Վլադիմիր Գասպարյանի համար անհասկանալի է իր նկատմամբ հարուցված քրգործը

Վլադիմիր Գասպարյանի համար անհասկանալի է իր նկատմամբ հարուցված քրգործը

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ  քրեական գործ է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝  նրա կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։

Ավելի ուշ նախկին ոստիկանապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՖԲ-ում գրառում կատարեց Գասպարյանի անունից՝  ասելով, թե հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները  ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։ 

Տիգրան Աթանեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղյակ չեն եղել, թե խոսքը ինչի մասին է․ «Մի 2 հատ գործ կա ՀՔԾ-ում, իր վերաբերյալ չի, բայց իր անունը շոշափվում է, մտածեցի՝ դրա մասին է խոսքը։ Երեկ Ձեր հետ խոսելուց հետո տեսա հաղորդագրությունը։ Պաշտոնական որեւէ տեղեկություն չունենք, ենթադրում ենք ներքին կարգով, թե ով կարող է լինել։ Զառացանք է, նման բան չի կարող լինել»։

Հարցին՝ Վլադիմիր Գասպարյանն ինչպե՞ս է արձագանքել քրեական գործին, պաշտպանը նշեց՝ նրա համար եւս անհասկանալի է եղել․ «Դեռեւս գնահատական չտանք, կհնչեցնենք, թե ինչ է կատարվում։ Ես չեմ հասկանում, ոչ էլ ինքն է հասկանում, նման բան չի եղել, չի կարող լինել։ Ով Գասպարյանին ճանաչում է՝ չի կարող պատկերացնել մի վիճակ, որ ինչ-որ ձեռնարկատիրոջ առջեւ ինքը բերի իր աշխատողներին եւ ասի՝ կատարեք նրա կամքը։ Պարզապես զավեշտ է, նման բան չի եղել»։

Անդրադառնալով ենթադրություններին, թե ո՞վ կարող էր Գասպարյանի դեմ ցուցմունք տալ, Աթանեսյանը նշեց․ «Թող քննությունը լինի, հաճույքով կայցելենք ՀՔԾ, կներկայացնենք մեր բացատրությունները, կհասկանանք՝ ով է, իրենք էլ մեզ պիտի տեղեկացնեն՝ ո՞վ է, ի՞նչ է ասել, ինչի՞ համար։ Ենթադրություններով զբաղվելը իրեն վայել չէ»։

Գասպարյանն անգամ չի հարցաքննվել․ «Քննչական կոմիտեն ասել է, որ բազմակողմանի քննություն է կատարել, այդտեղ սուտ են ասում, որովհետեւ առնվազն պարոն Գասպարյանից բացատրություն պիտի խնդրեին։ Բազմակողմանի չի եղել, ես չգիտեմ՝ ով է շտապել նման անհասկանալի հաղորդագրություն տարածել»։

Գասպարյանը դեռ ծանուցում չի ստացել։
Պաշտպանի խոսքով՝ իր տեղեկություններով ՔԿ-ն գործը փոխանցել է ՀՔԾ-ին։

Հատուկ քննչական ծառայությունից փոխանցեցին, որ դեռ չեն ստացել։

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված էր, որ բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, ըստ որի ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետը, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: