Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցում. պաշտպանները դատարանին ինքնաբացարկ են ներկայացնելու

Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցում. պաշտպանները դատարանին ինքնաբացարկ են ներկայացնելու
Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության կենտրոնի նստավայրում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին:

Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ քննիչը և դատախազը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նաև դատավոր Նելլի Բաղդասարյանին, և վերջինս միջնորդությունը բավարարել էր: Որից հետո գործը մակագրվել էր մեկ այլ դատավորի՝ Դավիթ Գրիգորյանին։ Վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։ Այսօրվա նիստին, ինչպես լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Օրբելյանը, իրենք պատրաստվում են դատարանին ինքնաբացարկ ներկայացնել, պատճառները կնշի նիստի ավարտին:

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցի: Ամենայն հավանականությամբ դատարանը այսօրվա երկու գլխավոր միջնորդություններին չի անդրադառնա:

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը ներկայացրել են դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 26-ին։ Արդեն 2019-ի հունվարի 10-ին էլ դատարան է մուտքագրվել նաև Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս երկու միջնորդությունները կքննեն մեկ վարույթում։

Հիշեցնենք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Սահմանադրական կարգը տապալելը։ Նա հուլիսին կալանավորվեց, ապա օգոստոսի 13-ին ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանից։ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, ազատության մեջ երկար չմնաց, դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշմամբ նա կալանավորվեց: