Արցախցիները չպետք է սփյուռքահայ դառնան, պետք է ամեն ինչ անենք. Վիքի Մարաշլյան

Արցախցիները չպետք է սփյուռքահայ դառնան, պետք է ամեն ինչ անենք. Վիքի Մարաշլյան

Արցախցիների բռնի տեղահանության առաջին իսկ օրից աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանեցին ՀՕՄ-ի տարբեր կառույցների պատասխանատուներ, ատենապետեր եւ բռնի տեղահանվածներին հենց Գորիս քաղաքում սկսեցին ցուցաբերել առաջին հումանիտար օգնությունը: Այս օրերին նրանք շարունակում են Հայաստանում իրենց գործունեությունը ծավալել` Արցախի ՀՕՄ-ուհիների հետ համագործակցելով եւ օգնություն ցուցաբերելով ոչ միայն մայրաքաղաքի ՀՕՄ-ի գրասենյակում, այլեւ մարզերում: 

Վիքի Մարաշլյանը ցավով է արձանագրում, որ Արցախից բռնագաղթածները հոգեկան շատ ծանր վիճակում են գտնվում, եւ ժամանակ ու հոգեբանական աջակցություն է անհրաժեշտ, որ նրանք դուրս գան այդ հոգեվիճակից: Իսկ մինչ այդ ՀՕՄ-ի գրասենյակներում մարդիկ հաշվառվում են, ներկայացնում իրենց սոցիալական կարիքները եւ ստանում համապատասխան օժանդակություն: 

«Առաջնահերթ պետք է լուծենք նրանց կեցության, առաջին կենսական խնդիրները, հետո կանցնենք հոգեբանական աջակցությանը, ավելի խորքային լուծումներ գտնելու նրանց խնդիրներին».- «Սփյուռքի ձայնի» եթերում ասում է տիկին Մարաշլյանը, ում պատասխանատվության տակ գտնվող Արեւմտյան թեւը արդեն հանգանակել է 150 հազար ԱՄՆ դոլլար: Ատենապետը համոզված է, որ գալու է մի օր, երբ բոլոր արցախցիները վերադառնալու են իրենց տները.«Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ նրանք չհեռանան նաեւ Հայաստանից, մնան այստեղ, չհամալրեն սփյուռքահայերի շարքերը: Իրենք չեն ուզում հեռանալ, բայց չհեռանալու համար անհրաժեշտ պայմաններ են պետք: Մենք՝ սփյուռքը, Հայաստանը, պետք ամեն ինչ անենք, որ այս մարդիկ մնան Հայաստանում»:

Վիքի Մարաշլյանի  հարցազրույցը «Սփյուռքի ձայնի» հետ դիտեք ՀրապարակTV.am-ի եթերում, շաբաթ օրը երեկոյան: