Վարակը հիմնականում տարածվում է թաղումների ժամանակ․ համայնքի ղեկավար

Վարակը հիմնականում տարածվում է թաղումների ժամանակ․ համայնքի ղեկավար

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ևս կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Հատկանշական է, որ այս համայնքում մինչև վերջերս վարակի որևէ դեպք չէր գրանցվել։
«Հրապարակի» հետ զրույցում Ձորագյուղ համայնքի ղեկավար Լևիկ Գրիգորյանը նշեց, որ վարակի  առաջին դեպքն իրենց համայնքում գրանցվել է մոտ մեկ շաբաթ առաջ։

«Դե մինչև այս չկար, բայց հիմա արդեն կա։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ հիմնականում վարակը տարածվում է թաղումների ժամանակ։ Համայնքից ոնց որ գնացել են Արարատյան դաշտավայր՝ թաղման։ Այս պահի դրությամբ համայնքում արդեն ունենք 10 վարակակիր, ոչ բոլորն են այդ թաղման տեղից, տարբեր թաղամասերից են։ Հետաքրքիր է, որ դրանց մի մասը գյուղի մի ծայրում է, մյուս մասը՝ մյուսում»,- ասաց համայնքապետը։

Նրա խոսքով՝ այս պահին փորձ է արվում ճշտել վարակակիրների շփման շրջանակը, չի բացառում, որ վարակակիրների թիվն աճի։

Գրիգորյանը պնդում է, որ ինչպես տարածաշրջանի այլ համայնքներում, իրենց մոտ ևս փորձում են դիմակայել։

«Մեր համայնքը, ինչպես գիտեք, հիմնականում զբաղված է արտագնա աշխատանքով։ Շատերն արդեն գնացել են, բայց գյուղում կան մնացածներ, ովքեր, այսպես ասած, խնդիր ունեն։ Գյուղում մշտապես բնակիչների հետ բացատրական աշխատանքներ են տարվում, որ պետք է անպայման հետևել պահանջներին, դիմակ կրել։ Ես էլ, հենց այս պահին գյուղից դուրս եմ եկել, բայց կրկին դիմակ եմ կրում»,- ասաց Լևիկ Գրիգորյանը։

Նա հավելեց, որ համայնքի՝ կորոնավիրուսով վարակված բնակիչներին տեղափոխել են թե մայրաքաղաք, թե Արտաշատ։ 

«Վարակվածների տարիքը հստակ չէ, կարծում եմ՝ 35-ից մինչև 70»,- ասաց Գրիգորյանը։