Հետևություններ անելը պարտադիր է

Հետևություններ անելը պարտադիր է

Իջեւանյան իրադարձությունները, անկախ մեր բոլորի ցանկություններից, ամենեւին էլ պատահական բնույթ չունեին:

Չնայած չի կարելի բացառել այն հանգամանքը, որ իրադարձությունների սկիզբն ու դրանց հետագա զարգացումները կարող էին իրենց վրա կրել որոշակի շրջանակների ազդեցությունը, բայց եղածը միայն որպես որոշակի ուժերի սադրանք ներկայացնելը նույնպես բացարձակ ճշմարտություն համարել չի կարելի:

Այս առումով Իջեւանում պատահածը նախեւառաջ պետք է գնահատել որպես երկրի քաղաքական իշխանություններին ուղղված նախազգուշական ազդանշան-հորդոր, որից վերջիններս պետք է հասկանան, որ միայն գեղեցիկ խոսքերով եւ բարի ցանկություններով այլեւս անհնարին է երկիրը կառավարել: Եկել է ժողովրդին աշխատանք տալու եւ նրա բարեկեցության մասին առարկայորեն մտածելու ժամանակը:

Մյուս կողմից՝ իջեւանյան բախումները ժողովրդական զանգվածներին, անշուշտ, կօգնեն՝ հաղթահարելու 2018 թվականի ապրիլ-մայիսյան էֆորիայի իներցիան եւ նրանց կվերադարձնեն «պետության մեջ եւ նրա օրենքներով ապրելու» իրականություն, ինչն առաջին հերթին նշանակում է, որ այս երկրում այլեւս անկարելի եւ անընդունելի է լինելու «հարցերը փողոցներ փակելով լուծելու» պրակտիկան:

Իսկ ինչ վերաբերում է ուժայիններին, ապա, ի պատիվ նրանց, պետք է արձանագրենք, որ նրանք իրենց գործողություններով եւս մեկ անգամ ապացուցեցին, որ թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը պետության հետ ուժի դիրքերից, առավել եւս՝ վերջնագրերի լեզվով խոսի:

Այնպես որ, «համապատասխան հետեւություններ անելու անհրաժեշտությունը» բոլորիս համար պարտադիր է:

Գալուստ Սարգսյան