Նրա ծրագրերը նման են փոքր բալիկի նկարների

Նրա ծրագրերը նման են փոքր բալիկի նկարների

Ռիտա Սարգսյանը եւ Բելլա Քոչարյանը, իրենց ամուսինների ստվերը լինելով, երբեք մամուլի ասուլիսներ չեն հրավիրել՝ առաջարկելով բավարարվել իրենց ղեկավարած բարեգործականների կայքէջերում տեղադրված տվյալներով։ «Իմ քայլի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը երեկվանից նոր ավանդույթ մտցրեց՝ հաշվետվություն մամուլի ասուլիսի միջոցով։ Դրա կարիքը կար։ Հիմնադրամի կայքը դեռ վերջնական տեսքի բերված չէ եւ ինֆորմացիայի լիարժեք աղբյուր չէ։ Իսկ հանրության հետաքրքրությունը մեծ է։ Աննային վերջերս շատ էին քննարկում՝ ծախսերը, հագուկապը, նույնիսկ տրանսպորտի առիթով, որով նա շրջագայում է, նրա նախագահած «Իմ քայլը» հիմնադրամը։

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մասին հայտարարվեց  օգոստոսին, տնօրեն՝ ի դեմս Հովհաննես Ղազարյանի, որը, ի դեպ, ասուլիսի ժամանակ ոչ մի անգամ չժպտաց, «Իմ քայլն» ունեցավ նոյեմբերին։ Դեկտեմբերից մինչ օրս հիմնադրամի հաշվեհամարին 859 մլն 55 հազար դրամի մուտք է եղել, որից 236 մլն դրամը ծախսվել է եւ 622 մլն դրամ մնացորդ կա այս պահին։ Միջոցները ծայրահեղ անբավարար են։ Միայն մեկ՝ ծննդօգնության ծրագրով եղածից ավելի գումար է անհրաժեշտ՝ մոտ 1 մլրդ դրամ։ «6 ամսվա ընթացքում ունեցել ենք երկու գործուղում՝ դրամահավաքի նպատակով։ 859 մլն-ից գործուղումների վրա ծախսվել է 832 հազար դրամ, մոտ 97 մլն հավաքագրվել է։ Հիմնադրամն ունի 11 աշխատող»,- ասաց Աննա Հակոբյանը։

11 աշխատողներից երկուսը միայն զբաղվում են հանրային կապերով։ Հոգաբարձուների թվում են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը, որը նաեւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուն է։ Արսինե Խանջյանն ու Սերժ Թանկյանը, բժիշկ, հայտնի գինեկոլոգ Վահան Վարդապետյանը, որը շատ ակտիվ էր ՀԱԿ հանրահավաքների ժամանակ, իսկ «Իմ քայլում» առաջ է տանելու արհեստական բեղմնավորումների իր ուղղությունը։ Հիմնադրամը չունի տարածք, գույք, աշխատողներն իրենց «լապթոփներով» են գործ անում։ Աննա Հակոբյանը հերքեց լուրերը, թե պատրաստվում է կառավարական որեւէ շենք վերցնել իր գրասենյակի համար։ Նա ասաց․ «Հիմնադրամի աշխատակիցներն ԱՕԿՍ-ի շենքում են տեղավորվել։ Ես տեղափոխվել եմ Բաղրամյան 26-ից կառավարություն, ունեմ այնտեղ աշխատասենյակ։  Կառավարական շենքեր տեղափոխվելը երբեք չի քննարկվել։ Պետք է տարածք գտնենք հարմար, նաեւ՝ մատչելի, որովհետեւ մենք խնայում ենք, տարածքները շատ թանկ արժեն, ու մենք չենք ուզում շատ գումար ծախսել վարձակալության վրա, ուզում ենք մեզ վստահված գումարները խնայողաբար ծախսել»։ Այնուհետեւ լրագրողներին հարց ուղղեց․ «Ինչպե՞ս կարող է հիմնադրամը տեղավորվել նախագահի նստավայրում»։

