Նախկին քաղաքապետն ասում է՝ ամբողջ մեղադրանքը ծայրից ծայր հերքում եմ

Նախկին քաղաքապետն ասում է՝ ամբողջ մեղադրանքը ծայրից ծայր հերքում եմ

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել եւ մեղադրանք է առաջադրել Մեղրիի նախկին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին և նրա նախկին տեղակալ Վանիկ Սարգսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից, որտեղ մասնավորապես նշվում է․ «2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը, ով պաշտոնավարել է 2012 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ կատարել է գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձանց իրավունքներին, ինչպես նաև՝ համայնքի օրինական շահերին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ պաշտոնավարման ժամանակահատվածում Մեղրի քաղաքային համայնքի ղեկավարը և նույն համայնքի ղեկավարի տեղակալ, «Մեղրի» հիմնադրամի տնօրենը նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ խախտել են ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 1328-Ա որոշմամբ սահմանված՝ Մեղրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը և Սյունիքի մարզի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող, չշահագործվող նախկին շենքն ու շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը որպես բնակելի շենք վերակառուցելու և 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրիի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի N7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին ու Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին իրավունքով, անհատույց տրամադրելու և դրա հիման վրա կայացված Մեղրիի համայնքի ավագանու համապատասխան որոշումների պահանջները:

Մասնավորապես՝ առանց փաստացի ուսումնասիրելու բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների հաշվառման գործերի ամբողջական տվյալները, առանց վիճակահանությամբ բնակարանների բաշխման գործընթացի կազմակերպման և հանձնաժողովի եզրակացության, անտեսելով բնակարաններն անհատույց տրամադրելու՝ կառավարության վերը նշված որոշման իմպերատիվ պահանջները՝ անհատույց տրամադրվող շինությունները բնակելի տարածքի վերակառուցելու, բնակարան ստացող շահառուների ցուցակում ընդգրկելու և բնակմակերես հատկացելու դիմաց, կառավարության որոշմամբ նախատեսված՝ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ 8 ընտանիքներից պահանջել են «Մեղրի» հիմնադրամի հաշվին վճարել իրենց կողմից կամայականորեն որոշված 1 քմ-ի դիմաց 26.000-36.000 ՀՀ դրամ գումար, իսկ բնակարանի կարիք չունեցող և /կամ/ երիտասարդ չհամարվող ու չամուսնացած 14 անձանց տրամադրել են բնակարաններ:

Բացի այդ, նույն հասցեում գտնվող և նույն նպատակով հանձնված 31,3 քմ, 32,8 քմ, 35,5 քմ, 34,1 քմ, 28,8 քմ և 31,3 քմ մակերեսով ավտոտնակները և նրանց պահպանմանն ու սպասարկմանն ամրակցված հողամասերը համապատասխանաբար 385.000 ՀՀ, 330.000 ՀՀ, 275.000 ՀՀ, 330.000 ՀՀ, 247.500 ՀՀ և 385.000 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել են թվով 6 անձանց: Արդյունքում՝ հրդեհի պատճառով տուժած ընտանիքները հրաժարվել են վճարել և ստանալ անհատույց կարգով իրենց հասանելիք բնակարանները, իսկ բնակարանի կարիք ունեցող 8 եիտասարդ ընտանիքիներ վճարել են ընդհանուր 17 556 710 ՀՀ դրամ գումար՝ իրենց անհատույց կարգով հասանելիք բնակարնները ստանալու համար, ինչպես նաև դրա իրավունքը չունեցող թվով 14 ընտանիքներ ստացել են բնակարաններ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մեղրիի  նախկին քաղաքապետին  և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Մեղրիի նախկին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր չի ընդունում, և որ իր բոլոր գործողություններն օրինական են եղել․ «Ինձ ոչ մի պատճառ չունեն մեղադրելու, շատ անհիմն մեղադրանք է և երբեք ընդունելի չի կարող լինել։ Ես մեկնաբանություն կտամ դատարանում։ Բացարձակ նման բան չկա, և ոչ մի բնակիչ իր ցուցմունքի մեջ չի էլ նշել, որ իրենից գումար է պահանջվել։ Բնակիչներն իրենք իրենց իսկ ցանկությամբ գումար են ներդրել շենքի վերակառուցման համար։ Իհարկե, առանձին հաշվեհամար է բացվել, իրենցից վերահսկողներ են նշանակվել, և իրենց ասել ենք՝ ձեր գումարները դուք տնօրինեք, կառուցման գործընթացը անմիջականորեն ինքներդ վերահսկեք, ամեն ինչ արված է շատ թափանցիկ և բոլորի համար շատ տեսանելի։ Եթե որոշ մարդիկ չեն ուզում այդ թափանցիկությունը տեսնել, դա իրենց խնդիրն է։

Բայց նաև, իմ իմանալով, ինձ գումարի հետ կապված մեղադրանք առաջադրված չէ, ինձ մեղադրել են ոչ թե որ ես գումար եմ վերցրել, այլ կառավարության որոշումը, ըստ երևույթին, ճիշտ չեն հասկացել։ Ինձ մեղադրում են նրա համար, որ ես իբր թե շրջանցել եմ կառավարության որոշումը՝  ըստ որի ես դա պետք է տայի երիտասարդ ընտանիքներին, բայց մարդիկ չուզեցան պատկերացնել, որ Մեղրիում այս պահին 3 հազար 500 մարդ հազիվ է ապրում, ու օր օրի Մեղրին դատարկվում է, դա, իհարկե, իր պատճառներն ունի, և երիտասարդ ընտանիքները չէին կարող անսահմանափակ լինել։ Նշված երիտասարդ ընտանիքներին բոլորին տրված է, նույնիսկ ազատ բնակարաններ կան այնտեղ, և ցանկացողը կարող է գնալ և ստանալ»։

