Իմաստը ո՞րն է

Իմաստը ո՞րն է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԼՂ կարգավորման բանակցություններով հաջորդ հանդիպման առաջարկություն է արել ԱՄՆ-ը: Ռուս փորձագիտական հանրությունը տագնապած է եւ կարծում է, որ Վաշինգտոնը նպատակ ունի Մոսկվայից խլել նախաձեռնությունը: Կրեմլը գործի է դրել քարոզչական ծանր հրետանին` եվրասիականության գլխավոր գաղափարախոս Դուգինն ադրբեջանական հանրությանը ներշնչում է, որ պետք չէ ուշադրություն դարձնել Ռուսաստանի արտգործնախարար Լավրոովի էթնիկ ծագմանը, նա պետական գործիչ է եւ ներկայացրել է ԼՂ կարգավորման ծրագիր, որը Ռուսաստանին թույլ կտա պահպանել եւ զարգացնել հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ:

Նա, ընդսմին, ակնարկել է, որ «Լավրովի պլանը» քննարկվել է դեռեւս 2016թ. եռակողմ` Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը: Ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդօղլուն կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է «խնդիրը կարգավորել ղարաբաղցիների միջոցով»։ Պաշտոնական Ստեփանակերտի արձագանքն արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը դիվանագիտորեն խուսափողական էր: Արցախցի փորձագետները նույնպես շրջանցում են սկզբունքային պահը, որ բացահայտել էր Ադրբեջանի արտգործնախարարը, ինչը փաստացի հաստատել էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Ադրբեջանի փորձագիտական հանրության գնահատականները կիսվում են:

Մի մասը ողջունում է մոսկովյան բանակցությունները, մյուսը` հույս կապում ամերիկյան միջնորդության հետ: Խնդիրն, ըստ էության, շրջանցվում է նաեւ հայկական մամուլում, որտեղ հիմնական շեշտը դրվում է Երեւանի դիրքորոշման փոփոխության վրա: Մինչդեռ այդ տպավորությունը գործնական նվազ հիմնավորում ունի: Երբ Մամեդյարովը եւ Լավրովը փաստացի բացահայտում են, որ արտգործնախարարների մակարդակով քննարկվում է կարգավորման ծրագիր, որը կողմերին է ներկայացվել դեռեւս երեք տարի առաջ, հայկական կողմի դիվանագիտական այլասացությունը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում: Եւ անհասկանալի է, թե ո՞րն է դրա իմաստը: Եթե գործընթաց է սկսվել, որպեսզի կարգավորման բանակցություններ վերսկսվեն, ապա պետք է լինի ինչ-որ փաստաթուղթ, որի շուրջ կողմերը կբանավիճեն:

Ըստ էության հիմնավոր չեն պնդումները, թե կողմերը հանդիպում են միայն բանակցությունների պատմությունը քննարկելու եւ միմյանց տեսակետներն ավելի լավ հասկանալու համար: Ժամանակն անցնում է, եւ գալու է պահը, երբ կողմերն ստիպված են լինելու հստակեցնել իրենց մոտեցումը: Մնացածն, ինչպես ասում են, քարոզչական «թեփ է»: Ադրբեջանն ընդունու՞մ է ԼՂ կարգավիճակը հանրաքվեով որոշարկելու սկզբունքը: Մամեդյարովը խոստովանել է, որ այդ հարցը քննարկվում է: Ադրբեջանական փորձագիտական հանրությունը չի թաքցնում, որ անհանգստացած է, որ բանակցությունները կարող են տանել ԼՂ փաստացի անկախության միջազգայնացմանը: Արցախյան կողմը հետեւողականորեն շրջանցում է կարգավորման տարածքային բաղադրիչի թեման: Կողմերը, կարծես, խաղում են ժամանակի վրա: