Մինչ ՀԱՊԿ-ն խորհրդակցում է, թշնամին զինվոր է սպանում ՀՀ տարածքում

Մինչ ՀԱՊԿ-ն խորհրդակցում է, թշնամին զինվոր է սպանում ՀՀ տարածքում

Երեկ խորհրդարանում քննարկվում էր այն հարցը, թե ինչու ՀԱՊԿ-ն պատշաճ չի արձագանքել Հայաստանի դիմումին, որով Հայաստանը խնդրում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ աջակցելու ադրբեջանցիների կողմից ՀՀ սուվերեն տարածք ներթափանցման կապակցությամբ։

«Այո, բոլորիդ հայտնի է, թե որ հոդվածներով ենք դիմել, եւ ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք մեր դաշնակիցներից»,-երեկ խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Իսկ մինչ այդ Ազգային ժողովի հակառուսական կողմնորոշմամբ «անկախ» պատգամավոր Բաբաջանյան Արմանը դժգոհում էր, թե ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը որեւէ կերպ չեն արձագանքել ու չեն միջամտել Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածք ներթափանցելու մասով։ ԲՀԿ-ից Արման Աբովյանն էլ փորձում էր արդարացնել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։

Մենք փորձեցինք ճշտել ԱԳՆ-ից՝ ՀԱՊԿ-ից, ի վերջո, արձագանք եղե՞լ է։ ԱԳՆ-ից ասացին՝ արձագանք եղել է ՀԱՊԿ արտգործնախարարների համաժողովում, նաեւ տարածվել է  հաղորդագրություն, որում ասվում է, որ այս հարցով խորհրդակցություններ եղել են։ Այսինքն՝ հրապարակավ հայտարարվել է, որ խորհրդակցություններ եղել են, բայց նաեւ ՀԱՊԿ-ն արձանագրություններ է ունենում, որոնք հրապարակման ենթակա չեն: 

ԱԳՆ-ից ասացին՝ ընթացակարգը հետեւյալն է․ «Մենք դիմում ենք, եռօրյա ժամկետում նախագահող երկիրը հանձնարարում է քարտուղարությանը՝ անցկացնել համապատասխան խորհրդակցություններ, ինչը եւ եղել է»։ Մինչդեռ ՀԱՊԿ-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է 12 օր առաջ՝ մայիսի 14-ին, եւ հայտնի չէ, թե ինչ է ձեռնարկել ՀԱՊԿ-ն, որի անդամն է նաեւ Հայաստանը, եւ որի անվտանգության երաշխավորն է այս կազմակերպությունը։

Բայց պարզվում է՝ մենք չենք դիմել, որ ՀԱՊԿ-ն անմիջականորեն միջամտի, դա ընդամենը ձեւական ժեստ էր, որ ՀՀ քաղաքացիները տեսնեն, թե Նիկոլ Փաշինյանը դիմում է ՀԱՊԿ, եւ վաղը նրան չմեղադրեն՝ ոչինչ չձեռնարկելու համար։ Կարճ ասած՝ Հայաստանը դիմել է, որ ՀԱՊԿ-ն խորհրդակցություն անցկացնի Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքը հատելու եւ այնտեղից դուրս չգալու կապակցությամբ, ՀԱՊԿ-ն էլ արել է այդ խորհրդակցությունը, ի՞նչ խնդիր կա։ Հիմա ինչո՞ւ ենք խառնվել իրար, մենք ընդամենը խորհրդակցության համար էինք դիմել, չէինք ասել՝ եկեք ադրբեջանցիներին դուրս քշեք մեր տարածքից։ Դե, իրենք էլ խորհրդակցում են։
Ավելին, ՀՀ պաշտպանության նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետեւում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, եւ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։ Դրանից ավել էլ ի՞նչ ենք ակնկալում այս հզոր կառույցից՝ ընդամենը խորհրդակցել եւ ուշադիր հետեւել։ Իսկ թշնամին թող շարունակի ամեն օր մի քանի մետր էլ առաջ գալ ու խորանալ ՀՀ պետական սահմանի մեջ։ Երեկ նաեւ տեղեկություն տարածվեց, որ Գեղարքունիքի հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ, որի ժամանակ ադրբեջանցի մի զինվոր կրակել է հայ զինվորի վրա եւ սպանել նրան։ Այդ նույն ընթացքում ՀԱՊԿ-ում, վստահաբար, բուռն քննարկում եւ խորհրդակցություն էր տեղի ունենում, թե ինչպես «խաղաղ հանգուցալուծեն խնդիրը»։