Ավելի լավ է՝ ներդրում ուրիշ տեղ անեք, Հայաստանին՝ օգնեք
Հայտնի սուզալողորդ, 11 անգամ աշխարհի ռեկորդակիր եւ 17 անգամ չեմպիոն դարձած, 1976 թվականին Երեւանյան լճում հայտնված տրոլեյբուսի 20 ուղեւոր միայնակ փրկած Շավարշ Կարապետյանն այսօր բնակվում է Մոսկվայում։ Այնտեղ բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, նաեւ պետական պաշտոն է զբաղեցնում սպորտի ոլորտում։ Կարապետյանը, ում հետ «Հրապարակը» բացառիկ հարցազրույց է արել, բավականին ուշագրավ մտքեր ունի հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, դրանից սպասելիքների ու Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Ի դեպ, ապրիլյան հեղափոխության օրերին նա Երեւանում էր, Նիկոլ Փաշինյանի հետ բարձրացել էր բեմ ու իր շնորհակալությունն էր հայտնում հեղափոխության համար։
- Պարո՛ն Կարապետյան, հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան փոխվե՞լ է, եւ ի՞նչ վերաբերմունք ունեն ռուսները Հայաստանի հանդեպ։
- Դե, Հայաստանի հետ ամբողջ աշխարհով մեկ հարաբերությունը շատ լավ է, հայրենիքը սիրում են բոլորը, ես բոլորի կողմից կարող եմ խոստովանել, որ դա կա ե՛ւ արտասահմանում, ե՛ւ Ռուսաստանի տարածքում, որովհետեւ բավականին մեծ բարեկամություն կա, կապ կա, եւ մարդիկ աշխատում են թե՛ տնտեսական, թե՛ հոգեւոր, թե՛ բժշկական ոլորտում օգնությունների առումով։ Ինձ թվում է՝ ոչ մի բան չի փոխվել հեղափոխությունից առաջ էլ, հիմա էլ։ Թե հեղափոխությունից հետո ինչ դեր են կատարում ղեկավարները, դա համարյա ոչ մեկին չի հետաքրքրում։
- Ասում են՝ Ռուսաստանի հայերի շրջանում այս հեղափոխությունից մեծ ակնկալիքներ, հույսեր կան, որ սպասված էր այս հեղափոխությունը նրանց համար։
- Գիտե՞ք ինչ, հույսերը դեռ չի նշանակում, որ էդտեղի ղեկավարությունը պետք է հույսերով ապրի։ Նրանք իրենց պլանավորած աշխատանքն ունեն եւ աշխատում են անել այն, ինչ պետք է։ Մենք չգիտենք՝ ինչ է պետք խորը իմաստով եւ էն բաները, որը մեզ չի հասնում։ Իսկ էն, ինչ վերաբերում է բարեկամական կապերին, դրանք կատարվում են առանց կասկածելու։
- Ի դեպ, տեղեկություն կա, որ ՌԴ-ում իշխանությունների մակարդակով այդքան էլ դրական տրամադրված չեն Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ, եւ ուժեր կան, որոնք փորձում են հակաքայլեր անել ՀՀ իշխանությունների նկատմամբ նաեւ հայ համայնքի միջոցով։
- Ես քաղաքական դաշտում չեմ, որ դրանք անալիտիկ ձեւով ասեմ Ձեզ։ Բայց դրանք երեւի կան։ «Հայ համայնք» հասկացությունը շատ ընդարձակ է, որովհետեւ, եթե վերցնում եք Արա Աբրահամյանի համայնքը, դա ուրիշ հարց է, եթե վերցնում եք ընդհանրապես հայ համայնքը, որն օրինական դաշտում չէ, ուղղակի մարդիկ իրար հետ հարաբերություն ունեն, բարեկամական կապեր ունեն եւ օգնություն են ցուցաբերում, դա էլ արդեն ուրիշ հարց է, որովհետեւ մարդիկ առանց համայնքի էլ էդ օգնությունները ցուցաբերում են՝ բարեկամական հիմքի վրա։
- Իսկ գործարարներն ուզո՞ւմ են գալ Հայաստան եւ ներդրում անել։
- Օրինակ՝ Դուք, որ գործարար լինեիք, կգայի՞ք Հայաստան ներդրում անեք։ Ավելի լավ է՝ ներդրում ուրիշ տեղ անեք, էստեղ օգնություն անեք։ Իմ լոգիկան դա է, ես էդպես եմ տրամաբանում, որ կարելի է Հայաստանին օգնություն ցուցաբերել։ Ներդրում ուրիշ տեղ անել, որտեղ եկամուտ կստանան, մնացածն օգնության անեն։
- Իսկ ինչպե՞ս պետք է օգնեն։ Կամ Դուք, օրինակ, ինչպե՞ս եք պատրաստվում օգնել կամ օգնո՞ւմ եք Հայաստանին։
- Ես Հայաստանի իմ բարեկամներին օգնում եմ տարբեր քաղաքներում եւ դրանով բավարարվում եմ։ Ես օլիգարխ չեմ, որ կարողանամ ինչ-որ մեծ ներդրումներ անեմ։
- Իսկ նրանք, որոնք խոշոր կապիտալ ունեն, մեծ բիզնեսների մեջ են, ինչպե՞ս պետք է օգնեն Հայաստանին։
- Հայաստանին նրանք, անկասկած, օգնում են։ Հիմնադիր ֆոնդ կար, չէ՞, Հայաստանի, եւ բոլորը՝ ամբողջ աշխարհով մեկ, փոխանցում էին, թե դա ուր էր կորում, ես չգիտեմ, բայց, բոլոր դեպքերում, մարդիկ ուղարկում էին փողը, բերում էին, ներդրումներ անում էին, բիզնեսներ դնում էին։ Ես չգիտեմ՝ հիմա ոնց են կարգերը, ես ուղղակի չեմ հետեւում։
- Կարգն այսպիսին է՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ մի լումա ուրիշի գրպանը չի գնալու, դա ամբողջությամբ ծախսվելու է ժողովրդի, պետության օգտին, այնպես որ՝ կարող եք գալ, գումար փոխանցել, օգնել, ներդրում անել, դաշտն ազատ է, այլեւս որեւէ մեկը ձեր գումարները չի յուրացնելու, փայ չի մտնելու։
- Հիմա Դուք էլի շփվում եք, գիտեք էդ ամենը, գիտեք, որ ոչ մեկը մեծ ներդրումներ Հայաստանում չի անի։ Հայաստանում ամենամեծ ներդրումը գերեզման սարքելն է։ Հիմա տուն էլ չեն սարքում, տեղ էլ չեն սարքում, շենք էլ չեն սարքում, արտադրություն էլ չեն դնում։ Արտադրությունը դնելու համար դու պետք է ունենաս Հայաստանում արտադրության սպառման ճանապարհները։ Իսկ Հայաստանում այդ սպառման ճանապարհները 99 տոկոսով փակ են։ Միայն կարող են էն մաքուր ջուրը օդի հետ վաճառեն ու վերջացնեն։ Ի՞նչ եք ուզում, որ Հայաստանում ներդնեն։ Կոնկրետ բիզնես պլանը տվեք, էստեղ անալիզի կենթարկեն եւ բոլոր պատասխանները կտան, որ Հայաստանում ոչինչ չի կարելի ներդնել։ Դա՝ առաջինը, ինչպես նաեւ արտադրություն ու աշխատատեղեր էլ հնարավոր չէ բացել։ Դա իմ տեսանկյունն է, ես ներողություն եմ խնդրում, բայց եթե ես ներդրման աստիճանի հասած լինեի, չէի ներդնի։ Այլ կներդնեի մեկ ուրիշ երկրում, որտեղ սպառումն ավելի լավ կլիներ, եւ դրա օգուտների մի մասը կուղարկեի Հայաստան՝ որպես օգնություն, ասենք, թոշակառուներին, վատ ապրողներին։
