Մոսկովյան հանդիպմանը որևէ թուղթ չի քննարկվել․ Աննա Նաղդալյան

Մոսկովյան հանդիպմանը որևէ թուղթ չի քննարկվել․ Աննա Նաղդալյան

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի մասին ԱԺ արտահերթ նիստում նաև ասաց․ «Ասում են՝ Շուշին ծախել են. ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետեւ Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»:

Ասելով, որ այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այլ անցած 30 տարիներին, Նիկոլ Փաշինյանը դիտարկմանը, որ Շուշիի հարցը որեւէ բանակցային փաթեթի մաս չի կազմել, արձագանքեց՝ ասելով․ «Խոսում եք բանակցային փաթեթների մասին, իսկ որեւէ բանակցային փաթեթ կյանքի կոչվե՞լ է: Որ դեպքում է, որ որեւէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն: Վերջին 2,5 տարվա շփումները ինձ մոտ կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂ կարգավիճակից եւ տեսանելի  ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից»: Վարչապետը նաեւ քանիցս շեշտել է, որ բոլոր առաջարկների մեջ առկա էր Շուշին հանձնելու պահանջը։

Սրան հետևեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառումը, որ  խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Սա փաստորեն, նշանակում է, որ պաշտոնական Երևանը՝ ԱԳՆ-ն հակադրվում է պաշտոնական Երևանին՝ վարչապետին։  

Րոպեներ անց  հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ արտգործնախար Զոհրաբ Մնացականյանը։

Մեր տեղեկություններով՝ Շուշիի անունը հանձնվելիք քաղաքների ու շրջանների շարքում ներառվել է վերջերս՝ հոկտեմբերի 22 -ին, երբ Զոհրաբ Մնացականյանը երկու ժամով Մոսկվայում էր՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ։ «Հրապարակ» -ի հետ զրույցում Աննա Նաղդալյանը սա  հերքեց՝ ասելով, որ տեղեկություն չունի, որ այդ օրը նման փաստաթուղթ է քննարկել, և րոպեներ անց հետ զանգահարելով՝ առավել հստակ մանրամասնեց․«Մոսկովյան հանդիպմանը որևէ թուղթ չի քննարկվել»։

«Հրապարակ»-ը ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից նաև հետաքրքրվեց՝ պատահակա՞ն էր, որ ԱԳՆ հերքումը եղավ Մնացականյանի հրաժարականից առաջ, ինչո՞ւ այդ իրազեկումը եղավ հենց Զոհրաբ Մնացականյանի հրաժարականի օրը։

Խոսնակն ի պատասխան ասաց․«Ես պարզաբանել եմ գրություն Շուշիի վերաբերյալ, որ Շուշին որևէ փաստաթղթում չի եղել։ Իրար հետ պետք չի կապել։ Լրագրողների կողմից եղել է պահանջ՝ մեկնաբանել Շուշիի հարցը, ես դա մեկնաբանել եմ, ինչն իմ պարտականությունների մեջ է»։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու երեկ, ապա Նաղդալյանն ասում է՝ երեկ են հարցրել, երեկ է մեկնաբանել։

Հնարավո՞ր էր, որ ԱԳՆ-ն տեղյակ չլիներ, որ Շուշին ներառված է եղել հանձնման ենթակա շրջանների թվում։ Աննա Նաղդալյանն ասում է․«Ես ԱԳՆ խոսնակն եմ, արտահայտում եմ ԱԳՆ դիրքորոշումը, արտգործնախարարի և իմ ցանկացած մեկնաբանություն, հատկապես նրանք, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտությանը, համաձայնեցվում են նախարարի հետ»։