Վավերական էպոպեա

Վավերական էպոպեա

Լրագրող ընկերներիցս Նարինե Ավետիսյանն օրերս Ֆեյսբուքում հորդորել էր գրողներին, նկարիչներին, երգահաններին՝ գրի, նկարի, երգի միջոցով ներկայացնել Արցախյան պատերազմի հերոսներին։ «Ընկերներիս մեջ բազո՜ւմ արվեստագետներ կան։ Գրե՛ք, պոետներ, գրեք մեր հերոսների մասին, մեր պայքարի մասին, գրեք գալիք ֆիլմերի, ներկայացումների սցենարները, գրեք մեր դպրոցականների դասագրքերը, գրեք, որ խաղաղ լինեն ձեր ավագ գրչեղբայրների՝ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սեւակի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի եւ մյուսների հոգիները...»,- մասնավորապես կոչ էր արել Նարինեն։

Գործընկերոջս  այս կոչը, որը ես իմ կողմից վերահնչեցնում եմ, հիշեցրեց գրական մի ժանրի մասին, որը տասնամյակներ առաջ լայն տարածում ուներ եւ խորհրդային լրագրության սիրելի ժանրերից էր։ Խոսքս ակնարկի մասին է, որ հետխորհրդային ժամանակներում մի տեսակ խամրեց եւ դարձավ չափազանց քիչ օգտագործվող՝ մասամբ տարրալուծվելով էսսեի ժանրի մեջ։

Ակնարկի՝ որպես ժանրի ամբողջ հմայքը նրա սահմանային վիճակի մեջ է․ այն շատ նրբորեն սահմանակցում է պատմվածքին ու վավերագրությանը, եւ այդ յուրօրինակությունը՝ լինել սահմանային, գրողներին հնարավորություն է տալիս իրենց ստեղծագործական երեւակայությունը «ցած» բերել մինչեւ առօրեական կյանք, մինչեւ իրական մարդ եւ գրել նրա մասին։ Բայց գրողը պահպանում է նաեւ ստեղծագործական հորինումի անհրաժեշտ ազատությունը, որն էլ ակնարկը դարձնում է խիստ յուրօրինակ, խաղացկուն, «առաձգական» մի ժանր։ Եթե պատմվածքը գեղարվեստորեն արձանագրում է կյանքը եւ ընդհանրական մարդուն, ապա ակնարկը որոշակի գեղարվեստականությամբ վավերագրում է կյանքը եւ ֆիքսում որոշակի մարդուն։ Ստացվում է, որ ակնարկը սնում է թե՛ պատմությունը՝ իր վավերականությամբ, թե՛ նաեւ գեղարվեստը՝ իր ստեղծագործական ձեռքբերումներով։

Հայ ակնարկագրությունը, որի ժանրային տարբաժանման սկիզբը դրվել է դեռ Միքայել Նալբանդյանի հրապարակագրական, Հակոբ Պարոնյանի երգիծաբանական ժառանգության մեջ, հիանալի նվաճումների է հասել խորհրդային ժամանակաշրջանում։ Իմ սերնդակից  ընթերցողները սիրով սպասում էին, օրինակ, Մարգո Ղուկասյանի, Մերուժան Տեր-Գուլանյանի ակնարկներին (վերջինիս ակնարկներին՝ հիմա էլ)։ Այդ շրջանում տպագրվում էին ակնարկների անթոլոգիաներ, հեղինակային ժողովածուներ․ կյանքն այդպես գեղարվեստորեն վավերացվում էր ու դառնում պատմության անբաժանելի մաս։

Արցախյան պատերազմի մեր զոհերն այսօր, տարաբախտաբար, հազարավորներ են, հետեւաբար՝ բացի այն, որ նրանք անուն առ անուն կդրոշմվեն հայոց նորօրյա պատմության էջերում, անհրաժեշտ են նաեւ նրանց հերոսական կյանքի վավերական արձանագրումները։ Ռ․ Ռոժդենստվենսկու «Հիշենք բոլորին անուն առ անուն» բանաձեւը մեր հերոսների դեպքում գուցե պետք է վերափոխել՝ «Հիշենք բոլորին՝ դրվագ առ դրվագ», որպեսզի նրանք չմնան սոսկ որպես անուններ, այլեւ դրվագվեն մեր պատմության մատյանում որպես հերոսապատումի առանձին էջեր։ 
Եվ այդ բանը լավագույն ձեւով կարող է անել ակնարկագրությունը։ 

Մեր ակնարկագիրներին շատ բանով կարող են օգնել զոհված հերոսների հարազատները, մտերիմները, ընկերները, որոնք վավերական տվյալներ ու հուշեր կտրամադրեն նրանց կյանքի ու նահատակության մասին, ինչը հիմք կդառնա ապագա մեծ հերոսապատումի համար։
Ես հստակ չեմ պատկերացնում այս առաջարկի իրականացման եղանակները կամ դրա հավանականությունը, բայց կարծում եմ՝ լավ կլինի այսօր իսկ արդեն ստեղծել համացանցային մի տիրույթ, այսպես կոչված՝ տվյալների էլեկտրոնային բազա, որտեղ կարելի կլինի հավաքել բոլոր հարկավոր նյութերը, համակարգել, մշակել, որպեսզի այնուհետեւ  դրանք դարձվեն դյուցազնագիրք, վավերական էպոպեա։

Մեր բոլոր նահատակներն արժանի են, որ նրանց ոչ միայն հիշեն, այլեւ նրանց մասին պատմեն։
Պատմենք նրանց մասին։