Զարուհի Փոստանջյանի ոչ վայելուչ արտահայտությունը

Զարուհի Փոստանջյանի ոչ վայելուչ արտահայտությունը

Բոլոր ժամանակներում էլ իշխանության առաջին դեմքերը հասարակության տարբեր շերտերի կողմից արժանանում են ամենաանողոք քննադատության։ Դրանցից զերծ չէ նաեւ Նիկոլ Փաշինյանը. նրան քննադատում են նախկինները, սկսել են քննադատել նաեւ մարդիկ, ովքեր անվերապահորեն հավատացել են նրան, գնացել նրա ետեւից, բայց այսօր, տեսնելով, որ չեն արդարանում իրենց փայփայած հույսերը, հիասթափություն են ապրում: Ոմանք քննադատում են՝ ոչնչացնելու, սեւացնելու եւ ձախողմանը նպաստելու համար: Ոմանք սխալները մատնանշում են՝ օգնելու, ճիշտ ուղու վրա կանգնեցնելու ազնիվ մղումներով: 

Զարուհի Փոստանջյանը գրեթե միշտ քննադատել է Փաշինյանին, ժամանակին դեմ է եղել, որ «Ժառանգություն» կուսակցությունն ու Նիկոլը միավորվեն: Հեղափոխության օրերին նա թեեւ միացավ շարժմանը, անգամ Նիկոլի ձերբակալության օրը փորձեց խոսել Հանրապետության հրապարակի հանրահավաքի ժամանակ, սակայն Աննա Հակոբյանը խոսափողը ձեռքից վերցրեց, եւ նա իջավ ամբիոնից։ Դրանից հետո նրա քննադատությունն առ Նիկոլ Փաշինյան դարձավ ավելի խիստ, ծայրահեղ:

Այդ քննադատություններից շատերի հետ, անշուշտ, չի կարելի չհամաձայնել: Օրերս, սակայն, ասուլիսներից մեկի ժամանակ Զարուհի Փոստանջյանը մի հայտարարություն արեց, որով վարկաբեկեց ո՛չ այնքան Փաշինյանին, որքան իրեն՝ որպես իրավաբան, որպես արդարության համար պայքարող անհատ: Նա ասաց. «Նիկոլ Փաշինյանը բանտում ունեցել է «գործ տվողի» վարքագիծ»: Իրավաբանության մեջ «գործ տվող» տերմին չկա, այն կիրառելի է հանցագործ աշխարհում, օգտագործում են քրեական հեղինակությունները, փողոցի տղերքը, գաղութի օրենքներով ապրող մարդիկ, բայց ո՛չ իրավաբանները, քաղաքական գործիչները:

Այո, կարելի է անհարկի մարդկանց զրպարտել, մեղքեր բարդել նրանց վրա, չեղած տեղից պատմություն ստեղծել եւ դրանով գումար աշխատել․ նման բան անողներն արժանանում են «գործ տվողի» պիտակին: Բայց դրան երբեմն անհարկի արժանանում են նաեւ նրանք, ովքեր պայքարում են իրենց իրավունքների, արդարության համար, բացահայտումներ են անում, ջրի երես հանում ոմանց ապօրինի գործողությունները: Երբեմնի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ժամանակին կանգնում էր նման մարդկանց կողքին: Իր բոլոր սխալներով ու բացթողումներով հանդերձ, չի կարելի ասել, թե Փաշինյանը պատկանում է առաջին խմբին: Ի տարբերություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ընդդիմադիր գործիչ եւ լրագրող Նիկոլը եղել է սկզբունքային, պայքարող եւ չհանձնվող կերպար, ասել, թե նա «գործ տվող» է եղել, ազնիվ չէ: Իսկ եթե պայքարելը, հանցագործությունների մասին բարձրաձայնելը «գործ տալ» է, ապա կարելի է հետեւություն անել, որ Զարուհի Փոստանջյանն էլ պակաս «գործ տվող» չէ, քանի որ ինքն էլ է միշտ բարձրաձայնել տարբեր ապօրինությունների մասին, անգամ՝ դրսում, երբ բարձրաձայնում էր Սերժ Սարգսյանի խաղամոլության մասին: