Քաղաքականություն

«Հրապարակ». Նյութապես շահագրգռելու հոդվածն առել ընկել են ժողովրդի հետեվից

«Հրապարակ». Նյութապես շահագրգռելու հոդվածն առել ընկել են ժողովրդի հետեվից

Իրավապահները շարունակում են Բագրատ սրբազանի գլխավորած շարժման անդամների դեմ շինծու գործեր հարուցել։ Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ համացանցից պեղել են «երկու տղամարդու միջեւ հեռախոսային խոսակցություն՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ»։ Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Կոտայքի մարզում հաստատված 29-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Ըստ ՔԿ-ի՝ վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ 2024թ. մայիսին Երեւան քաղաքում իրականացվող «Տավուշը հանուն հայրենիքի» եւ «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն եւ ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու նպատակով ձեռնարկել է համապատասխան միջոցներ: Այս գործը եզակի չէ` իշխանությունը նման վարույթներով վախեցնում է մարդկանց, վարկաբեկում շարժումը, փորձում ներկայացնել, թե գումարի դիմաց հանրահավաքի են գալիս: Մինչդեռ վարույթները հաճախ ավարտվում են ոչնչով, պարզվում է` հորինված մեղադրանքներ էին, բայց այդ մասին շատերն արդեն չեն իմանում, ինչպես չիմացան, որ լրտեսության մեջ մեղադրվողների 99 տոկոսին արդարացրին կամ գործերը կարճեցին: 

Նման մի մեղադրանք էլ Դիմադրության շարժման ժամանակ հարուցվել էր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ, ում մեղադրում էին մարդկանց փողով հանրահավաքի բերելու համար: Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ իշխանությունը մեծ հանրահավաքներից առաջ այսօրինակ գործեր է «կարում»՝ հանրությանը վախեցնելու համար։ Չալաբյանի խոսքով՝ «Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ կետը, որը սահմանում է «հանրահավաքին մասնակցելը կամ խանգարելը», իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով լրացրել է մեկ արտահայտությամբ՝ «նյութապես շահագրգռել»։ Մինչդեռ դա, ըստ Չալաբյանի, չպետք է լինի քրեորեն հետապնդելի, որովհետեւ մարդուն նյութապես շահագրգռելը կամավորություն է ենթադրում, մարդը կարող է շահագրգռվել կամ հրաժարվել, ի տարբերություն հարկադրանքի կամ շանտաժի, որը համարվում է բռնություն։ 

«Իշխանությունն այս կետը լրացրել է գաղտնի ընթացակարգով՝ 2022-ի այն ամիսներին, երբ ընդդիմությունը բոյկոտել ու ԱԺ չէր գնում։ Սա հակասահմանադրական է, մենք վերաքննիչ դատարան բողոք ենք ներկայացրել, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ այդ հոդվածի լրացման սահմանադրականությունը ստուգելու համար»,- նշեց նա։ Նյութապես շահագրգռելու հոդվածով կարող են քրեորեն պատժվել նաեւ այն անձինք, ովքեր կփորձեն, ասենք, իրենց ընկերոջը մեքենայով բերել հանրահավաքի կամ, օրինակ, 1 շիշ ջուր հյուրասիրել, հանրահավաքի եկած ընկերոջ համար խաչապուրի առնել։

«Օրինակ, եթե դուք ձեր ընկերոջն ասեք՝ կգա՞ս հանրահավաք, ես իմ մեքենայով կտանեմ, ֆորմալ տեսանկյունից համարվում է նյութապես շահագրգռել։ Այդ հոդվածի ամենաաբսուրդը հենց սա է նաեւ, քանի որ խոսք չի գնում ֆինանսապես շահագրգռելու մասին։ Նյութապես շահագրգռել է նշանակում նաեւ հանրահավաքի վայրում ջուր բաժանելը։ Այս հոդվածը բացարձակ հակասահմանադրական է»,- նշեց նա։

Չալաբյանի խոսքով, միտումը շատ պարզ է՝ խոչընդոտել հանրահավաքների կազմակերպչական աշխատանքներին։ «Մարդկանց սարսափի մեջ պահեն, որ որեւէ մեկը չփորձի հանրահավաքի մասնակիցների համար, օրինակ, տրանսպորտի հարցը լուծել»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանն էլ մեղադրվում էր ուսանողներին` գումարի դիմաց ցույցերին մասնակցելուն շահագրգռելու համար։ Նրան նույնպես մեղադրանք էր առաջադրվել համացանցում տարածված մի ձայնագրության հիման վրա, որը փաստաբաններն անթույլատրելի ապացույց են համարում՝ նշելով, որ հայտնի չէ դրա աղբյուրը։ Օրենքն արգելում է մարդուն գաղտնի ձայնագրել, առավել եւս՝ այդ ձայնագրությունը որպես օրինական ապացույց դիտել` մարդուն մեղադրանք առաջադրելիս: Առաջին ատյանի դատարանը Չալաբյանին դատապարտել է ազատության 2 տարվա սահմանափակման, այսինքն` նա չի կարող կազմակերպել հանրահավաքներ եւ այլն։ Դատավճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարանում, դատավարությունը դեռ չի ավարտվել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image