Ծառուկյանի պաշտպանները դեռ չեն որոշել՝ Վերաքննիչի որոշումը բողոքարկել, թե ոչ

Ծառուկյանի պաշտպանները դեռ չեն որոշել՝ Վերաքննիչի որոշումը բողոքարկել, թե ոչ

Ընդդիմադիր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչը դեռ չի ուղարկել նույն դատարան՝ վերաքննության։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

«Դրան բողոքարկման ժամկետներ գոյութուն ունի, դեռ պետք է որոշվի՝ Վճռաբեկ դատարան  բողոք տարվում է, թե ոչ։ Շաբաթ օրն եմ վերջին անգամ փոստը նայել, դեռ մեզ չէին ուղարկել, այսօր էլ դեռ չեմ նայել։ Ամեն դեպքում՝ ակնկալվում է, որ այս 2 օրվա մեջ կուղարկեն»,-ասաց պաշտպանը։

Նա նաեւ նշեց, որ պետք է ծանոթանան դատարանի որոշմանն ու պատճառաբանություններին, նոր միայն որոշեն՝ բողոքարկել Վճռաբեկ դատարան, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել էր Գ․ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: