Խորխե Լուիս Բորխես. Ստվերի փառաբանություն

Խորխե Լուիս Բորխես. Ստվերի փառաբանություն

Հավերժական նվեր

Մի նկարիչ մեզ նկար խոստացավ։ 
Հիմա, Նոր Անգլիայում, գիտեմ, որ նա մահացել է։ 
Վերապրեցի, ինչպես եւ մյուս անգամները, թախիծն այն գիտակցման, որ մենք էլ ասես երազ լինենք: 
Մտածեցի մարդու եւ նկարի մասին՝ երկուսն էլ կորսված։ 
(Միայն աստվածները կարող են խոստանալ, քանզի անմահ են): 
Մտածեցի մի կանխորոշված տեղի մասին, որ կտավը չի´ զբաղեցնի։ 
Հետո մտածեցի՝ եթե այդտեղ լիներ, ժամանակի ընթացքում «եւս մեկ բան» կդառնար, մի իր, տան ունայնություններից կամ սովորություններից մեկը. այժմ այն անսահման է, անդադար, ունակ ընդունել ցանկացած ձեւ եւ ցանկացած գույն եւ կախված չէ պայմանականություններից:
Ինչ-որ կերպ, այնուամենայնիվ, գոյություն ունի: Կապրի եւ կծավալվի երաժշտության պես եւ ինձ հետ 
կլինի մինչեւ վերջ: Շնորհակալություն, Խորխե Լարկո¹։ 
(Մարդիկ նույնպես կարող են խոստանալ, քանզի խոստման մեջ ինչ-որ անմահ բան կա):

¹Խորխե Լարկո - արգենտինացի նկարիչ, դեկորատոր

Հատվածներ Ապոկրիֆ ավետարանից

3. Դժբախտ է հոգով աղքատը, քանզի հողի տակ կլինի նույնը, ինչ հիմա՝ հողի վրա է: 
4. Դժբախտ է նա, որ լաց է լինում, քանզի լալ ու թշվառ սովորությունն ունի արդեն։ 
5. Երանելի են նրանք, որ գիտեն` տառապանքը փառքի պսակը չէ: 
6. Բավական չէ լինել վերջինը, երբեւէ առաջինը լինելու համար: 
7. Երջանիկ է նա, ով չի պնդում իր ճշմարտացիությունը, քանզի կամ ոչ ոք, կամ բոլորն են ճիշտ։ 
8. Երջանիկ է նա, ով ներում է ուրիշներին, եւ նա, ով ներում է ինքն իրեն: 
9. Երանի հեզերին, քանզի նրանք չեն «իջնում» մինչեւ վիճաբանության։ 
10. Երանելի են նրանք, որ արդարության քաղցով չեն տառապում, քանզի գիտեն, որ մեր ճակատագիրը՝ անգութ, թե բարեհաճ, պատահականության գործն է, որ անքննելի է։ 
11. Երանելի են գթասիրտները, որովհետեւ նրանց ուրախությունը ողորմածություն անելն է եւ ոչ պարգեւի ակնկալիքը։ 
12. Երանելի են սրտով մաքուրները, քանզի տեսնում են Աստծուն։ 
13. Երանելի են նրանք, որ հալածվում են հանուն արդարության, քանզի արդարությունն ավելի են կարեւորում, քան իրենց մարդկային ճակատագիրը: 
14. Ոչ ոք երկրի աղը չէ, ոչ ոք, իր կյանքի որեւէ պահի, երկրի աղը չէ:
15. Եվ թո´ղ վառվի լամպի լույսը, եթե նույնիսկ ոչ ոք չի տեսնում այն։ Աստված կտեսնի: 
16. Չկա պատվիրան, որ չխախտվի, թե իմ ասածներից եւ թե նրանցից, որ մարգարեներն են ասել:
17. Ով սպանում է հանուն արդարության կամ մի պատճառով, որ համարում է արդարացի` մեղավոր չէ: 
18. Մարդկային արարքներն արժանի չեն ո´չ գեհենի եւ ո´չ էլ դրախտի: 
19. Մի´ ատիր թշնամուդ, քանզի եթե դա անում ես, ուրեմն ինչ-որ կերպ նրա ստրուկն ես: Ատելությունդ երբեւէ չի կարող ավելին լինել, քան խաղաղությունդ: 
20. Եթե աջ ձեռքդ ցավեցնում է քեզ, ներիր նրան. դո´ւ ես մարմինը եւ դո´ւ ես հոգին, դժվար կամ անհնար է գտնել դրանց բաժանող սահմանագիծը…
24. Մի´ չափազանցրու ճշտի պաշտամունքը. չկա մարդ, որ օրվա ընթացքում բազմիցս չստի` պատճառաբանված։ 
25. Մի´ երդվիր, քանզի յուրաքանչյուր երդում շեշտադրում է: 
26. Ընդդիմացիր չարին, բայց առանց զարմանալու եւ առանց բարկության: Աջ այտիդ հարվածողին կարող ես մյուսով դառնալ, մի´շտ, եթե վախը չէ այդ քայլին քեզ դրդողը։ 
27. Ես չեմ խոսում վրեժի կամ ներման մասին. մոռացումն է միակ վրեժն ու միակ ներումը։ 
28. Թշնամուդ լավություն անելը կարող է արդարամտության դրսեւորում լինել, եւ դա դժվար չէ. սիրել նրան՝ հրեշտակների խնդիրն է եւ ո´չ մարդկանց: 
29. Թշնամուդ լավություն անելը սնապարծությունդ բավարարելու լավագույն միջոցն է: 
30. Ոսկի մի՛ կուտակիր երկրի վրա, որովհետեւ ոսկին զվարճանքի հայրն է, իսկ զվարճանքը՝ տխրության եւ ձանձրույթի։
 31. Մտածիր, որ մյուսներն արդար են կամ կդառնան այդպիսին, իսկ թե այդպես չէ, ապա սխալը քոնը չէ: 
32. Աստված մարդկանցից ավելի առատաձեռն է եւ նրանց «կչափի» այլ արշինով: 
33. Լավագույնը տվեք շներին, մարգարիտները գցեք խոզերին. կարեւորը տալն է: 
34. Փնտրի´ր ոչ թե «գտնելու», այլ «փնտրելու» հաճույքը: 
39. Դո´ւռը, նա է ընտրություն անողը, ոչ թե մարդը: 
40. Մի՛ դատիր ծառին իր պտուղներով եւ կամ մարդուն՝ իր գործերով. դրանք կարող են ավելի վատը կամ ավելի լավը լինել:
41. Ոչինչ քարի վրա չի կառուցվում, ամեն ինչ 
ավազի վրա է, բայց մեր պարտքն է՝ կառուցել այնպես, ասես ավազը քար լինի...
47. Երջանիկ է աղքատն առանց դառնության, իսկ հարուստն՝ առանց գոռոզության: 
48. Երջանիկ են քաջերը, որ ոգու կորովով են ընդունում թե´ պարտությունը, թե´ հաղթանակի դափնիները։ 
49. Երջանիկ են նրանք, որ հիշողության մեջ պահում են Վերգիլիոսի կամ Քրիստոսի խոսքերը, որովհետեւ դրանք կլուսավորեն նրանց օրերը։
50. Երջանիկ են սիրեցյալները եւ սիրահարները եւ նրանք, որ կարող են ապրել առանց սիրո:
51. Երջանիկ են երջանիկները:

