Ինչից ինչ դարձան

Ինչից ինչ դարձան

Այս ընտրությունների արդյունքները որոշ մարդկանց համար անակնկալ էին։
Մարդիկ, որոնք ոչ հեռավոր անցյալի ամենապայծառ երազներում անգամ չէին կարող տեսնել, որ իրենց օգտին կքվեարկեին Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, տեսան իրական կյանքում՝ դեկտեմբերի 9-ին, երբ ամփոփվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Նրանցից մեկն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է, որը 2017-ի ընտրություններին ընդամենը 383 ձայն էր ստացել, իսկ նախօրեին «թիվ է խփել»՝ 22 հազար 604 ձայն։  Ընդհանրապես, մի քանի բացառություններով՝ գրեթե բոլոր մարզպետներն էլ ծանրակշիռ ձայներ են ստացել, ինչը վարչական ռեսուրսի տնօրինման վկայություն է։ Խնդրահարույց Կոտայքում, որտեղ մի կողմից Ծառուկյանի ազդեցությունն է, մյուս կողմից՝ Սասուն Միքայելյանի, որն իշխող «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայն ստացածն է՝ մոտ 31 հազար, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 20 հազարից ավելի ձայն է ստացել։ Ի դեպ, Ծառուկյանի հարազատ մարզում իր կուսակցությունից ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն է՝ մոտ 7 հազար 500, իսկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը 4 հազար 560 ձայնով 2-րդն է։ Գրեթե բոլոր ընտրատարածքներում հետաքրքիր պատկեր է գրանցվել։ 
Արարատի մարզի տարածքից մարզպետին երկրորդում է Ռազմիկ Թեւոնյանի որդին՝ Սեդրակը, կիսով չափ պակաս ձայներով, իսկ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ռեյտինգայինների շարքում իր ստացած ձայներով 4-րդն է՝ 5 հազար 759 ձայն։

Մարզում լիակատար ֆիասկո գրանցեց ՀՀԿ-ն։ Անցած ընտրություններին միայն Արայիկ Գրիգորյանի միջոցով 45 հազար քվե ստացած այս կուսակցության ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Մուրադ Մուրադյանն է՝ 1840, որը գրեթե տասն անգամ պակաս ձայն է ստացել նախորդ ընտրությունների համեմատ։ ԲՀԿ-ից գրեթե նույն վիճակում Տիգրան Ստեփանյանն է՝ 2 հազար 166, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն ընդամենը 146 ձայն է ստացել, նրան չեն աջակցել նույնիսկ Արգամ Աբրահամյանի աջակիցները, որոնց թիվն անցած ընտրությանը 30 հազարից ավելի էր։ «Լուսավոր Հայաստանի» ամենաշատ ձայն ստացած թեկնածուն անհայտ Էմին Հովհաննիսյանն է՝ 905, «Մենք» դաշինքով առաջադրված «Վեդի Ալկոյի» Մանվել Ղազարյանը ստացել է 1647 ձայն։

Արագածոտնի ընտրատարածքում ամենաշատ ձայնը ստացել է մարզպետ Դավիթ Գեւորգյանը՝16 հազար 508, 2-րդ տեղում է սպորտսմեն Մաթեւոս Ասատրյանը՝ 7 հազար 270, 3-րդ տեղում՝ գիշերային սթրիփ-ակումբի նախկին մենեջեր Սերգեյ Մովսիսյանը՝ 5 հազար 380, Մյասնիկ Մալխասյանի որդին 4-րդն է՝ 3 հազար 310 քվեով։ ԼՀԿ-ի առաջատարը Վահրամ Ավագյանն է՝ 2 հազար 146 ձայնով, ԲՀԿ-ինը՝ Գագիկ Ծառուկյանի ընկերոջ դուստր Նորա Առուստամյանը՝1994։ Նախկին ԲՀԿ-ական, ԲՀԿ ցուցակով առաջադրված Արագած Ախոյանը 4-րդն է՝ 675 ձայնով։ Ի դեպ, Ախոյանը նախորդ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով էր առաջադրվել, կրկին չանցավ խորհրդարան եւ հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ ժողովուրդն ըստ էության չներեց իրեն «դավաճանության» համար։ ՀՀԿ-ից ամենաշատ ձայն ստացած թեկնածուի օգտին մոտ 500 մարդ է քվեարկել։

