ՌԴ-ն գործընթացները դիտարկում է «զրոյական արդյունքով խաղի» տրամաբանությամբ
Ապրիլյան թավշյա հեղափոխությունը նոր հնարավորություններ բացեց ոչ միայն հայաստանցիների համար, այլեւ Հայաստանի գործընկեր եւ դաշնակից տարբեր պետությունների հետ հարաբերությունները վերանայելու առումով։
Եթե տարիներ շարունակ Հայաստանի տարբեր պաշտոնյաները, դիվանագետները արտաքին աշխարհում կանգնում էին կեղծված ընտրությունների արդյունքները սրբագրելու, մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը «պարզերես» անելու բարդ խնդրի առջեւ, ապա Նիկոլ Փաշինյանի վարչապետության յոթ ամիսների ընթացքում գոնե այդպիսի խնդիր չի եղել։ Դատելով ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հետ հանդիպումների քանակից՝ կարող ենք ասել, որ նոր կառավարությունը շեշտը դրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, թավշյա հեղափոխության արդյունքներն իր ռազմավարական դաշնակցին տեսանելի դարձնելու վրա։
Այս համատեքստում, սակայն, կարեւորվում են նաեւ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, երկրի ղեկավարների հանդիպումները, նաեւ՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները, որի հետ անցյալ տարեվերջին ստորագրվեց «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» պայմանագիրը։
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե որքանով ՀՀ-ին հաջողվեց անցնող տարվա ընթացքում արդյունավետ հարաբերություններ կառուցել գործընկեր երկրների հետ։
«ԵՄ-ն առայժմ սպասողական դիրքորոշում ունի, բայց ինչպես դեսպան Սվիտալսկին նշել էր ընտրություններից քիչ առաջ, ԵՄ-ն դիտարկում է երկարաժամկետ ֆինանսական ծրագրեր և կայուն համակարգի ձևավորումից հետո պատրաստ է ընդլայնել հարաբերությունների շրջանակը: Հայաստան-ԵՄ պայմանագրի շրջանակում «ճանապարհային քարտեզի» նախապատրաստման նախնական փուլն է ընթանում:
Ռուսաստանն իր սովորության համաձայն շարունակում է գործընթացները դիտարկել աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ «զրոյական արդյունքով խաղի» տրամաբանությամբ, միաժամանակ նաև օգտագործելով իր դոմինանտ դիրքի ցուցադրման ցանկացած հնարավորություն և նոր զիջումներ ակնկալելով: Իմիջը բարելավվել է, բայց նոր գործընկերային հարաբերություններ դեռ չեն հաստատվել, աշխատանք դեռ չի կատարվել այդ ուղղությամբ: Իրանը կարծես թե ևս սպասողական դիրքում է, հավանաբար նույնպես սպասում է, որ Հայաստանից նախաձեռնություն դրսևորվի: Ռուսաստանից ճնշումներ մշտապես առկա են՝ տարբեր համատեքստերում, բայց եթե առայժմ գազի գինը կամայականորեն չի բարձրացրել՝ մենաշնորհից օգտվելով, գուցե ինչ-որ զիջումներ է ակնկալում»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Գրիգորյանը:
Կարծիքներ