Սիրիացի զինյալների չափ էլ չկաք
Ինչքա՜ն մտացածին միֆերով ենք մենք սնվել տարիներ շարունակ: Հենց միայն Արցախի, ազգային արժեքների, բանակի, դրանց համար հերոսական պայքարի մասին մեր բոլոր պատկերացումներն ու տաբուները, պարզվեց` հիմնականում հորինված են: Բավական է հայտնվեր մի Նիկոլ, եւ այդ բոլորը կարող էին մի քանի տարում փոշիանալ: Բայց շատ ուրիշ կաղապարներ էլ կան մեր հանրային պատկերացումներում: Եկեք դրանցից մեկի մասին խոսենք: 5-6 տարի է՝ ընդդիմությունը պայքարում է ՔՊ-ի եւ նրա առաջնորդի դեմ: Պայքարում է զգուշավոր եւ խիստ օրինական ու հաշվարկված քայլերով: Անգամ պատերազմից հետո, երբ մարդիկ շոկի մեջ էին, եւ բոլորը միաբերան իշխանափոխություն էին պահանջում, բոլոր նրանք, ովքեր կարող էին մտնել կառավարություն եւ պաշտոնանկ անել պատերազմում պարտված իշխանություններին, մի «երկաթե» փաստարկ էին բերում, թե աշխարհը չի ընդունի նման իշխանափոխությունը:
Երբ բանակի գեներալները` ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ, հայտարարություն արեցին եւ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, շատերն էին ասում` ոչ թե հայտարարություն է պետք անել, այլ՝ գործողություններ: Բայց մեր զինվորականները, քաղաքական գործիչները, մտավորականները` բոլորը, վախենում էին միջազգային հանրության արձագանքից եւ չգնացին կտրուկ քայլերի, այլ թույլ տվեցին, որ իրենց հատիկ առ հատիկ կոտրեն, ծեծեն, նվաստացնեն, նստեցնեն, աշխատանքից ազատեն: Հիմա այդ մարդիկ գոնե հետեւո՞ւմ են սիրիական դեպքերին: Տեսնո՞ւմ են, թե ինչպես է աշխարհը հաշտվում զինյալ հանցագործների՝ իշխանության գալու հետ: Ինչպես են ողջունում դրսից հովանավորվող ընդդիմության հաղթանակը, ինչպես են պետության գլխին կարգում նրանց, որոնց համար ժամանակին գլխագին էին առաջարկում եւ ցմահ բանտարկությամբ սպառնում: Այո, հաղթողներին չեն դատում:
Կարծիքներ