Հիշեցնենք, որ անցած ընտրություններին նախկին մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանն այստեղ բարձր ցուցանիշ էր գրանցել։ Լոռվա մարզում չնայած ՀՀԿ-ն կենտրոնացրել էր ծանր հրետանին, սակայն ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Վահրամ Բաղդասարյանն է՝ 2 հազար 660։ Էդուարդ Շարմազանովի օգտին քվեարկել է 1663 հոգի, նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ 2 հազար 583։ Իշխող ուժի առաջատարը փոխմարզպետ Արամ Խաչատրյանն է՝15 հազար 38 ձայնով, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը 2-րդն է՝ 14 հազար 885, Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանը 8 հազար 179 ձայն է ստացել՝ 40-ով մյուս օգնականից՝ Արփի Դավոյանից ավելի։ Հաջողություն չեն գրանցել նաեւ Մարուքյանները․ Էդմոն Մարուքյանի եղբայրը ստացել է կուսակցության թեկնածուներից ամենաշատ ձայնը՝ 2 հազար 41, մինչդեռ անցած ընտրություններին Էդմոն Մարուքյանն Արկադի Համբարձումյանի, Կարեն Կարապետյանի եւ այլոց մրցապայքարում ավելի քան 6 հազար ձայն ստացավ։ ԱԺ անցած 2-րդ ուժի՝ ԲՀԿ-ի ռեյտինգային առաջատարն Արթուր Դալլաքյանն է՝ 2 հազար 121, նրան հաջորդում է Վանիկ Ասատրյանը՝ 1890։ 

Արմավիրի մարզում եւս ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը պարտվեց իր թիմակից Քաջիկ Գեւորգյանին՝ ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի որդուն։ Վերջինս իր թիմից մարզում ամենաշատ քվեն է ստացել՝ 2 անգամ ավելի, քան Աղաբաբյանը՝ 3 հազար 371։ Իսկ Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, 1032 ձայն է ստացել։ ԼՀԿ-ի անցողիկ թեկնածուն մոտ 2 հազար ձայն է ստացել՝ ոմն Էդվարդ Անդրեասյան։ «Իմ քայլից» Էջմիածնի փոխքաղաքապետ Արգիշտի Մեխակյանը՝13 հազար 122, որի համար, ըստ ամենայնի, աշխատում էին մանվելականները։ ՀՀԿ-ի նախկին մարզպետը՝ Ղահրամանյանը, 890 ձայն է ստացել։ Իսկ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին ընտրել է 1500 մարդ։  Արմավիրից էին անցած գումարման խորհրդարան գործուղվել ՀՀԿ-ի գեներալիտետը՝ Սեյրան Սարոյան, Մանվել Գրիգորյան, Նովո։

ՄԵՆՈՒԱՅԻՆ ՁԻՆ ԷԼ ՉՓՐԿԵՑ

Ավանդաբար իշխանական Սյունիքում, որտեղ ՀՀԿ-ն գրեթե միշտ «տոկոսներ էր խփում», կիրակի խայտառակ պարտություն կրեց։ Մենուա Հարությունյանին չփրկեց անգամ ձին, նա ստացավ 353 ձայն, ՀՀԿ-ի մյուս ծանր հրետանին՝ Շուշան Պետրոսյանը՝ 117։ Իշխող ուժից 1-ին հորիզոնականում է Վահե Հակոբյանի ընկեր Տիգրան Կարապետյանը՝ 9 հազար 922, 2-րդը՝ Կապանի քաղաքապետի պարտված թեկնածու Նարեկ Բաբայանը՝ 9 հազար 657 ձայն, Աղասի Հակոբջանյանի փեսա, նախկին ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը 3-րդն է՝ մոտ 2 հազար ձայն պակաս։ Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերից մոտ 500 ձայն ավել է հավաքել, քան Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը․ 2 հազար 110 քվե, եւ ցուցակի առաջատարն է։

Գեղարքունիքում էլ ամենաշատ ձայն ստացածը «Իմ քայլի» մարզպետ Գնել Սանոսյանն է՝ 12 հազար, 2-րդը՝ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ մոտ հազար ձայնով պակաս, 3-րդը՝ խմբագիր Թագուհի Թովմասյանը (7 հազար 114 ձայն)։
Շիրակի մարզում հեղափոխության առաջին աջակից Ֆելիքս Ցոլակյանը 2 անգամ ավելի ձայն է հավաքել, քան անցած ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով՝ 24 հազարից ավելի։ Ցոլակյանն իշխող ցուցակում զիջում է միայն Սասուն Միքայելյանին եւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, որը 25 հազարից մի փոքր ավելի է հավաքել։ Շիրակում հաջորդը մարզպետ Կարեն Սարուխանյանն է՝ 6 հազար 271, նրան գրեթե չի զիջում փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը՝ 5 հազար 981։ ԲՀԿ-ից առաջատարը Վարդան Ղուկասյանն է՝ 3 հազար 198, Վարդեւան Գրիգորյանը՝ 2 հազար 783։ ՀՀԿ-ից ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Վահագն Վարագյանն է՝ 530 ձայն։ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Տավուշում Սիփան Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, 17 հազարից ավելի ձայն է ստացել։ ԼՀԿ-ի ամենաշատ ձայն ստացած թեկնածուն 500-ից պակաս ձայն է հավաքել։ ԲՀԿ-ի առաջատարը խմբագիր Վարուժան Բաբաջանյանն է՝ 705։ Գրեթե նույնքան ձայն է հավաքել ՀՀԿ-ական նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը։ Հիշեցնենք, որ Տավուշից, որպես կանոն, խորհրդարան են գործուղվել «Գրանդ հոլդինգի» «մարդիկ»։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԵՐՈՐԴՈՒ, ԳԱԼՈՒՍՏԻ ՈՐԴՈՒ Եվ ԱՅԼՈՑ ՖԻԱՍԿՈՆ

Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում «գլադիատորական» պայքարի արդյունքում ռեյտինգային թեկնածուների առաջատարն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանն է, որը ստացել է 21 հազար 812 ձայն։ Նկատենք, որ այս ընտրատարածքում բոլոր ուժերը կենտրոնացրել էին իրենց ամենամրցունակ թեկնածուներին, քանի որ Կենտրոնի «քմահաճ» ընտրողն առավելապես «գաղափարական» ընտրություն է կատարում։ Ի դեպ, պատահական չէր, որ իշխող ուժն այս տարածքում կենտրոնացրել էր մի բույլ պաշտոնյաների՝ պետական վերահսկողական ծառայության պետ, նախարար եւ փոխնախարարներ, կառավարության աշխատակազմի ղեկավար եւ այլք։ 2-րդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն տարածքում վերահսկողականի պետ Դավիթ Սանասարյանն է՝ 14 հազար 316, 3-րդը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը (5 հազար 597)։ ԲՀԿ-ից առաջատարը պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է՝ 1195 ձայնով, Միքայել Մելքումյանը (723)։

ԼՀ եռյակն այս տեսքն ունի․ Մանե Թանդիլյան` 3 հազար 636 ձայն, Ստեփան Ստեփանյան` 833, Նիկողայոս Հակոբյան` 357։ ՀՀԿ-ից բավականին լավ ցուցանիշ է արձանագրել Արմեն Աշոտյանը՝ 2 հազար 396, 2-րդը Դավիթ Շահնազարյանն է՝ 835 ձայնով, 2017-ին 20 հազարից ավելի ձայն հավաքած Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, ստացել է 642 ձայն, Կարինե Աճեմյանը՝ 587։ Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ն ջախջախիչ պարտության մատնվեց։ Գալուստ Սահակյանի որդին, որն անցած ընտրություններին «տոկոսներ էր խփել», 1961 քվե է ստացե։ Իսկ ՀՀԿ ցուցակի առաջնորդ Վիգեն Սարգսյանին երեք անգամ ավելի ձայն են տվել՝ 4 հազար 87 քվե, ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանին՝ 335։ «Իմ քայլը» դաշինքի առաջատարը Տիգրան Ավինյանն է՝ 14 հազար 314, որին, ի դեպ, աջակցում էին ՀՀԿ-ական նախկին տասովշչիկները՝ նախկին փոխթաղապետի գլխավորությամբ։ 2-րդը Լենա Նազարյանն է՝ 11 հազար 300, ապա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ 9 հազար 92։ «Լուսավոր Հայաստանի» ամենաշատ ձայն ստացած թեկնածուն պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն է՝ 1672, որն անցած ընտրություններին 2 անգամ ավելի շատ ձայն էր ստացել։

ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանն է 1-ին հորիզոնականում՝ 1154  ձայնով, հայտնի Զորիկը՝  Զոհրաբ Զոհրաբյանը՝ 632։ Արդարադատության նախարար, «Մենք»-ի թեկնածու Արտակ Զեյնալյանը ստացել է 661 ձայն։

Երեւանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ քվեն ստացել է ճամբարափոխ եղած Հայկ Կոնջորյանը, որն ընտրություններից հինգ պակաս «Լուսավորից» տեղափոխվեց Նիկոլ Փաշինյանի թիմ։ Նա ստացել է 12 հազար 784 ձայն։ 2-րդ տեղում Երջանիկ Հակոբյանն է՝ 11 հազար 178, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը 3-րդն է՝ 6 հազար 257 ձայնով։ ԲՀԿ-ում պատկերն այսպիսին է․ Արտյոմ Ծառուկյան՝ 1118, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյան՝ 1082, իսկ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը 4-րդն է՝ 656 ձայնով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից առաջատարը Գուրգեն Բաղդասարյանն է՝ 1223։ Ի տարբերություն անցած ընտրությունների, ԼՀԿ-ն այստեղ ուժեղ թեկնածուներ չէր առաջադրել, անցած ընտրություններին Մանե Թանդիլյանը 5 հազարից ավելի ձայն հավաքեց։ Իսկ «Մենք» դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանն ավելի քիչ ձայն է հավաքել, քան նախորդ ընտրություններին, Սյունիքում 2017-ին նա 520 ձայն էր ստացել, թիվ 1-ում՝ 485։

ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանին 607 քվե են տվել, ՀՀԿ-ից 1-ինն Արմեն Ալավերդյանն է, Տարոն Մարգարյանի սանիկ Արա Ճորուխյանը՝ 2-րդը (1080)։ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ամենաշատ ձայն հավաքել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ 25 հազար 550, հաջորդը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է՝ 13 հազար 810, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը ստացել է 8 հազար 920 ձայն։ Եթե առաջին երկուսը գործուղվեն ԱԺ եւ ոչ թե կառավարություն, ապա Փաշինյանի աներորդին առանց մանդատ կմնա։ Խորհրդարանի անցողիկ շեմը չհաղթահարած Հանրապետական կուսակցությունում առաջատար եռյակն այս տեսքն ունի․ Արայիկ Հովհաննիսյան՝ 1270 ձայն, Վահան Բաբայան՝ 948, Արման Հարությունյան՝ 685։ «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգայինում պատկերն այսպիսին է․ Էդմոն Մարուքյան՝ 4 հազար 450, Տիգրան Ալեքսանյան՝ 509, Արայիկ Հարությունյան՝ 382։ 2-րդ ուժի՝ ԲՀԿ-ի ամենաշատ ձայն ստացած թեկնածուն ԱԺ պատգամավոր Հակոբ Նազարյանն է՝ 818, հաջորդը՝ Արթուր Աբգարյանը՝ 504, 3-րդը Վահե Էնֆիաջյանի օգնական Նոնա Օթարյանը՝ 378։