Սերո Խանզադյան. երեք տարի 291 օր

 Սերո Խանզադյան. երեք տարի 291 օր

«Պատերազմում մեռնելը շատ սովորական բան է, ինչպես, ասենք, ապրելը: Սովորական է, երեւի, նաեւ անհրաժեշտ, ավելի ճիշտը՝ անխուսափելի: Կռվի դաշտում մահը սարսափելի չէ ոչ այն պատճառով, որ մարդը ի բնե քաջ է, անվեհեր եւ այլն, այլ որովհետեւ սարսափելու ժամանակ չկա»: «...Երեք տարի երկու հարյուր իննսունմեկ օր ես եղել եմ ռազմաճակատում եւ, ինչպես տեսնում եք, չեմ սպանվել: Ինչո՞ւ, չգիտեմ: Պատերազմում ապրում են պատահաբար:

Զոհվելը չէ պատահաբար, այլ ապրելը: Ես, բացի հոսպիտալներից (քառասուներկու օր), միշտ եղել եմ կռվի առաջին դիրքերում՝ նախ շարքային զինվոր՝ ականանետի նշանառու, ապա ականանետային վաշտի հրամանատար: Անցել եմ երեւի հիսուն-վաթսուն հազար կիլոմետր ճանապարհ՝ ոտքով, շալակիս՝ բեռ, կռվելիս: Փորել եմ երեւի հազարավոր խորանարդ մետր հող՝ խրամատի դիրքի, խրամափոսի գետնատան, բլինդաժի, գերեզմանի եւ այլ բաների համար: Ամեն անգամ թվացել է, թե իմ փորած փոսը կդառնա իմ գերեզմանը» (Սերո Խանզադյան, Երկերի ժողովածու՝ վեց հատորով: Հատոր առաջին, էջ 342: Երեւան, «Սովետական գրող», 1981): Այսպես է իր պատերազմական օրագրահուշի քչախոս նախաբանում գրելու եւ հուշը վավերելու պատճառներից կիսվում Սերո Խանզադյանը: «Երեք տարի 291 օր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1972 թվականին, իսկ մի քանի տարի անց (1977թ.) այն արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի: 

Հայ արձակում Հայրենական մեծ պատերազմի թեմայի եւ առհասարակ՝ երկրորդ աշխահամարտի շուրջ ծավալված ընդգրկուն երեւումների վերաբերյալ դեռ շատ կգրեն, եւ, վստահաբար, պատերազմի մասնակից գրողներից Սերո Խանզադյանի «Մեր գնդի մարդիկ» վեպը եւ, ըստ իս՝ առավելապես «Երեք տարի 291 օր» օրագրահուշն առանցքային նշանակություն կունենան դրանում: Գրքի ողջ դիպաշարը մոդեռնիստական կառույցներին հատկորոշ, առանձին-առանձին վերնագրված, ափաչափ պատումներով ու ներկա ժամանակով է ընթանում: 

Զինվորը բացառիկ վճիտությամբ եւ մի անօրինակ խաղաղությամբ համառորեն օրագրում է. նրա մի հեւքը մի պատում է, գերեզմանափոսը, խրամուղին եւ գլխավորը՝ մահը, որը, ինչպես արդարորեն տրվող օրապահիկ, այլ մահերի է բաժանված․ «Մեր վաշտի հրամանատարը գիշերը պահակակետում քնած գտավ պահակ զինվոր Կրյուկովին: Սպառնաց, որ պահակությունն ավարտելուց հետո նրան վաշտի առջեւ գնդակահարելու է: Կրյուկովն ինքնասպան եղավ: Հիմա ապրիլի տասնյոթն է: Երեք ամիս քսաներկու օր է, ինչ տասնութ տարեկան եմ: Գիրս վառոդի հոտով է» (էջ 401): 

Վավերագրության, հուշի, գեղարվեստականության սահմանները ներգծված չեն, պարզապես պատերազմի առանձնահատկությունն է այդպիսին՝ իր էությամբ անիրական է այն: Հնարավորի նիշերը սպառելով՝ պատերազմը սոսկ երեւակայության է փոխակերպվում, ասես արտադրում է իրականությունից պատճենած երեւակայություն, որն արդեն իսկ թափանցում է գրականության (գեղարվեստի) դաշտ: Զինվորը խոսքի է բռնվում ոչ միայն սեփական հուշերի, ծնողների, մարտակիցների հետ, այլեւ իր ձիու, գերեզմանի: Նրանք երկխոսում եմ, հարցադրում միմյանց․ 
«Ես սարսափում եմ: Ձին հառաչում է: 

- Այդպես եք դուք՝ մարդիկդ: Ի՞նչ կարող ես անել: Երեւի մի օր էլ դուք ինձ ուտեք: Չէ՞:

- Չէ,- գոռում եմ ես: - Այդպիսի բան չի լինի:

Նա ծիծաղում է:

- Բոլորովին էլ չեմ վախենում դրանից: Ի՞նչ կա որ: Միս է՝ պետք է ուտվի: Ի՞նչ կա որ» (էջ 565):
«Այո,- ասաց գերեզմանը:- Մենակ պաշտպանվում են միայն աստվածները:

- Դու տեսնո՞ւմ ես նրանց:

- Ո՞ւմ:

- Աստվածներին:

Չէ: Երեւի դեռ ժամանակը չէ: Բայց մեզ մոտ Բրեստից մի քանի լավ տղաներ կան: Էլի խմո՞ւմ ես:

- Ոչ: Խմելու բան քիչ է ճարվում» (էջ 605): 

Դաժանորեն քանակի ու կրկնության ճնշմամբ, ապա դրանից բխած սովորույթի բթացնող ուժով՝ մահն ու դժբախտությունները հետզհետե կորցնում են իրենց կշռույթը: Չափից դուրս շատ է մահը, չափից դուրս շատ են կորուստները, եւ անսովոր է միայն կյանքը, որն այդպես էլ չի գիտակցում իր ինքնագոյության փաստը: Դրա համար եւս ժամանակ չկա. նա պատերազմով է զբաղված: