Նոր գազամուղը չեն համարում քաղաքական նախագիծ

Նոր գազամուղը չեն համարում քաղաքական նախագիծ

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Բեռլինն այն կարծիքին չէ, թե «Հյուսիսային հոսք-2» նախագիծը հանդիսանում է քաղաքական։ Այս մասին նա ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի հետ հանդիպման ժամանակ, Կիեւ կատարած իր այցի ընթացքում, վերջինիս հետ տեղի ունեցած հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ուկրաինական ծառայությունը, գերմանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է․ «Մենք չենք կարծում, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը քաղաքական է։ Դա նախագիծ է, որին մասնակցում են բազմաթիվ եվրոպական ձեռնարկություններ, ոչ միայն Գերմանիայից»։ Ընդ որում, նախարար Մաասը ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը պետք է պահպանվի եւ Գերմանիան պատրաստ է աջակցել Ուկրաինային գազային կոնսորցիումի ստեղծման միջոցով։ «Մենք հիմա ունենք վեց ընկերություն, որոնք պատրաստ են մասնակցել այդ կոնսորցիումին»,- նշել է Հայկո Մաասը։ Նա նաեւ ասել է, որ Մոսկվայում ռուսական կողմի հետ բանակցությունների ժամանակ ինքը հավաստիացում է ստացել, որ գազի տարանցումը Ուկրաինայով կշարունակվի։