Հայկ Մարությանը նորից մեկ անձից ուղիղ գնում է կատարում՝ առանց մրցույթի

Հայկ Մարությանը նորից մեկ անձից ուղիղ գնում է կատարում՝ առանց մրցույթի

Իր ընտրությունից ի վեր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք տենդերներ է կազմակերպել, որտեղ մեկ անձից ուղիղ գնումներ է կատարել։ Նման ուղիղ գնում էր ամանորյա տոնածառը, ապա Կամազ ավտոմեքենաները, այն պարագայում, որ ունեին շատ ավելի էժան առաջարկ։ Հիմա քաղաքապետը որոշել է հերթական «ուղիղ գնումն» իրականացնել՝ այս անգամ որոշել է աղբահավաք մեքենաներ գնել։ Նկատենք, որ օրենքն ասում է, որ ուղիղ գնում կարելի է իրականացնել միայն հույժ անհրաժեշտության դեպքում՝ երբ շտապ ձեռքբերում անելու կարիք կա։ Ասենք՝ խոշոր վթար է տեղի ունեցել եւ վթարի հետեւանքները վերացնելու համար շտապ անհրաժեշտ է ինչ որ տեխնիկա, դեղորայք, սարքավորումներ, որոնց ուշացումը կարող է վճռորոշ լինել մարդկանց կյանքում եւ այլն։ Ընդ որում, եթե հրատապության խնդիր չկա, ապա կոռուպցիոն ռիսկեր կան։ Եւ հակակոռուպցիոն քայլերից մեկն էլ համարվում է ուղիղ, մեկ անձից գնումներն արգելելը։

Բայց մեր քաղաքապետը, քանի որ 81 տոկոս ձայն ունի, որոշել է, որ կարող է ցանկացած պահի ուղիղ գնումով ձեռքբերում անել՝ մեկ անձից։ Ընդ որում, այդ անձերի հետեւում երեւում են իր ընկերների ականջները։ Այս անգամ էլ Հայկ Մարությանը որոշել է աղբահավաք մեքենաներ ձեռք բերել մեկ անձից՝ ուղիղ գնումի միջոցով եւ այսօր կառավարության նիստում հաստատել այս որոշումը։ Դա բացատրում է՝ Երեւանի աղբահավաքության աղետալի վիճակով եւ արագ ձեռքբերման անհրաժեշտությամբ։ Սակայն պարզ է, որ նախ, Երեւանի աղբահանության ծանր վիճակը նոր չէ, առնվազն ամիսների, եթե ոչ գրեթե մեկ տարվա պատմություն ունի եւ «հապճեպ» որոշումներ կայացնելու անհրաժեշտություն չկա։ Եւ երկրորդ՝ ոչ մի երաշխիք չկա, որ աղբահավաք մեքենաներ առնելով եւ դրանք վարչական շրջանների կամ հենց քաղաքապետարանի մի վարչության ենթակայության տակ դնելով հնարավոր կլինի վիճակը բարելավել։

Եւ արդյունքում կստացվի, որ ուղիղ գնումով՝ թանկ գնով, իր ուզած կազմակերպությունից մեքենաներ կգնի պետական միջոցներով, կտրամադրի իր ուզած կազմակերպություններին եւ անձանց։ Այդ պրոցեսները բացարձակապես չեն վերահսկվի մայրաքաղաքի բնակիչների եւ Ավագանու կողմից, եւ մի կես տարի հետո կպարզվի, որ վիճակն էլ չի բարելավվել։ Ուղղակի մի խումբ մարդիկ են շահել։

Հրանտ Գրիգորյան