 Այս պահի դրությամբ հիմնադրամն ունի 114 նվիրատու։ Ամենամեծ նվիրատվությունը 241 մլն դրամն է եղել՝ Մեղրու մանկապարտեզի վերակառուցման համար։ 5 հազար դրամից սկսած՝ քաղաքացիները նվիրատվություններ են անում։ Մոտ 23 մլն ծախսվել է աշխատավարձերի եւ գործուղումների վրա։ «Իմ քայլը» 284 մլն դրամի կրթաթոշակ է բաժանել, աջակցել է նվագախմբերի, այդ թվում՝ «Հովերին», կամերայինին, սիմֆոնիկին, ընդհանուրը՝ մոտ 145 մլն դրամի, 25 ընտանիքների տանիք կամ տան վարձ է տվել, 3 մլն դրամի էլ անհատ դիմողներին է աջակցել։ ՄԱԿ-ի հետ համատեղ արվում է «Առանց պլաստիկի Հայաստան» ծրագիրը, «Վորդ Վիժն»-ի հետ 15 ընտանիքների համար կացարաններ են ապահովվել, կամավորներ են ներգրավում՝ աղքատների տները նորոգելու համար։ «Իմ քայլը» քիչ գումար ունի եւ հավակնոտ, գլոբալ ծրագրեր՝ մանկատների վերացումից մինչեւ  արտամարմնային բեղմնավորում եւ ներարգանդային սերմնավորում այն կանանց համար, որոնք չունեն միջոցներ այս ճանապարհով երեխա ունենալու։

«Նախկինում դա «Արագիլ» ծրագրի միջոցով է եղել, որը դադարեցրել է գործունեությունը, եւ հիմա մենք ունենք մոտ 400 զույգից հերթ»,- ասաց Աննա Հակոբյանը։ 70 մլն դրամ, հինգ ամսում, ծախսվել է քաղցկեղով հիվանդ երեխաների վրա։ Աննա Հակոբյանը խնդրեց առողջապահական անհատական դիմումներով «Իմ քայլը» հիմնադրամին չդիմել։ «Չենք կարող բոլորին բավարարել, չունենք մեխանիզմ, որով մեկին մերժենք, մյուսին չմերժենք։ Խնդրում եմ հանրությանը «Իմ քայլը» հիմնադրամին նման խնդրանքներով չդիմել»։ 

Նրա ծրագրերը նման են փոքր բալիկի նկարների, ինչպես, օրինակ, «Երազանքի գյուղ» ծրագիրը։ Սա փորձացուցադրական գյուղ է լինելու։ «Մենք ուզում ենք մեկ օրինակելի գյուղ ստեղծել։ Այն չի լինելու անհասանելի։ Պետք է լինի այն մինիմումը, որ ուզում են տեսնել՝ ինչ տեսք պետք է ունենա, ինչքան մաքուր լինի, կամ ինչքան ծաղիկ լինի այնտեղ, տներն ինչքան մաքուր կլինեն»,- պատմում էր Աննան, իսկ լրագրողները նրան իրենց հարցերով իջեցնում, կպցնում էին հողին։ Հարցնում էին պարգեւատրումներից, որոնք, ըստ լուրերի, պետական մարմինների ղեկավարները պարտադրված փոխանցել են «Իմ քայլին», ուղղաթիռով Արթիկ մեկնելու, ընտանիքով Շվեյցարիա ընտանյոք հանդերձ գնալու ու այնտեղ շքեղություններ թույլ տալու մասին։ «Ես եղել եմ Դավոսում, ուղեկցել եմ իմ ամուսնուն՝ ֆորումի շրջանակներում, բայց անձնական պատճառներով ֆորումում չեմ հայտնվել:

Բայց ծախսերի մասին ուղղակի ավելորդ է խոսելը, չեմ ուզում նույնիսկ արձագանքել»,- ասաց Աննա Հակոբյանը։ Ուղղաթիռով Արթիկ գնալու մասին չի լսել։ Մարզպետներին, որոնց, իբր, հարկադրել են փոխանցումներ անել «Իմ քայլը» հիմնադրամին, դեմքով չի ճանաչում։ «Ես նվիրատուներից շատերին չեմ էլ ճանաչում։ Եթե որեւէ մեկն իր պարգեւատրումը փոխանցել է հիմնադրամին, եթե նույնիսկ եղել է նման բան, ապա ես դրանից տեղյակ չեմ․․․ Մարզպետներին էլ չեմ ճանաչում։ Թերթի գործունեությանը ներգրավված չեմ այնքան, որքան նախկինում։ Ամուսնուս հետ մարզեր այցելելու ժամանակ լինում է իրավիճակ, երբ նստած ենք եղել տարբեր մարդկանց հետ, ու ես հարցրել եմ՝ սա ո՞վ է, ասել են՝ մարզպետն է»։
  Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