- Ուշագրավ պատասխաններ եք տալիս, պարոն Կարապետյան։ Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի զարգացումը, ինչպե՞ս երկիրը զարգանա առանց ներդրումների, առանց արտադրության։
- Երկիրը միայն մի ճանապարհ ունի զարգանալու, դա իմ կարծիքն է, որովհետեւ անմիջական հումքերը, որ կարող են ներդնել, միայն Ռուսաստանի տարածքն է։ Ռուսաստանի ամբողջ արեւելքի էդ մասը դնեն, Ռուսաստանի հետ դաշինք կնքեն, հումքը ստանան, արտադրեն, էնտեղ սպառեն։ Դա անհատի հարց չէ, դա պետական մասշտաբով պետք է որոշվի։
- Այսինքն՝ գրեթե առաջարկում եք՝ գնանք-դառնանք Ռուսաստանի մա՞րզը։
- Գիտե՞ք ինչ, եթե Դուք ուզում եք դա ասեմ, Դուք ասացիք, բայց դա ամենաճիշտ ճանապարհն է։ Ժողովուրդն ի՞նչ է՝ լեզուն, կուլտուրան եւ նրա զարգացումը, չէ՞։ Իսկ Դուք գիտե՞ք, որ Մոսկվայի հարավ-արեւմտյան հատվածի գլխաքանակը համապատասխանում է Հայաստանում ապրող ժողովրդի քանակին։ Ես համաձայն եմ՝ նաեւ Ամերիկայի հետ էլ անեն, եթե կարող են, Ֆրանսիայի, Անգլիայի հետ։ Հայաստանի տնտեսական զարգացման ճանապարհի վրա ամբողջ հայությունը գենոցիդի մատնեց Անգլիան, Ֆրանսիան ու Գերմանիան, դրդեց դրան։ Կարող է նաեւ մի դրդում էլ ստանա Ամերիկայից։ Չի բացառվում, որ կարող է Ռուսաստանն էլ դրդի դրան, որովհետեւ ինքը՝ հայ հողը, ոչ մի կոպեկ չարժի ամբողջ աշխարհի շուկայում։ Իսկ մենք դա արժեւորում ենք։ Իհարկե, դա մեր սերն է, երազանքն է, ապրելակերպն է, մարդկային զգացմունքն է, հայրենասիրությունն է, ինչ որ ուզում եք, բայց ռեալ ճանապարհով պետք է ճիշտ կողմնորոշվել ու զարգացում տալ։
- Իսկ հայ մարդն ի՞նչ արժեք ունի աշխարհի մարդկության մեջ։
- Ոչ մի արժեք չունի, ոնց որ, ասենք, մի հատ հետամնաց երկրի անձ կամ ժողովուրդ։ 1980 թվականին ես Մոսկվայում գնացել էի ամերիկացիների հետ հանդիպման՝ որպես ամենահետամնաց ռեսպուբլիկաներից մեկի ներկայացուցիչ։ Չնայած ես էնտեղ շատ խիստ եմ խոսել, բայց ուզում եմ ասել, որ մենք նայում ենք դա մեր տեսադաշտով։ Հապա մի ամբողջ աշխարհի աչքերով նայեք։ Արժեքը պիտի անալիզ անել եւ գտնել ճանապարհը, որն արժեքավորում է ազգին։
- Այդուհանդերձ, Դուք ժամանակին այդ, այսպես ասած, «արժեք չունեցող ազգի» 20 ներկայացուցչի փրկեցիք Երեւանյան լճից եւ հերոսացաք այդ ազգի կողմից։
- Չէ, դու մի՛ վիրավորվի։ Ես խնդրում եմ՝ իմ պատմությունը դու մի՛ կրկնի, էդ իմացի։ Ե՛վ արժեքն ամբողջ աշխարհով մեկ ստեղծում են, ե՛ւ մի մարդ կարող է փչացնել։ Դա էլ իմացեք։
Կարծիքներ