Ինչ դինամիկա կունենա քաղցկեղով հիվանդացությունն աշխարհում՝ մինչեւ 2050 թվականը 

Ինչ դինամիկա կունենա քաղցկեղով հիվանդացությունն աշխարհում՝ մինչեւ 2050 թվականը 

Աշխարհում՝ սկսած 2022 թվականից մինչեւ 2050 թվականը քաղցկեղով հիվանդացության դեպքերը կաճեն 76,6 տոկոսով՝ 20 միլիոնից հասնելով 35,3 միլիոնի։ Այս մասին հայտնում են Ավստրալիայի Չարլզ Սթրետի համալսարանի մասնագետները։ Ուսումնասիրելով 36 տեսակի օնկոլոգիական հիվանդությունների հիվանդացության մակարդակը աշխարհի 185 երկրում եւ տարածքներում, մասնագետները նշել են, որ մահացությունը կաճի 89,7 տոկոսով՝ 9,7 միլիոնից հասնելով 18,5 միլիոնի։

Միաժամանակ, երկրից երկիր քաղցկեղով հիվանդացության դինամիկան խիստ տարբեր է, կախված մարդկային զարգացման ինդեքսի ցուցանիշից, որը ցույց է տալիս տվյալ երկրում ապրող մարդկանց հիվանդացության, եկամուտների եւ կրթական մակարդակի միջին ցուցանիշը։ Այսպես, Մարդկային զարգացման ցածր ինդեքս ունեցող երկրներում քաղցկեղով հիվանդացության նոր դեպքերը կարող են ունենալ 142,1 տոկոսի աճ, մահացությունն էլ կարող է հասնել 146,1 տոկոսի։ Մարդկային զարգացման բարձր ինդեքս ունեցող երկրներում հիվանդացության մակարդակը կաճի 41,7 տոկոսով, մահացությունը՝ 56,8 տոկոսով։

Հատկապես քաղցկեղով հիվանդացության դեպքերը կավելանան Աֆրիկայում։ Եվրոպայում ընդհակառակը՝ աճը կլինի ընդամենը 24,6 տոկոսով, մահացությունն էլ՝ 36,4 տոկոս։ Տղամարդկանց մոտ քաղցկեղով հիվանդացությունը կաճի 84,3 տոկոսով, մահացությունը՝ 93,2 տոկոսով։ Կանանց մոտ քաղցկեղով հիվանդացությունը կաճի 68,5 տոկոսով, մահացությունը՝ 85,2 տոկոսով։