Իսրայելը չի կարողանա իրանական միջուկային օբյեկտներին հարվածել 

Իսրայելը չի կարողանա իրանական միջուկային օբյեկտներին հարվածել 

Financial Times (FT) պարբերականը գրում է, որ Իսրայելը դժվար թե կարողանա Իրանի միջուկային օբյեկտների դեմ բարեհաջող ռազմական գործողություն իրականացնել։ Համաձայն հրապարակման, եթե Վաշինգտոնի աջակցությունը չլինի, ապա Թել-Ավիվը միայնակ չի կարող հարվածել իրանական միջուկային օբյեկտներին, դա կլինի չափազանց ռիսկային եւ միայն ինչ որ ժամանակով կհետաձգի Թեհրանի կողմից իր միջուկային ծրագրի կյանքի կոչումը։ Իսրայելից մինչեւ իրանական հիմնական միջուկային օբյեկտներ, ավելի քան հազար կիլոմետր է, եւ իսրայելական ռազմական կործանիչ ինքնաթիռները ստիպված կլինեին հատել այնպիսի երկրների օդային տարածքներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Իրաքը, Սիրիան եւ հնարավոր է նաեւ՝ Թուրքիան։

Բացի այդ, նման թռիչքի իրականացումը կծախսեր Իսրայելի բոլոր հնարավորությունները եւ նրան սխալվելու կամ գործողությունը կրկնելու հնարավորություն պարզապես չէր տա։ Բացի այդ, նման գործողություն իրականացնելու համար հարկ կլիներ գործի դնել հարյուր ինքնաթիռ։ Իրանական միջուկային վառելիքի հարստացման երկու ձեռնարկությունները՝ Նաթանզեն եւ Ֆորդոն, գտնվում են կամ գետնի տակ՝ մեծ խորության վրա, կամ էլ՝ պաշտպանված են լեռնային ապարներով։ Եւ դրանց հարվածելը Իսրայելի համար կլիներ չափազանց բարդ առաջադրանք։ Անհրաժեշտ կլիներ հաղթահարել տասնյակ մետրերի լեռնային ապարներն ու երկաթբետոնե հաստ շերտերը, մի բան, որն, ըստ պարբերականի, Իսրայելի համար գրեթե անհաղթահարելի է։