«Իմ քայլի» ավարտական հանդեսը

«Իմ քայլի» ավարտական հանդեսը

«Իմ քայլը» երեկ ավարտական «հանդես» էր կազմակերպել, գեղեցիկ ու կարճամետրաժ ներկայացումներով ամփոփում էին յոթերորդ գումարման ԱԺ գարնանային նստաշրջանը, գովեստի խոսքեր ասում իրենք իրենց մասին, պատմում, թե ինչքան լավ ու ժրաջան են աշխատել անցած յոթ ամիսներին։ Թե շարքային քաղաքացիների վրա նրանց աշխատանքն ինչպես է անդրադարձել, իսկ թե ինչ է շահել հասարակությունն այս ամիսներին, դա հարցի մյուս կողմն է, այդ մասին առանձնապես հետաքրքրված չէին պատգամավորները եւ շոշափելի հաջողությունների մասին խոսելու փոխարեն չորուցամաք վիճակագրություն էին ներկայացնում, թե որ հանձնաժողովը քանի նախագիծ է ընդունել, քանի քաղաքացու ընդունելություն է կազմակերպել, ապագայի հետ կապված ինչ պլաններ ունեն եւ այլն։ 

 Երկու օրից՝ հուլիսի 15-ին, ազգընտիրները կմեկնեն վաստակած հանգստի, իսկ մինչ այդ  արած-չարածի մասին հարկ էին համարում թվերով խոսել։
Իրազեկողներն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն ու «ստվերային» նախագահներն էին («ստվերային» բառի հեղինակային իրավունքն իմքայլական Մարիա  Կարապետյանինն է․ նա այդպես բնորոշեց իրեն եւ մյուս բոլոր այն գործընկերներին, որոնք հանձնաժողով չեն ղեկավարում, բայց ընդգրկված են ԲՀԿ-ի կամ ԼՀԿ-ի նախագահությամբ ու փոխնախագահությամբ գործող հանձնաժողովների կազմում)։ Հանդեսի «դասատուն»՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, 3-ական րոպե սահմանեց յուրաքանչյուր պատգամավորի համար։ Բացումն էլ իր խոսքով մեկնարկեց՝ նա նախ ողջունեց իրենց խմբակցության ներսում եղած ժողովրդավարությունը. «Չնայած այն հանգամանքին, որ երբեմն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն արժանանում են քննադատության՝ տարբեր կարծիքներ հնչեցնելու համար, մեզ համար սա չափազանց կարեւոր արժեք է, որովհետեւ եթե չկա ներքին ժողովրդավարություն, ապա արտաքին ժողովրդավարության մասին խոսելը կարող է մի փոքր տարօրինակ լինել»: Մակունցը չմանրամասնեց, թե ինչ ներքին ժողովրդավարության մասին է խոսքը, երբ բոլորն անվերապահ ու անհապաղ կատարում են «շեֆի» հրամանը, ու խորհրդարանում անգամ «աղջկա բազառներն» են իր ցուցումով լինում։
Մակունցը կարեւորեց նաեւ խմբակցության՝ վերահսկողական գործիքներից օգտվելը եւ նշեց, որ դրա արդյունքն են գործադիր իշխանության անդամների հետ այդքան շատ հանդիպումները, որոնք չեն եղել դեկլարատիվ բնույթի: Մինչդեռ ընդդիմադիրներն անցած ամիսներին քննադատում էին վարչապետ Փաշինյանի՝ ԱԺ-ում նախաձեռնած հավաքները՝ հղում անելով Սահմանադրությանն ու այն օրենքներին, որոնք օրենսդիր եւ գործադիր մարմիններին փոխզսպող, միմյանց վերահսկող ֆունկցիաներ են սահմանում։

 Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ելույթից էլ պարզ դարձավ, որ մոտ ապագայում այլեւս օրենսդիր եւ գործադիր իշխանականների միջեւ բանավեճ չի ծավալվի, քանի որ մտադիր են օրենսդիրների մշակելիք  նախագծերը նախապես համատեղ քննարկել կառավարության իրենց գործընկերների հետ ու նոր դնել շրջանառության մեջ, եւ ճիշտ հակառակը՝ գործադիրն էլ իրենց հետ կքննարկի իր իդեաները, որպեսզի, ինչպես Թունյանն ասաց, խուսափեն կրկնություններից, ինչպես եղավ նվազագույն աշխատավարձի բարձրացման՝ օրենսդիրների հեղինակած նախագծի հրապարակումից հետո․ «Պարզվեց, որ կառավարությունն էլ համանման նախագիծ էր մշակել»։

