Հայտարարագրեմ ձեր հայտարարագիրը

Հայտարարագրեմ ձեր հայտարարագիրը

Պարոն Փաշինյան, մի ժամանակ ասում էիք՝ նախարարների ու կառավարության դռները քաղաքացին պետք է կարողանա ոտքով բացել: Ասում եմ՝ արի մի օր երկուսով գնանք, օրինակ, ՊԵԿ եւ փորձենք մտնել նախագահի կամ նրա տեղակալի, կամ տեղակալի տեղակալի, կամ որեւէ վարչության պետի, կամ բաժնի վարիչի մոտ: Գնանք որպես ՀՀ երկու քաղաքացի… Մի քիչ գրիմ-մրիմ անենք, կեպիներս հանենք, կեղծամ դնենք, եթե պետք է՝ կանացի շորեր հագնենք ու մտնենք ՊԵԿ՝ որեւէ պաշտոնյայի տեսնելու համար: Չեմ ասում՝ դուռ-մուռ ջարդենք… Հանգիստ մտնենք, բարեւ տանք, ասենք` շատ ներողություն, մենք հերոս հարկատուներ ենք, եկել ենք մեզ հետաքրքրող այս-այս-այս հարցով: Ձեզ հետաքրքիր չէ՞, պարոն Փաշինյան, կկարողանա՞նք մտնել, թե՞ մեզ դուրս կվռնդեն ՊԵԿ-ի դռնից:

Իսկ հիմա պատկերացրեք, պարոն Փաշինյան, որ մեզ (ավելի շատ՝ Ձեզ) հետաքրքրող այդ հարցը վերաբերում է առաջին հերթին ՊԵԿ-ին եւ ապա հասնում է հակակոռուպցիոն մարմնին, ԴԱՀԿ-ին, վերջում էլ մտնում է դատարան: Այսինքն, մի «կլյաուզնի մոմենտա», որ պիտի երկուսով (ավելի շուտ՝ Դուք) փորձենք հաղթահարել որպես ՀՀ շարքային քաղաքացի: Եթե ստացվի, պարոն Փաշինյան, ես քեզ մի հատ Ռենջ Ռովեր նվեր տամ, եթե չստացվի՝ դու հրաժարական ես տալիս ու ռադ ես լինում, որպես հայ ժողովրդի գլխին եկած փորձանք: Գնացի՞նք…

Եվ, ուրեմն, պարոն Փաշինյան, պատկերացրու, նախկինում ՀՀ կառավարությունում (նաեւ՝ քո օրոք), ապա ԱԺ-ում աշխատած ՀՀ քաղաքացին, որ տարիներ շարունակ ամենայն բծախնդրությամբ եկամուտների հայտարարագիր է ներկայացրել ՊԵԿ-ին, 2024թ. օգոստոսին ներկայացրած հայտարարագրում անզգուշորեն թույլ է տվել «տողի» սխալ, որից մի հսկայական հարկային պարտավորություն է «շալակել»: Այդ քաղաքացին, պարոն Փաշինյան, որեւէ ձեռներեցությամբ չի զբաղվել, ՍՊ չունի գրանցած, ապրել է պետության աշխատավարձով: Այսինքն, ՊԵԿ-ին պետք է պարզ լիներ, որ գոյացած հարկային պարտավորությունը՝ 420 հազար դրամի, հայտարարագրի սխալի հետեւանք է եւ ոչ թե եկամուտը թաքցնելու փորձ: Այդ դեպքում ի՞նչ պետք է աներ ՊԵԿ-ը, պարոն Փաշինյան: Ձեր փոխֆիննախարար Արման Պողոսյանն ասում է՝ ՊԵԿ-ը նման դեպքերում հարկատուին նախազգուշացնում է, աշխատում հայտարարագիր լրացնողի հետ, գլխի գցում՝ որը որից հետո է: Ասում է՝ 30 օրվա համար տուգանքը հազիվ 5 հազար դրամ է, եթե եւս 30 օր է անցնում, եւ քաղաքացին չի շտկում հայտարարագիրը, տուգանքը դառնում է 10 հազար դրամ: Չէ, չէ, չէ, ի՞նչ վարչական ճնշում, ի՞նչ բան… Պետությունը պատրաստ է աջակցել քաղաքացիներին՝ պարզեցված ընթացակարգերով…