Գրքերի պահապանը

Այնտեղ են այգիները, տաճարները եւ խորհուրդը 
տաճարների,
ճշմարիտ երաժշտություն եւ ճշմարիտ բառեր,
վաթսունչորս հեքսագրամ,
ծեսերը, որ իմաստնությունն են միակ,
որ Երկինքը շնորհում է մարդկանց,
Մեծարանքն այն Կայսեր,
ում վսեմաշուք փայլը սփռվեց աշխարհով մեկ,
այնպես որ դաշտերն իրենց պտուղներն էին տալիս,
իսկ հեղեղները ճանաչում էին իրենց սահմանները,
վիրավոր միաեղջյուրը, որ վերադառնում է վախճանը խորհրդանշելու,
հավերժական գաղտնի օրենքները,
տիեզերական համանվագը.
այդ ամենը կամ դրանց հիշատակումն է գրքերում,
որ պահպանում եմ աշտարակում:

Թաթարներն արշավեցին Հյուսիսից
թավաբաշ նժույգներ հեծած.
ոչնչացրին բանակները,
որ երկնքի Որդին ուղարկեց պատժելու համար նրանց դաժանությունը,
կրակե բուրգեր վեր խոյացրին եւ կոկորդներ կտրեցին,
սպանեցին նենգամտին եւ Արդարին,
սպանեցին շղթայված ստրուկին, որ դուռն էր հսկում,
տիրացան եւ մոռացան կանանց
եւ վարգեցին դեպի Հարավ.
անմեղ՝ ինչպես որսացու կենդանիները,
դաժան՝ ինչպես դանակները:
Հորս հայրը փրկեց գրքերը
երերուն լուսաբացին։
Ահա´ նրանք այն աշտարակում են, 
որտեղ ես հանգչում եմ,
հիշելով օրերը, որ ուրիշներինն էին՝ օտար եւ 
հեռավոր….

Իմ աչքերում օրեր չկան։ Դարակները
շատ են բարձր, եւ տարիներս չեն հասնում նրանց։
Փոշու եւ երազի շարասյուները շրջապատում են աշտարակը:
Ինչո՞ւ խաբեմ ինքս ինձ:
Ճշմարտությունն այն է, որ ես երբեք կարդալ 
չսովորեցի,
բայց մխիթարվում եմ մտածելով,
թե երեւակայականն ու անցյալն արդեն նույն բանն են
մի մարդու համար, որ կյանքն ապրել է
եւ գիտի, թե ինչ էր քաղաքը,
իսկ հիմա այն նորից անապատ է դառնում։
Ի՞նչն է խանգարում ինձ երազել,
թե ժամանակին վերծանել եմ իմաստնությունը
եւ ջանասեր ձեռքովս խորհրդանիշներ նկարել:
Իմ անունը Սյանգ է: Ես պահապանն եմ գրքերի,
որ գուցե վերջինն են,
քանզի ոչինչ չգիտենք Կայսրության
եւ Երկնքի Որդու մասին:
Ահա´ նրանք, բարձր դարակներում,
մոտ եւ հեռու՝ միաժամանակ,
գաղտնախորհուրդ եւ տեսանելի՝ ինչպես աստղերը:
Այնտեղ են այգիները, տաճարները։

Իրեր

Ձեռնափայտը, մետաղադրամները, բանալիների շղթան, 
հնազանդ կողպեքը, ուշացած նշումները, 
որ այդպես էլ չեն կարդացվի ինձ մնացած մի քանի օրերին,
խաղաքարտերն ու տախտակը,
մի գիրք եւ նրա էջերում՝ խունացած մանուշակը, 
հուշը մի անմոռանալի օրվա, անշուշտ՝ 
արդեն մոռացված, 
Արեւմուտքի կարմիր հայելին, ուր այրվում է 
պատրանքների լուսաբացը… ինչքա՜ն բան. 
խարտոցներ, շեմեր, քարտեզներ, բաժակներ, մեխեր,
մեզ ծառայում են որպես լռելյայն ստրուկներ՝ 
կույր եւ այնքա՜ն ծածկամիտ: 
Նրանք կշարունակվեն մեր մոռացության 
սահմաններից անդին. 
նրանք երբեք չեն իմանա, որ մենք հեռացել ենք…

«Ստվերի փառաբանություն» գրքից
Թարգմանությունն իսպաներենից՝  Աղավնի Գրիգորյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