Մեղքի եւ անմեղության սահմանին

Մեղքի եւ անմեղության սահմանին

Հերթական լուրն է տարածվում՝ ձերբակալվել է Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենը։ Ապա  հաղորդագրություն՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար, եւ աղոտ տեղեկություններ, որ գործավարուհին քաղաքացուց գումար է պահանջել ու փոխանցել տնօրենին՝ «աշխատանքի ընդունելու համար»։

Հետո ոստիկանության հաղորդագրությունն են տարածում այն մասին, որ «Հայավտոկայարան ՓԲԸ-ի 2012-2018 թթ. գլխավոր տնօրենները հնարավորություն են ընձեռել վարձակալներին օգտվել ՓԲԸ-ի կողմից վճարվող էլեկտրաէներգիայից», ինչը կազմել է շուրջ 21 մլն 655.000 դրամ, իսկ մի քաղաքացու էլ անհատույց տարածք են տրամադրել : Տպավորություն է, որ իրավապահները քրտնաջան աշխատում են՝ վերականգնելով պետությանը պատճառված վնասը, բայց, չգիտես ինչու, մտածող մարդիկ կարծում են, որ հին ժամանակների ոգով «սլաքավարները» պատժվում են, իսկ մեծ փողեր աշխատած մարդիկ, գրավ ու փրկագին վճարելով, ազատվում։

Հայավտոկայարանի տնօրենների պատճառած վնասը՝ 21 միլիոնը, եթե բաժանենք 6 տարվա վրա, ստացվում է 3 միլիոնից քիչ ավելի գումար, իսկ որքան գումար են յուրացրել իր հյուրանոցը պետությանը նվիրած մաքսայինի նախկին պետը, նախագահի թիկնազորի նախկին պետը, եղբայրը, որոնց մեծահոգաբար ազատ արձակեցին եւ թույլ տվեցին լքել Հայաստանը։

Երբ անցյալում կատարած հանցանքների համար պատասխանատվության ինստիտուտն ես աշխատեցնում, միշտ վտանգ կա, որ մեծ գայլաձկները կներվեն, փոքրիկ ձկնիկները կպատժվեն, մեկի մեղքը հնարավոր կլինի ապացուցել, մյուսինը՝ ոչ, մեկը որոշ ծառայություններ կմատուցի նոր իշխանություններին եւ ներման կարժանանա, իսկ մյուսը չի հասցնի ծառայել եւ կդառնա քավության նոխազ։ Մանավանդ՝ երբ խոսքը կրթական հաստատությունների եւ մանկավարժների մասին է, պետք է կրկնակի զգուշավոր լինել։