Այս դեպքում, պարոն Փաշինյան, քաղաքացին հայտարարագիրը լրացնելուց հետո ազատվել է աշխատանքից, ապա մեկնել ԱՄՆ` իր գործերով, ենթադրենք՝ սովորելու: ՊԵԿ-ից որեւէ նախազգուշացում չի ստացել, ստանար էլ՝ ոչինչ անել չէր կարող, որովհետեւ գտնվում էր ԱՄՆ-ում: Եվ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացին տեղի ունեցածի մասին իմանում է միայն այն ժամանակ, երբ փորձում է իր բանկային քարտով վճարում կատարել սուրճի եւ մի շիշ ջրի համար: Քարտն արգելափակված է լինում: Պարոն Փաշինյան, պատկերացնո՞ւմ ես, ԱՄՆ-ում՝ օտար տեղ, մեկ էլ իմանում ես, որ դու ջրի փող չունես… Հարեւան էլ չկա, որ պարտքով մի քիչ փող տա, ծանոթ կրպակ չկա, որ «նիսյա» հաց առնես, հեռախոսդ էլ չես կարող լիցքավորել, որ կապվես բանկիդ հետ ու իմանաս պատճառը: Էլ ի՞նչ գլուխդ ցավեցնեմ, պարոն Փաշինյան… ՊԵԿ-ը «աչքով է» անում հակակոռուպցիոնին, հակակոռուպցիոնը՝ ԴԱՀԿ-ին, ԴԱՀԿ-ն էլ՝ բանկին… է՛լ քրեական վարույթ, է՛լ բան… Լուրը հասնում է այդ քաղաքացու ծնողներին: Սրանք էլ ընկնում են ՊԵԿ-ի փակ դռները… Ուր գնում են, ասում են՝ համակարգն է այդպես աշխատում, դուք ոչինչ անել չեք կարող, պետք է ինքը գա, որ շտկի: Եվ որպես լրացում այս ամենի, այդ քաղաքացու ծնողները ԴԱՀԿ-ից մի նամակ են ստանում, որ վարույթը կասեցվում է, քանի որ քաղաքացին իր հաշիվների վրա այդքան փող եւ համապատասխան արժեքի գույք չի տիրապետում: Այս ամենից հետո էլ, պարոն Փաշինյան, ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացու բանկային քարտը մնում է արգելափակված, իսկ քաղաքացին՝ առանց միջոցների:

Հուսամ՝ կարողացա իրավիճակն այնպես ներկայացնել, որ քո անգրագետ պաշտոնյաները հասկանան, թե ինչ են արել, եւ հետագայում, նոյեմբերի կողմերը, շտկեն հայտարարագրման այս հիմար օրենքը: Մարդ բան չի հասկանում․ մեկն ասում է՝ եկամուտների հայտարարագրումը կյանքի նորմ է, մյուսն ասում է՝ պատիժ չէ, երրորդն էլ վերցնում ու պատժում է:

ՀԳ. Ուշադրություն… Նշված ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրերի մեջ նմանատիպ «տողի» սխալները բազմաթիվ են, որոնք ենթակա են շտկման: Իսկ, ահա, ՊԵԿ-ի տգետները (թող մեղքը համակարգի վրա չգցեն) ենթակա են պատասխանատվության՝ հերոս հարկատուներին անհարմարություններ պատճառելու համար:

ՀԳ1․ Պարոն Փաշինյան, քանի որ Դուք բոլորի վարչապետն եք, կարող եք հանգիստ պատկերացնել, որ խոսքը, օրինակ, Մարիամ Փաշինյանի հայտարարագրում եղած պատահական սխալի մասին է: