Մեկ էլ տեսար՝ Եվրոպայի խորհրդում մի հուշագիր էլ տղամարդկանց համար գրեն

Մեկ էլ տեսար՝ Եվրոպայի խորհրդում մի հուշագիր էլ տղամարդկանց համար գրեն

Բան չի մնացել արդեն: Որ մի քիչ էլ գովեն-գովաբանեն Ստամբուլյան կոնվենցիան, բացատրեն դրա կենարար նշանակությունը ՀՀ քաղաքացիների համար, մի շնչով կընդունենք ու վերջ: Իսկ առավել դժվար հասկացողները, մեկը՝ ես, թող մեկ անգամ էլ կարդան այդ կոնվենցիայի գեղեցիկ վերնագիրը. «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին»: Վատ բան կա՞ այստեղ, որ այդպես հուշտ եք լինում կոնվենցիայից, սիրելի ՀՀ քաղաքացիներ: Բա որ «կոնվենցիա» օտար բառն էլ մի կողմ գցե՞նք, ինչքան գեղեցիկ կհնչի՝ «ստամբուլյան հուշագիր»… Համարյա՝ «հուշամատյան»:
Եվ ուրեմն՝ ինչո՞ւ ենք ընդդիմանում:

«Ստամբուլյան կոնվենցիայի հիմնական ընդդիմախոսներն ասում են, թե այն վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում թույլատրվելու են միասեռ ամուսնությունները, պաշտոնապես գրանցվելու է 3-րդ սեռը, «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվելու լեգալացնել միասեռականների միությունը, եւ դա ճանապարհ է բացելու միասեռականների ամուսնության օրինականացման համար»»,- գրում են կոնվենցիայի վավերացման ջերմեռանդ պաշտպանները եւ փորձում համոզել, որ դա այդպես չէ, եւ կոնվենցիայի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերն ու ստորագրահավաքը թյուրիմացության հետեւանք են: Անշուշտ, այս պնդումն ինքնին համոզիչ չէ: Երբ կոնվենցիայի ջատագովներին խնդրում ես ցույց տալ այն կետը, որ թույլ չի տալիս օրինականացնել միասեռ ամուսնությունները կամ խոչընդոտում է «3-րդ սեռ» հասկացության գրանցումը, չեն կարողանում, որովհետեւ չկա նման կետ ընդհանրապես: Իսկ եթե չի արգելվում, ուրեմն հնարավոր է, այդպես չէ՞:

Որպես ընտանեկան «ադաթներով» մեզ շատ մոտ ժողովրդի՝ բերում են վրացիների օրինակը: Ահա, Վրաստանը կոնվենցիային միացավ 2014 թվականին, 2017-ին վավերացրեց այն, եւ մինչ օրս այնտեղ միասեռ ամուսնություններ չեն գրանցվել: Սա նույնպես համոզիչ փաստարկ չէ: Վրաստանում կոնվենցիայի վավերացումից անցել է ընդամենը 2 տարի, բայց ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կարող է տեղի ունենալ 5, 10, 15 տարի հետո: Բանն այն է, որ տարբեր երկրներ, որոնցում օրինականացված է միասեռ ամուսնությունը, միանգամից չեն հասել այդ «հաջողությանը», այլ աստիճանաբար, գրեթե աննկատ, բանաստեղծի ասած՝ «հուշիկ քայլերով»:

Կոնվենցիայի կողմնակիցները սիրում են փաստերով խոսել: Օրինակ, ասում են. «Վրաստանում 2017 թվականին 26 կնասպանության դեպք է գրանցվել, որից 14-ը՝ ընտանեկան բռնության արդյունքում, իսկ 2018-ի 9 ամիսներին ընդամենը 11 կնասպանության դեպք է գրանցվել»: Այսինքն՝ տեսա՞ք, դեռ կոնվենցիան չվավերացված՝ Վրաստանում կնասպանության դեպքերը կիսով չափ ու մի բան էլ ավելի նվազել են: Այո, բայց դա ընդամենը վիճակագրություն է, որը դեռ չի ապացուցում կոնվենցիայի բարերար ազդեցության փաստը: Կարո՞ղ եք ապացուցել, որ վրացի տղամարդիկ կանանց վրա ձեռք բարձրացնելուց առաջ մի հատ էլ «ստամբուլյան կոնվենցիան» են կարդում եւ նոր միայն որոշում՝ ինչ անել:

Ծիծաղելի իրավիճակներ այս կոնվենցիայի հետ կապված՝ ինչքան ուզեք, բայց չկա որեւէ լուրջ բացատրություն, թե ինչու պետք է այն պարտադրել, եթե տղամարդն իր երկրի օրենսդրությամբ էլ տեղեկացված է, որ ինքն ու իր կինը հավասար իրավունքներ ունեն, որ կնոջ, ինչպես նաեւ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքում կենթարկվի ամենախիստ պատասխանատվության: Հետեւաբար, կուզենայինք իմանալ՝ Ստամբուլյան կոնվենցիայի իմաստը ո՞րն է, միթե տղամարդկանց եւս մեկ անգամ «բռնություն չկիրառելու» մասին հիշեցնելը կամ, ինչպես առանձին հասարակական կազմակերպություններ եւ իրավապաշտպաններ են պնդում՝ կանանց եւ ընտանիքի անդամների նկատմամբ բռնության դեմ պայքարն ավելի ուժեղացնելը: Եթե միայն դա է այս ողջ իրարանցման պատճառը, ապա կարելի է առանց այս ավելորդ գզվռտոցի էլ խստացնել համապատասխան հոդվածներով նախատեսված պատասխանատվությունը: Էլ չենք խոսում դպրոցներում ու բուհերում համակարգված քարոզչություն, հեռուստատեսությամբ օգտակար հաղորդումներ կազմակերպելու մասին, որոնք, վստահաբար, միայն դրական ազդեցություն կունենան ընտանիքներում բռնության դեպքերի կանխարգելման առումով:

Նկատենք նաեւ, որ «կանանց նկատմամբ բռնության կանխարգելման» մասին այս հուշագրում զգալիորեն անտեսված եւ ամենավատ գույներով է ներկայացված տղամարդը, որը, ի դեպ, կնոջ հետ հավասար իրավունքներ ունի իր երկրի սահմանադրությամբ: Հիմա, եթե հարցը զուտ սեռականությամբ է (ուժեղ եւ թույլ) պայմանավորված, ապա եկեք ուղղակի արգելենք տղամարդու եւ կնոջ միությունը, որովհետեւ ցանկացած պահի կարող են անախորժություններ ծագել, եւ տղամարդը (ուժեղը, վատը, չարը) բռնություն կիրառի կնոջ (գեղեցիկի, բարու, թույլի) նկատմամբ: Սակայն եկեք չմոռանանք, որ Ադամը նույնպես ուժեղ էր Եվայից, բայց դրախտում երբեք չի նեղացրել նրան, եթե չասեմ՝ երբ առաջին անգամ տեսավ Եվային, խելքը գնաց ու անչափ շնորհակալ եղավ տեր Աստծուց: «Բռնությունները», փաստորեն, ծայր են առել արդեն երկրային կյանքում: Արդ, ուրեմն, վատ չէր լինի, որ մեզ «ստամբուլյան կոնվենցիա» դեմ տվողները նաեւ խորանային բռնություն ծնող պատճառների մեջ եւ այդ պատճառները վերացնեին առաջին հերթին: Այլապես, տղամարդուն «սեւացնելով»՝ մարդկությունը հաստատ սխալ տեղում կարող է հայտնվել հետագայում:

Կարելի է անվերջ պնդել, որ մեզանում ձեւավորված ընտանեկան ավանդույթներն ու մեր ազգային արժեհամակարգը թույլ չեն տալիս հասկանալ, թե ինչ երջանիկ կյանք է մեզ սպասվում «ստամբուլյան կոնվենցիան» ընդունելուց հետո: Սա սխալ մատնանշում է: Ոչ մի ազգ, ինչպիսին էլ լինեն նրա ավանդույթները, երբեք դեմ չի լինում լավին ու առաջադիմականին: Ավելին ասեմ՝ լավի ու առաջադիմական փորձի փոխառություններով են ազգերը գոյատեւում: Մենք քի՞չ բան ենք վերցրել մեր հարեւաններից ու տվել, մենք քի՞չ ենք օգտվել եվրոպական ու համաշխարհային քաղաքակրթություններից: Պատկերացրեք, օրինակ, որ մենք ընդդիմանայինք գեղեցիկ եւ հարմարավետ ավտոմեքենաների ներմուծմանը, որովհետեւ մեր ազգային ավանդույթներից մեկն էլ էշ ու ձի պահելն էր: Այո, դա առաջընթաց էր, եւ մեզ ոչ մի կոնվենցիայով պետք չէր բացատրել, որ չի կարելի ընդդիմանալ դրան: Բայց Ստամբուլյան կոնվենցիայում խոսքն ընդամենը բարոյական խորթ արժեքների մասին է, որոնք մեզ ուղղակի պետք չեն, բայց մեզ շարունակ համոզում են, որ ընդունենք դրանք:

Երբ Վրաստանը վավերացրեց կոնվենցիան, բողոքի ցույցեր տեղի չունեցան՝ ասում են ստամբուլյանի կողմնակիցները եւ հավելում՝ ինչ է, վրացիները հայերից պակա՞ս ավանդապաշտ են: Մենք չենք տիրապետում այն ինֆորմացիային, թե Վրաստանի իշխանություններն ինչպես են «սղղացրել» կոնվենցիան, բայց փոխարենը տեղյակ ենք, որ բոլորովին վերջերս, այսինքն՝ վավերացված եւ գործողության մեջ դրված կոնվենցիայի պայմաններում, Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույցեր տեղի ունեցան, երբ էկրաններին հայտնվեց «Իսկ հետո մենք պարում էինք» ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին պատմող ֆիլմը:

Այդ ցույցերի արդյունքում հրաժարական տվեց Վրաստանի ԿԳՄՍ նախարարը: Վրաստանում կոնվենցիան արդեն գործում էր, երբ Թբիլիսիի մետրոյում ծեծի ենթարկեցին կասկածելի արտաքինով եւ ականջօղերով մի երիտասարդի: Գուցե մեզ փորձեն համոզել նաեւ, որ Վրաստանում կոնվենցիան անաղմուկ վավերացվեց, որովհետեւ այն կապ չունի սեռական փոքրամասնությունների նկատմամբ վրացական հանրության մերժողական վերաբերմունքի հետ, բայց դա այդպես չէ, քանի որ թե՛ ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմ ցուցադրողները, թե՛ ԿԳՄՍ նախարարը եւ թե՛ հանրային վայրում անբռնազբոսիկ պահվածքով աչքի ընկած անհայտ սեռի երիտասարդը հաստատ ոգեւորված էին մեկ բանից՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից: Եվ, ուրեմն, արձանագրենք, որ եթե մեր իշխանությունները մտածում են վավերացնել կոնվենցիան, ապա պետք է հիշեն, որ հայերն էլ վրացիներից պակաս ավանդապաշտ չեն, ու հետեւանքները կարող են նույնքան ցավոտ լինել:

Եվ ավարտեմ «կնասպանության» դեպքերի վիճակագրության սիրահարներին ուղղված մի փոքրիկ խնդրանքով՝ եթե երբեւէ բարեհաճեք զբաղվել «տղամարդասպանության» դեպքերի հաշվարկով, ապա չմոռանաք խանդի հողի վրա ինքնասպանություն գործած, սեփական կնոջ «ձեռը» ինֆարկտի հասած տղամարդկանց թվին ավելացնել նաեւ կանանց պատճառով մղված պատերազմներում զոհված հերոսներին: Մարդ ես, էլի, մեկ էլ տեսար՝ Եվրոպայի խորհրդում մի հուշագիր էլ տղամարդկանց համար գրեն:

ՀԳ. Այս հոդվածի միտք բանին, անշուշտ, Ստամբուլյան կոնվենցիան չէր, ոչ էլ տղամարդկանց իրավունքների պաշտպանության հարցը: Խոսքն ավելի լուրջ բանի՝ Եվայի արարման մասին է: Աստված միանգամայն բարի նպատակներով է ստեղծել նրան եւ ոչ թե Ադամին հակադրելու կամ պատժելու: