելի է ընտրել եւ օրակարգային դարձնել ցանկացած հարց, բացի մեկից` Արցախի խնդրից: Այն չափազանց զգայուն է եւ չարժե ձեռքբերումները վտանգել ամբոխահաճ, բայց իրականում ոչինչ չնշանակող նախաձեռնությամբ: Երրորդենք` Հայաստանի սահմանադրությունն Արցախը ճանաչում է միասնական հայկական պետության անբաժանելի մաս, եւ ոչ մի իշխանություն իրավական այդ բարձրագույն արձանագրումից շեղվել չի կարող: Մնացածը դիվանագիտական առօրյա է: