Տեսա՞ր ինչ եղավ

Տեսա՞ր ինչ եղավ

Լրանում է 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովի 2 տարին։ Մեր նորագույն պատմության այդ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության» առաջնորդը սադրեց՝ «իշխանությունն անշրջելիորեն ժողովրդին վերադարձնելու», իսկ մեր համոզմամբ՝ ստահոդ խոստումներով նվաճած իշխանությանն օրինական տեսք տալու նպատակով։ Իր նախընտրական ծրագրում «Իմ քայլը» դաշինքն առարկություն չհանդուրժող պոռոտախոսությամբ 2 տարի առաջ հռչակեց, թե «լիարժեք կատարել է ժողովրդի առաջ իր ստանձնած բոլոր պարտավորությունները»՝ այդպիսին համարելով Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումն իշխանությունից, ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ անելը (իբրեւ ապացույց էին բերվել Երեւանի ավագանու եւ ՏԻՄ նախընթաց ընտրությունները), անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ, արհեստական տնտեսական մենաշնորհների, արտոնյալների վերացումը, օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովումը: 

2018թ․ մայիս-նոյեմբերի կառավարման 7-ամսյա շրջանի նման «շլացուցիչ» հաշվետվությամբ եւ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» ամպագոռգոռ կարգախոսով «ԻՔ»-ն ԱԺ-ում գրավեց 88 աթոռ, որպեսզի տնտեսական հեղափոխություն անի ու Հայաստանն էլ արդյունաբերական, տեխնոլոգիական, բնապահպանական բարձր չափանիշների երկիր դարձնի։ 
Խիստ կարեւոր է նաեւ հիշեցնել ԱԺ իմքայլական մեծամասնությանը՝ 2 տարի առաջ տված ու դրժած խրոխտ խոստումն առ այն, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները պարտավորվում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ «լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է՝ որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված լինել գործունեության այնպիսի տեսակով, որն ուղղակիորեն ծառայում է Հայաստանի ռազմական հաջողության ապահովմանը»։ 
Բայց, ինչպես հայտնի երգում է ասվում, տեսա՞ր ինչ եղավ։ Հիմա, ողբալով իրենց հազարավոր զավակների ու կենսական տարածքների կորուստը, մարդիկ շվարած հարց են տալիս՝ ո՞ւր մնացին 2 տարի առաջ խոստացած «արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը»: Ինչո՞ւ իշխանությունը չկատարեց քաղաքացիների առաջ ստանձնած իր հիմնական պարտավորությունը՝ նրանց անվտանգության ապահովումը, պաշտպանությունն արտաքին ագրեսիայից (ի դեպ՝ նաեւ համաճարակներից)։ 

Իշխանությունը խաբեց ամենքին եւ ամեն ինչում։ ԱԺ-ում մեծամասնություն կորզելու մարմաջով տարված՝ խոստացավ, թե ԼՂ հարցի կարգավորման «որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Արցախի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ», թե «առանց Արցախի համաձայնության, կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված»: Իշխանության հանցավոր թողտվությամբ չկանխվեց պատերազմը, մինչդեռ 2 տարի առաջ վստահեցնում էր՝ «միայն խաղաղ բանակցային ճանապարհը կարող է հանգեցնել ԼՂ հակամարտության կայուն լուծման», թե Արցախը «պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղության հաստատման գործընթացում»։ Ուշագրավ է, որ 2 տարի առաջ ներկա իշխանական պատգամավորները հավաստիացրել էին, որ իշխանության գալով՝ իրենք պարտավորվում են «քաղաքական պատասխանատվություն կրել հանրության առաջ ստանձնած պարտավորությունների չկատարման համար»: 

Արդ, պահն է ընդունել սեփական քաղաքական սնանկությունը եւ հեռանալ քաղաքական ասպարեզից։ Երբ նախընտրական խոստումները տապալվել են, կորսվել են տարածքներ ու կյանքեր, ի՞նչ ճանապարհ կա՝ ազատվելու ԱԺ ձախողված մեծամասնությունից։ Կամ հավատալ «ԻՔ»-ի 2 տարի առաջ արված հավաստիացմանը, որ «ժողովրդավարությունն իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է, փոփոխության իրական հնարավորությունը», կամ դուրս գալ փողոց ու համաժողովրդական ընդվզմամբ ազատվել հողատու ժամիշխանների տիրապետությունից: Եթե այս աղետը բավարար ակնառու չէ, որպեսզի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հրաժարական տա, ապա վճռականության պակասը մեր ժողովրդի գլխին կբերի նոր աղետ, որի պատասխանատուն արդեն կլինենք բոլորս։

Արա ՍԱՀԱԿՅԱՆ