Ուշագրավ հայտարարություն. ամբաստանյալը հայտնեց, որ իրեն ստիպել են նախկին փոխնախարարի դեմ ցուցմունք տալ

Ուշագրավ հայտարարություն. ամբաստանյալը հայտնեց, որ իրեն ստիպել են նախկին փոխնախարարի դեմ ցուցմունք տալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստի մեկնարկին Լոռեցյանի պաշտպանը միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը և գրավոր ապացույցներից առաջ լսել ամբաստանյալներին:

Առաջինը ցուցմունք տալու ցանկություն ունի գործով ամբաստանյալ Էդուարդ Հովհաննիսյանը:

Դատախազ Դավիթ Սարգսյանը առարկեց միջնորդության դեմ, նշելով, որ տպավորություն է, թե պաշտպանական կողմը ամեն կերպ խուսափում է ապացույցների հետազոտմանը անցնելուց:
Դատախազը, այնուամենայնիվ, չառարկեց, որպեսզի հարցաքննվի Էդուարդ Հովհաննիսյանը:
Դատարանը կողմերին լսելով, որոշեց մերժել միջնորդությունը՝ ապացույցների հետազոտման կարգը փոխարինելու մասին:

Դատարանը ընթերցեց Հովհաննիսյանի միջնորդությունը, որով ամբաստանյալը խնդրում էր Գևորգ Լոռեցյանի խափանման միջոցը փոխել:

Ամբաստանյալ Հովհաննիսյանը նշել էր, թե ինքը խաբել է, երբ ասել է, որ իրեն Լոռեցյանը գումար է տվել կամ պահանջել:

Ամբաստանյալը նշել էր, թե իրեն ստիպել են Լոռեցյանի դեմ ցուցմունք տալ, ասելով, որ այդ դեպքում իրեն բաց կթողնեն:

Դատավորը նշեց, որ սա այն ամենն է, ինչ ամբաստանյալը ցանկանում էր հայտնել դատարանին:
Մեղադրողը ասաց, որ սա ոչ թե միջնորդություն է, այլ դիմում, և որ այդ տվյալները հերքվել են, և ապացույցները հետազոտելիս դրանք պարզ կդառնան:

Հիշեցնենք. ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը, 2019 թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության ու դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։