Թունյանը նաեւ հիշեցրեց, որ հունվար-փետրվար ամիսներին իրենց մեղադրում էին պարապուրդի մեջ, բայց իր խոսքով՝ վիճակագրությունը ցույց տվեց, որ ԱԺ-ն աշխատում է ու՝ բավականին արդյունավետ․ «Նախկինում խոսակցություն է եղել, թե ինչու է նախագծերի մեծ մասը գալիս կառավարությունից, ոչ թե խորհրդարանից․ դա բնական է, խնդիրներն իրենք ավելի շուտ են տեսնում, քան պատգամավորները, մենք նույն գծի մեջ ենք ու նույն թիմն ենք ներկայացնում, իրար փոխլրացնում ենք»։ Խորհրդարանական դիվանագիտության մասին էլ խոսեց Ռուբեն  Ռուբինյանը․ «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակություններն այցելել են ՌԴ, Գերմանիա, Շվեդիա, Կիպրոս, շուտով կմեկնեն ԱՄՆ: Հայաստան են այցելել բազմաթիվ պատվիրակություններ՝ Գերմանիայից մինչեւ Եթովպիա, Չինաստանից մինչեւ Ավստրալիա: Կիզակետում եղել են արցախյան հակամարտությունը, ցեղասպանության ճանաչումը եւ ՀՀ-ի համար կարեւոր այլ հարցեր: Ակտիվ աշխատանք են կատարել բարեկամական խմբերը»: Թե ինչպես ու որտեղ կարող ենք տեսնել այդ այցերի արդյունքները, Ռուբինյանը չխոսեց այդ մասին։
Այսպես հաջորդաբար՝ մյուս հանձնաժողովի ներկայացուցիչներն ամփոփեցին իրենց կատարած աշխատանքները, իսկ վերջում պարզվեց, որ այնքան են տարվել քաղաքացիների խնդիրներով, որ իշխանության համար կարեւոր նշանակության «հարցերը» կիսատ են թողել։ Ընդամենը շաբաթներ առաջ իմքայլականները ուռա կոչերով ողջունում էին ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններն ու արձանագրում, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, ինչն օր առաջ պետք է վերացնել։ Մի քանի շաբաթ է անցել, սակայն «Իմ քայլը» դեռ հստակ դիրքորոշում չունի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առնչությամբ․ «Չեմ շտապի գնահատական հնչեցնել՝ ճգնաժամ կա, թե ոչ։ Սա մասնագիտական տիրույթի հարց է։ Ես պարզապես քաղաքական գնահատական կտամ՝ իրավիճակը խնդրահարույց է, որը պահանջում է լուծում»,- ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նա ընդգծեց, որ Վահե Գրիգորյանն իր նամակում առաջադրել է այդ իրավիճակը լուծելու երեք ճանապարհ, մինչդեռ չի բացառում, որ «Իմ քայլն» այլ տարբերակ առաջարկի:
«Գործ ունենք խնդրի հետ, որին պետք է տրվի լուծում, տարբերակներ առաջարկել է Վահե Գրիգորյանը, բայց ես չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» հստակ դիրքորոշում ունի հանգուցալուծման առնչությամբ։ Հնարավոր է, որ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով»,- ասաց Մակունցը։ Նա հավելեց, որ խմբակցությունը հակված է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի խնդրի լուծման տարբերակով հանդես գալ մինչեւ սեպտեմբեր։

ՍԴ-Ի ԹՆՋՈՒԿԸ ԱԺ-Ի ԼՈՒԾՄԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ ՉԷ

Առավել քան ուշագրավ էր Վլադիմիր Վարդանյանի դիրքորոշումը։ Նա մեր խնդրանքով անդրադարձավ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին եւ ակնհայտ տարբերվող կարծիք հայտնեց: Վարդանյանն ասաց, թե այն մարդը չէ, որ կարող է հարցի վերաբերյալ քաղաքական մեկնաբանություններ հնչեցնել։ Վահե Գրիգորյանի նամակը պետք է իրավական տեսանկյունից ուսումնասիրվի, այն ուսումնասիրվում է, եւ կլինի անդրադարձ։
Վահե Գրիգորյանը ՍԴ նախագա՞հ է, թե՞ ոչ։ Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ բոլոր տեսակի մեկնաբանություններ կարող են լինել։ «Պարզապես ՍԴ-ն երեք ռեժիմի ընտրված անդամներ են կամ դատավորներ՝ ե՛ւ տարիքային ցենզի հետ կապված, ե՛ւ պաշտոնավարման ժամկետի հետ կապված որոշակի սահմանափակումներ կարող են լինել, բայց նույն սկզբունքով չի ձեւավորվել։ Այս պահին անցումային փուլում ենք, եւ կարեւոր է հասկանալ, որ այս խնդիրն ԱԺ-ի խնդիրը չէ, դա ՍԴ-ին եւ դատական իշխանությանը վերաբերող հարց է»,- ասաց նա։ Մենք հարցրինք նաեւ՝ ինքը կո՞ղմ է այն առաջարկին, որ ՍԴ նոր դատավորներ ընտրվեն։ Վարդանյանը խուսափեց՝ ասելով, թե իր կարծիքն արդեն ներկայացրել է։ Եթե ԱԺ-ի լուծման խնդիրը չէ, ապա ինչո՞ւ է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակ ուղարկել, ճիշտ չի՞ արել, որ ԱԺ-ին է ուղարկել։ Հարցին ի պատասխան՝ Վարդանյանն ասաց, որ կարող էր ուղարկել, իրենք էլ կնայեն ու կարծիք կհայտնեն։ Պնդեց նաեւ, որ հարցի լուծումը ՍԴ տիրույթում է։