Վարչապետի անկումը չնչին է լինելու

Վարչապետի անկումը չնչին է լինելու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի երեկվա սուր քննադատությունը թիմում միարժեք չեն ընդունում։

Հիշեցնենք, որ Միքայելյանը տեւական ժամանակ բոյկոտել էր ԱԺ նիստերը։ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում նա չաջակցեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ներկայացրած ՔՊ թեկնածուին, դրանից հետո էլ չընտրվեց «Քաղպայմանագրի» վարչության անդամ․ տեղեկություններ կային, որ կուսակից ընկերներն ընտրություններից «վրեժն» այդ կերպ արտահայտեցին։

Նիստերը բոյկոտելու կարճ ընթացքում անգամ լուրեր տարածվեցին, թե Սասուն Միքայելյանը կհրաժարվի մանդատից, բայց երեկ նա եկել էր խորհրդարան եւ այդ առիթը նշանավորեց թիմին քննադատությամբ։

Միքայելյանը Ռոմանոս Պետրոսյանին մեղադրեց Աբովյանում իշխանության թեկնածուի պարտության համար՝ ընդգծելով, որ Ռոմանոսը ցանկանում է մարզում «դեմք դառնալ»՝ փորձելով իր թեկնածուին քաղաքապետ դարձնել, ինչը, սակայն, նրան այդպես էլ չի հաջողվել:

Սասուն Միքայելյանը չթաքցրեց, որ կուսակցությունում դեմ է քվեարկել իշխող ուժի կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի թեկնածությանը՝ ասելով, որ գործող քաղաքապետը՝ Վահագն Գեւորգյանը, ով հաղթեց Աբովյանի ընտրություններում, շատ լավ աշխատում է քաղաքապետի պաշտոնում՝ նրան հաջողվել է գերակատարել քաղաքի բյուջեն:

Չնայած նրա տեսակետը չի ընդունվել, բայց Սասուն Միքայելյանը վստահեցնում է՝ իշխանության թեկնածուի դեմ չի աշխատել։ «Ես ՔՊ-ի թեկունքից չեմ խփել, որեւէ մեկին չեմ ասել, որ պիտի գնաք, ընտրեք գործող քաղաքապետին։ Նման բան չի եղել։ Իսկ Աբովյանի ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, որովհետեւ ինքն անձնավորեց իրա դերակատարությունն Աբովյանի քաղաքապետի ընտրությունում, դրան գումարած՝ պատկերացրեք, որ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու։

Էսօր մարդիկ կան, որ էս շարժման մեջ՝ իներցիայի տակ, ժողովուրդն ինչ-որ հարցի շուրջ ձայն է տալիս, իրենք գիտեն, թե դեմք են դառել կամ մեծ դերակատարություն են ունեցել հայոց պատմության կամ այսօրվա իրողության, կամ ընդհանրապես՝ էս վերջին թավշյա հեղափոխության հետ կապված։ Դրան գումարած՝ էդպես մի ակտիվ չէր Ռոմանոսը թավշյա հեղափոխության ժամանակ, եւ եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»,- ասաց Միքայելյանը։

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին հարցրինք՝ չի՞ կարծում, որ Միքայելյանը սթափ «ախտորոշել» է հետհեղափոխական իրավիճակը, եւ կան շատերը, որոնք հեղափոխությունը դրոշակ են դարձրել։ Պատգամավորը չհամաձայնեց, ավելին՝ վստահեցնում է, որ իրենց հեռացում չի սպասվում առնվազն 6-7 տարի, ո՛չ թավշյա, ո՛չ էլ այլ տեսքով․ «Ես կարծում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ առավել քան նորմալ է, եւ, հետեւաբար, չեմ կարող հեռացում կանխատեսել։

Ուրիշ բան է, որ առանձին դժգոհություններ կլինեն, եւ այդ փոքրիկ միջադեպ անվանենք, թե ինչ՝ դա ցուցիչ չէ։ Մարդիկ շարունակում են սիրել ու վստահել Նիկոլ Փաշինյանին, բայց քաղաքի կառավարումը տեսնում են այլ մարդու հետ»։

Դիտարկմանը, որ, լինելով ՔՊ հիմնադիրներից, Սասուն Միքայելյանն արդյոք իր անձնական հարցերի պատճառով կնախազգուշացնե՞ր կուսակցությանը, եւ այն էլ՝ հրապարակային․ միգուցե խնդիրը համատարած է, եւ ինքն էլ էր ակնարկում՝ «մարդիկ կան․․․»։