Հարցրինք, թե ավտոտնակների վաճառքի մասին ի՞նչ կարող է ասել, դրանք նույնպե՞ս օրինական են՝ ըստ նախկին քաղաքապետի․ «Շատ օրինական, շատ ճիշտ ձևով այդ ավտոտնակները տեղի բնակիչներին վաճառվել է։ Ես չեմ էլ անդրադարձել, ես այդ ամենը անլուրջ եմ ընդունել, ի սկզբանե այդ ամենը ինձ համար չի եղել մի նյութ, որից ես պետք է վատ զգայի, ես շատ հանգիստ եմ տարել այդ ամենը, որովհետև այդտեղ որևէ օրինակխախտում չկա։ Այդ ավտոտնակները վաճառելու իրավունքը եղել է, կանոնադրության համաձայն այդ վաճառքը ճիշտ ձևով կազմակերպվել է։ Իհարկե, որոշ մարդկանց շահերից բխել է Քննչականին այդ ամենը այլ ձևով ներկայացնելու, իրենք էլ այդ ամենը նույնությամբ արել են։ Ես ցուցմունքներ եմ կարդում, որտեղ նշվում է, թե իբր շինարարության մեջ 18 միլիոն պակասել է, սա անհեթեթություն է, տրամաբանությունից ամենազուրկ մարդն էլ կկարդա ու կտեսնի, որ արվել է 56 միլիոնի շինարարություն, ու կտեսնի, որ երբ ասում են՝ այնտեղ 18 միլիոնի յուրացում է տեղի ունեցել, միանգամից կհասկանա, որ դա անհնարին է։ Իսկ շինարար մարդը, որը պատկերացում ունի, կամ իր կյանքում որևէ օղակում աշխատել է, կհասկանա, կպատկերացնի դրա անհնարինությունը»։

Հարցրինք նաև, թե ո՞վ է տեղակալը, ում նույնպես նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել․ «Ես այնպես չէ, որ շատ տեղակալներ եմ ունեցել, ես մի տեղակալ եմ ունեցել, որն այսօր նոր իշխանությունների հետ է աշխատում քաղաքապետարանում։ Ես նախորդ ընտրություններում չէի առաջադրել իմ թեկնածությունը ու հրաժարվեցի առհասարակ աշխատել, բայց պատճառը այստեղ պետք չէ ման գալ, դա այլ պատճառներ ունի։ Հիմա նա քաղաքապետարանում ինչ-որ բաժնի վարիչ է։ Ես ապրում եմ շատ փոքր քաղաքում, որտեղ բնակիչներից յուրաքանչյուրը ինձ ճանաչում է, և վստահ կարող եմ ասել, որ ինձ ճանաչողներից և ոչ մեկի մոտ իմ մասին սխալ կարծիք չի ձևավորվի։ Դուք էլ եք հաճախ առնչվում դեպքերի, երբ մարդկանց շուրջ ինչ-որ պատմություններ են ձևավորվում, կա դատարան, թող դատարանը ամեն ինչի գնահատականը տա։

Ես բացարձակապես դեմ էլ չեմ եղել, որ մեղադրանք առաջադրվի, երբ ես գնացել եմ, մեղադրանքն արդեն պատրաստ է եղել, ես քննչականից ոչ մեկի հետ ոչ մի բան չունեմ խոսելու, թող դատական պրոցեսի ընթացքում իմ մեղավորությունը ապացուցեն, ես էլ ընդունեմ, ես իսկապես եմ ասում, նման բան չկա, ճիշտ հակառակը՝ շատ լուրջ աշխատանքներ են տարվել, ամեն ինչ շատ բարձր որակի է եղել, այ այդ մասին իրենք կարող են խոսել։ Այնտեղ նաև խնդիրներ են եղել, թերի գումարներով ենք այդ շենքը վերանորոգել։ Բայց խնդիրը դա չէ, եթե զուտ մեղադրանքին նայենք, որում ինձ մեղադրել են, դա անհիմն է, պարզապես անհիմն է, և ես դա դատարանում կապացուցեմ։ Ես ամբողջ մեղադրանքի բուն էությունը ծայրից ծայր հերքում եմ»։ 

Հովհաննիսյանը նաև փակագծեր բացեց, թե ով է իր դեմ ցուցմունք տվել, թեեւ անունը չհնչեցրեց․ «Հայտնվել է մի մարդ, որի անունը դեռ չեմ ուզում բարձրաձայնել, և  ում ցուցմունքը այս պահին ձեռքիս տակ է։ Այդ մարդը սուտ ցուցմունք է տվել, և այդ ցուցմունքի հիման վրա գնացել է ողջ այս դատարավարական պրոցեսը։ Նշեմ նաև, որ այդ մարդը սովորական բնակիչ չէ, ողջ խնդիրը սրա մեջ է»։ Պաշտոնատար ա՞նձ է նախկին քաղաքապետի դեմ դուրս եկել․

«Չեմ ուզում բառացի ասել, որ հենց իմ դեմ է դուրս եկել, գուցե այդ մարդու բնույթն է այդպիսին, գուցե այդ մարդը վատ է զգում, որ այդ օրը մեկի համար վատ չի ավարտվել։ Մարդկային տարբեր բնույթներ կան»․- եզրափակելով ասաց Հովհաննիսյանը։