Լավ է ուշ, քան երբեք

Լավ է ուշ, քան երբեք

Մեծարգո վարչապետ Ն. Փաշինյան, նախապես հայտնեմ Ձեզ, որ, որպես ՀՀ քաղաքացի, ես արդեն իսկ իմ դարն ապրած մարդ եմ, այս աշխարհի հետ «հախ-հաշիվներս» մաքրած ու մի կողմ քաշված: Առկա ապրելակերպից չեմ դժգոհում: Եվ ինչպես կասեր Հայաստան ներգաղթած «ախպար»-ը՝ «Հայաստանին օդը մաքո՜ւր-մաքո՜ւր, ջուրը՝ զուլա՜լ-զուլա՜լ, քիչ մը սովին դիմանաս, ըշտե աղին պես կապրին...»։

Սակայն, բոլոր պարագաներում, ես մեծ հաճույքով ցանկանում եմ խորին շնորհակալությունս հայտնել Ձերդ մեծությանը, որ Դուք կարողացաք Ձեր զարմանահրաշ համառության եւ ընդգծված խիզախության շնորհիվ մոբիլիզացնել մեր ժողովրդի անկոտրում եռանդը, ազատատենչ վճռականությունը եւ ջախջախիչ պարտության մատնել տարիներ շարունակ մեր ժողովրդի բախտին ծանրացած, մեր թշվառ երկիրը վայրագաբար թալանած ոհմակին... որի համար ամբողջ հայ ժողովուրդը մեծարում է Ձեզ եւ աղոթում Ձեզ համար:

Սակայն այդ երանելի, աստվածահաճո հերոսապատումից անցել է մեկ տարի: Եվ Հայաստան աշխարհում ի՞նչ է փոխվել այդ անցած-գնացած մեկ տարվա ընթացքում: Ցավոք սրտի, գրեթե ոչինչ: Մի բան, որ փոխվել է, դա այն է, որ Ձեր շրջապատի որոշ ինքնուս «գյուտարարներ» զօր ու գիշեր ջանք ու եռանդ չեն խնայում ՀՀ քաղաքացիներին համոզելու համար՝ «հալվա-հալվա» գովազդելով՝ հնարավոր է ժողովրդի բերանը քաղցրացնել... Ճիշտ այնպես, ինչպես երկինքն է շարունակ որոտում, դղրդում, սակայն սպասվելիք անձրեւը չկա ու չկա: Ասել է թե՝ ջրաղացի քարը կորցրել ենք, մնացել չախչախի հույսին...

Մեծարգո պարոն վարչապետ, հայտնի ճշմարտություն է, որ հայ ժողովուրդը տաղանդաշատ, հրաշագործ, ստեղծագործ մեկն է աշխարհում: Պարզապես ապշել կարելի է՝ մի՞թե հնարավոր չէ այս հրաշագործ, ստեղծագործ ժողովրդի միջավայրում որոնել, հատիկ առ հատիկ հայտնաբերել բանիմաց, արհեստավարժ, արդեն իսկ կայացած պետական գործիչների եւ երկրի կառավարման գործառույթները վստահել բացառապես արժանավորներին:
Ինչպես ասում են՝ հացը տուր հացթուխին, մի հատ էլ ավել տար...

Ախր, ինչպե՞ս կարելի է այդպես անփույթ «հռեկոպալի» պետական պաշտոններ շռայլել որոշ «իքս» միջակությունների՝ լոկ այն իրողությունից ելնելով, որ վերջիններս «դուխով» գլխարկ էին կրում, կամ նրանց քավոր-փեսաները, հորեղբայր-քեռիները, մորաքույր-հորաքույրները Ձեր քաղաքական թիմի ազդեցիկ «ասիչներ» են:

Մի՞թե հնարավոր է «քոռերի լոտո» խաղալ երկրի տեր ժողովրդի հետ... Պարզապես զավեշտալի է, երբ որոշ բարձրաստիճան այրերի ուղեղներում երբեմն-երբեմն միտք է առկայծում, թե հնարավոր է սեփական գլխից վերեւ ցատկել... Մոռանալով, որ իր գլխավերեւը երկրի տեր ժողովուրդն է, որն իր հպատակ ծառաներին հարգելուց, սատարելուց բացի նաեւ խստագույնս պատժել գիտի... Ինչպես ոգեկոչել է մեծն Ֆիրդուսին. «Մեկ հեծյալը՝ թամբի վրա, մեկ էլ թամբը՝ հեծվորի...»։ Երբեք մի ասեք երբեք:

Պարոն Փաշինյան, այսպես թե այնպես, վերջին խոսքի հեղինակավոր իրավունքը պատկանում է Ձեզ, քանզի, ինչպես երկրի առաջին դեմք, Դուք շատ ավելի տեղեկացված եք, շատ ավելի շրջահայաց եք, շատ ավելի իրատես ու հեռատես, քան մենք՝ ՀՀ շարքային քաղաքացիներս: Եվ այդ իսկ իրողությունից ելնելով, ինչպես ոգեկոչել է մեծն Ջիվանին՝ «Իմ բանջարը ձեր հանճարին վնաս չի...»։
Մեծարգո Փաշինյան, պատկառելի տարիքս՝ վկա, ինչքան էլ զարմանալի թվա, ես Ձեր ամենաազնիվ, ամենաանշահախնդիր կամեցողներից եմ: Սակայն հայրենիքի հանդեպ իմ սերը շատ ավելի գերակա է, շատ ավելի առաջնահերթ եւ շատ ավելի աստվածահաճո: Եվ, ուրեմն, Աստծո սուրբ պատգամները՝ Ձեզ զորավիգ...
Լավ է ուշ, քան երբեք...

Լևոն  Խաչատրյան