«Ես կարծում եմ, որ ինքը դա նկատի չուներ, իսկ իշխանությանն էլ հեռացում չի սպասվում առնվազն 6-7 տարի, դա պայմանավորում եմ վարչապետի  նկատմամբ ժողովրդի վստահության աստիճանով։ Իհարկե, մեզանից յուրաքանչյուրի՝ կառավարության այս կամ անդամի, այս կամ այն պատգամավորի նկատմամբ այդ վստահությունը կարող է պատահի անկում ապրի, բայց վարչապետի նկատմամբ անկումը շատ չնչին է լինելու, եւ կադրային փոփոխություններ անելով՝ վարչապետը տրված ժամանակահատվածում կարող է կյանքի կոչել մեր ծրագրային դրույթները»։

Ինչո՞ւ եք վստահ, որ առնվազն 6-7 տարի Փաշինյանի նկատմամբ վստահության անկում չի լինի։ «Որովհետեւ քայլերը, որ արվում են, ճիշտ են, եւ պատճառ չի լինի անկման։

Բնականաբար, ժողովրդի սպասելիքներն ավելի շատ են եւ չեն կարող իրականանալ, բոլորը հարյուր տոկոսով, բայց այն, ինչ արվում է, ճիշտ է արվում»։ Ժամանակին Սերժ Սարգսյանն էլ էր կադրերին «զոհաբերում», որպեսզի մեղմի իշխանության նկատմամբ դժգոհության ալիքը, հույս արթնացնի, արդյո՞ք այս ճանապարհը հարցի լավագույն լուծումն է՝ բուն խնդիրը թողած, հետեւանքները վերացնել։ «Ո՞վ է Սերժ Սարգսյանը»․ մեր հարցին Աղազարյանը հարցով պատասխանեց, ապա ասաց, որ ինքը Սերժ Սարգսյան անունով երրորդ նախագահ չի ճանաչում․ «Ես ճանաչել եմ ՀՀ ղեկավար Սերժ Սարգսյան, որն ընտրությունների կեղծելու արդյունքում եկել է իշխանության, եւ, հետեւաբար, ինքը ո՛չ ներքին, ո՛չ հոգեպես, ո՛չ իրավապես չի ունեցել բարոյական ուժը, որ երկիրը ղեկավարի այնպես, ինչպես կա։ Հետեւաբար, Սերժ Սարգսյանին համեմատել Նիկոլ Փաշինյանի հետ, կներեք՝ մի քիչ կոռեկտ չէ»։

Բացառման սկզբունքը պահանջում էր, որ դուք էլ այդ կեղծված ընտրությունների արդյունքում մանդատ չվերցնեիք խորհրդարանում։ «Նույն սկզբունքով հայ ժողովուրդն ապրել է Ռուսաստանի իշխանության օրոք, թուրքերի իշխանության օրոք, բա ի՞նչ անեինք, հո չէի՞նք հելնելու՝ առավոտից իրիկուն կոտորածներ սարքեինք, դա էլ եղել է մեր իշխանությունը՝ բռնազավթված։

Եթե ես չենթարկվեի, զենքը պետք է վերցնեի ձեռքս ու պայքարեի։ Եվ համեմատությունը տեղին չէ նաեւ այն առումով, որ նախկինում գոյություն է ունեցել կոռուպցիոն ուղղահայաց համակարգ»։ Իսկ հինգ-վեց տարի հետո, Աղազարյանը չբացառեց, ժողովրդի նախասիրությունները կարող են փոխվել․ «Ժողովուրդը հոգնում է ու կարող է ընտրել ուրիշին»։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ «քաղաքացին է որոշում՝ այդ հեռացումը կլինի՞, թե՞ չի լինի, թե՞ ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է՝ դա արդեն ժամանակը ցույց կտա: Ոչ մի ինտրիգ չկա պարոն Միքայելյանի ասածի մեջ եւ ոչ մի ինտրիգ չի լինելու իմ ասածի մեջ: Եղել է այն, ինչը եղել է, մենք հետեւություններ ենք արել: Ի գիտություն ենք ընդունել մեր սխալները: Իհարկե, սխալներ եղել են, եթե մենք պարտվել ենք: Ես կարծում եմ, որ անհատների պարագայում մեղադրանք առաջադրելը ճիշտ չէ, որովհետեւ, ըստ իս, պատճառները եղել են շատ, եւ մենք էդ պատճառները նայել ենք, քննարկել ենք, կարձագանքենք եւ հետեւություններ կանենք»։